Արամի 23-ի վերականգնման հարցը հանգուցալուծում չի ստանում. շահագրգիռ կողմերն անդրադարձել են խնդրին |armenpress.am|
15:17 - 13 հունվարի, 2020

Արամի 23-ի վերականգնման հարցը հանգուցալուծում չի ստանում. շահագրգիռ կողմերն անդրադարձել են խնդրին |armenpress.am|

armenpress.am:  Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը, որտեղ երկար տարիներ գործունեություն էր ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ճանաչում ունեցող երգչախումբը, ավելի քան մեկ տարի անմխիթար վիճակում է:

«Շենքն այժմ այն վիճակում է, որում հայտնվեց նախորդ տարվա հունվարի 11-ին` դրա հարևանությամբ ծավալված շինարարական գործողությունների արդյունքում: Երբ այն փլուզվեց, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ դա անհեթեթ և անհիմն քաշքշուկների հետևանք էր: Կարծում եմ` այն չի վերակառուցվում կամ անհեթեթ քաշքշուկների, կամ միտումնավոր քաշքշուկների արդյունքում»,- հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքով` մինչև շենքի փլուզվելը, երբ շենքի պատը սկսել է հեռանալ, առնվազն երեք անգամ դիմել են բոլոր ատյաններին, և միակ կառույցը, որը մշտապես իրենց հետ շենքի պահպանման համար պայքարել է, ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալությունն է:

Հեքեքյանն ընդգծեց, որ հարցը շատ խրթին է. անհրաժեշտ էր պահպանման նախագիծ իրականացնել: Նախագծի համար Հեքեքյանը դիմել է իտալական ճարտարապետական կազմակերպության, որոնք նախագիծը ներկայացրել են ՀՀ ԿԳՄՍ: «Նախարարությունն արագ տվեց թույլտվությունը, հետո՝ քաղաքապետարանը։ Մարտի 19-ին ենք դիմել, իսկ պատասխանը ստացել ենք հունիսի 26-ին։ Երբ քաղաքապետարանը տվեց թույլտվությունը, ասացինք՝ եկեք կողմ դառնանք։ Քաղաքապետարանը դեմ չէ, իտալացիները դեմ չեն, «Ի Էմ Սի» կազմակերպությունը, որը կատարել էր կառուցապատման աշխատանքները Արամի 23-ի հարևանությամբ գտնվող տարածքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզումը, ասաց, որ կմտածեն: Առ այսօր մտածում են»,- պատմեց Հեքեքյանը։ Նրա խոսքով` ԿԳՄՍ նոր նախարարը շահագրգիռ կողմերին խորհրդակցության է հրավիրել և որոշվել է, թե իտալացիների նախագիծը լավը չէ, թանկ է։

«Հայտնվում է պարոն Սրմաքեշի շինարարը և ասում՝ երկու օրում նոր նախագիծ կտան։ Երկու օրից անցավ երկու ամիս և ավելի, ինչ-որ նախագիծ բերեցին, նախագիծը չընդունեց։ Վերջում որոշեցին, որ իտալացիների նախագծով կանենք։ Այնուհետև՝ պարոն Սրմաքեշի շինարար ներկայացողը դիմել է քաղաքապետարան և նախագիծը հաստատման ներկայացրել։ Քաղաքապետարանն այն հաստատել է, սակայն, նախագիծը տրվել է մեր անունից՝ առանց մեր իմացության։ Թույլտվության մեջ նշված է, որ կառուցապատողը «Հայ փոքրիկ երգիչներն» են, ճարտարապետը՝ իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունից է, հեղինակային հսկողն էլ Դավիթ Նահատակյանը։ Ոչ «Լուչիո Սպեկան» գիտի դրա մասին, ոչ էլ Դավիթը»,-իրավիճակը ներկայացրեց երգչախմբի ղեկավարը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ ասաց, որ նախարարությունը մշտապես փորձել է պահպանել շենքը: «Վերջին նախագիծը ներկայացվել է մեկ կամ երկու ամիս առաջ, արդեն հաստատվել է նախարարության կողմից, և նախարարությունը շենքի վերականգնման դրական եզրակացությունը տվել է շենքի վերականգնման տվյալ նախագծին»,-շեշտեց Խաչատուրյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով երգչախմբին, ասաց, որ քաղաքապետարանի, համայնքի համար երգչախմբի գոյությունը շատ կարևոր նշանակություն ունի, արժեք է, և քաղաքապետարանն իր պարտավորությունների տիրույթում ձգտել է խնդրին լուծում տալ: Շենքի փլուզումից հետո քաղաքապետարանը զբաղվել է տարածքի հարցով, և նրանց գործունեության համար առաջարկվել են տարբեր տարածքներ` օրինակ Պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքը և այլն»,-ընդգծեց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ երգչախումբը փորձեր է անում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շենքում, որի տնօրենն է Տիգրան Հեքեքյանը:

Խոսելով շենքի հետ կապված հետագա անելիքների մասին` քաղաքապետի մամուլի խոսնակը շեշտեց, որ կատարելու են իրենց գործառույթները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել