Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ է առաջադրվել
11:52 - 02 մայիսի, 2019

Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ է առաջադրվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: 

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ խոչընդոտել «Հանրային Ռադիո»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Մինչդատական վարությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հնագամանքներ, զանգվածային անկարգություններին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:

Նրանցից մեկը Ավան վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ա.Գասպարյանն է՝ ծնված 1983թ., մյուսը՝ նույն վարչական շրջանի աշխատակազմի ԵՀՀ բաժնի առաջին կարգի մասնագետ Կ.Տոնոյանը՝ ծնված 1985թ., իսկ երրորդը՝ Երևանի քաղաքապետարանի ՀԿՊԾ տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Է.Պետրոսյանը՝ ծնված 1985թ.:

Նախաքննության տվյալներով՝ նշված օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվել է բողոքի ակցիա՝ զուգորդված խաղաղ հավաքի իրականացմամբ։

Կազմակերպված խաղաղ հավաքներին մասնակցելու և հավաքված անձանց ազատ տեղաշարժման իրավունքները սահմանափակելու, Երևան քաղաքի Կենտրոն ուղևորվող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ 2018թ. ապրիլի 22-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փողոցի խաչմերուկում՝ «Ֆորդ» ավտոսերվիսի մոտ, կազմակերպվել են բռնությամբ և ջարդով զուգորդված, զանգվածային անկարգություններ, որի ընթացքում, մասնակիցների ինքնությունները թաքցնելու, հասարակության անդամների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, զանգվածային անկարգության մասնակիցներին բաժանվել են բժշկական դիմակներ և մահակներ, դիտավորությամբ վնասվել են քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներ, ինչպես նաև խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զանգվածային անկարգությունները լուսաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրող Վրույր Թադևոսյանը և իր մոտ գտնվող «IPad Air 2» մոդելի պլանշետով սկսել է իրականացնել ուղիղ հեռարձակում դեպքի վայրից:

Զանգվածային անկարգության մասնակիցները, տեսնելով, որ ուղիղ եթերով լրագրողը հեռարձակում է իրենց գործողությունները, պահանջել են, որ նա դադարեցնի տեսանկարահանումը: Լրագրողն իր մասնագիտական գործառույթները շարունակելու համար ներկայացել է որպես լրագրող և հրաժարվել կատարել նրանց պահանջը, ինչին ի պատասխան՝ զանգվածային անկարգության մասնակիցները քաշքշուկ են ստեղծել, որի ընթացքում գործով չպարզված անձինք վերցրել են նրա պլանշետը և բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար ապացույսների հիման վրա՝ Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է.Պետրոսյանին և Կ.Տոնոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը 3 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել