Արարատ Միրզոյանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ նիստին՝ արտակարգ դրության հարցով
13:24 - 16 մարտի, 2020

Արարատ Միրզոյանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ նիստին՝ արտակարգ դրության հարցով

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին, գրել է Facebook-ի իր էջում ԱԺ նախագահը՝ տեղեկացնելով նաև, որ ԱԺ աշխատակազմին հրահանգել է պատրաստվել հնարավոր նիստին։

«Ստորև տեղադրում եմ ԱԺ կանոնակարգ  սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված», - գրել է Արարատ Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել