Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
15:43 - 15 ապրիլի, 2020

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին․

«Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պրն․ Արայիկ Հարությունյանին Հարգելի’ պարոն Հարությունյան, Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաև մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության և համաչափության ապահովման պատասխանատվությունը։

Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։

Հարգելի պարոն Հարությունյան, Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն և լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և հանուն մեր համահայկական իղձերի կատարման։

Ձեր այս առաքելության մեջ Ձեզ մշտապես սատարելու պատրաստակամությամբ՝ Արարատ Միրզոյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել