Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ
17:35 - 18 ապրիլի, 2019

Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ

2019 թվականի մարտի 22-ի թողարկման մեջ «Իրատես» թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։

Նույն օրը, ի պատասխան լրագրողների հարցին, Վանեցյանը հերքել էր այդ տեղեկատվությունը․ «Եթե ես սկսեմ իմ մասին, ինչ գրում են դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև ուղղակի օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ»:

Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի մասնակցությամբ «Էյ Բի Էքսպորտ» ընկերության մասին դեռևս անցած տարվա մայիսին գրվել էր «Հետք»-ի կողմից․ 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է):

Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը: Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

«Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում 310-րդն է։ Ուսումնասիրելով ընկերության կողմից վճարված հարկերը պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ վճարվել է 527․992․000 դրամ հարկ (աղբյուրը՝ ՊԵԿ պաշտոնական կայք), որից 37․067․000 դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, 490․925․000 դրամը մաքսային մարմինների կողմից, որից շահութահարկը՝ 20․429․000 դրամ, եկամտահարը՝ 1․128․000 դրամ, ԱԱՀ-ն՝ 331․908․000 դրամ, Ակցիզային հարկը՝ 83․407․000 դրամ, այլ հարկեր և վճարներ՝ 91․030․000 դրամ։

Համադրելով ընկերության վճարած ակցիզային հարկի ընդհանուր չափը մեկ տոննա դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի հետ՝ պարզ է դառնում, որ ընկերությունը 2018թ.-ի ընթացքում ներկրել է ընդհանուր առմամբ 6416 տոննա դիզելային վառելիք։ Ընդ որում՝ դրանից 1676 տոննան ներկրվել է II-IV եռամսյակների ընթացքում, այսինքն՝ հետհեղափոխական Հայաստանում։

Հետևաբար Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ՝ առնվազն դիզելային վառելիքի մասով։

Ինչևէ, սպասենք 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել