Առերեսում եղել է, բայց ոչ Դավիթ Սանասարյանի հետ. Փաստաբանները՝ քրեական գործի նախաքննության մասին |aysor.am|
08:02 - 26 ապրիլի, 2019

Առերեսում եղել է, բայց ոչ Դավիթ Սանասարյանի հետ. Փաստաբանները՝ քրեական գործի նախաքննության մասին |aysor.am|

aysor.am։ Պետական վերահսկողական ծաառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննության շրջանակներում կատարվել են որոշակի քննչական գործողություններ, տեղեկացրեց Սանասարյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

«Այս մի քանի օրը որոշ դադար կա, քննչական գործողություն չի կատարվում։ Իրենք կարևորը իրենց գործը արեցին, այդ պահի դրությամբ հասան իրենց նպատակին՝ Սանասարյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրեցին ու նրա պաշտոնավարումը կասեցրին։ Մնացածը երևի թե այդքան էլ չեն կարևորում», - մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբանը։

Պետրոսյանը, սակայն, չմասնավորեցրեց՝ ինչ քննչական գործողություններ են իրականացվել։

Տիկին Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննչական գործողությունների շրջանակում առերեսում է կատարվել Գևորգ Խաչատրյանի և Դավիթ Սանասարյանի միջև, սակայն փաստաբանը չմանրամասնեց. «Ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել, թե մենք ինչ գործողություն ենք կատարել։ Դեռևս նախաքննություն է գնում։ Իհարկե, քննչական գործողություններ կատարվել են, բայց կոնկրետանալ չէի ցանկանա»։

 Այս հարցի վերաբերյալ հստակություն մտցրեց Գևորգ Խաչատրյանի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ Գևորգ Խաչատրյանի հետ առերեսում կատարվել է, սակայն այդ անձը Դավիթ Սանասարյանը չի եղել։

Նախ փաստաբանը հերքեց տեղեկությունները, որ իր պաշտպանյալը համագործակցել է նախաքննական մարմնի հետ՝ դրանք որակելով «շուկայական խոսակցություններ» և հետո հավելեց. «Առերեսում եղել է որևէ մեկի հետ, բայց կոնկրետ Դավիթ Սանասարյանի հետ չի եղել։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Ում հետ որ եղել է քննչական գործողություն է, որի վերաբերյալ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»։

Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանը կտրականապես հրաժարվեց քրեական գործի ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել և ասաց, որ իր պաշտպանյալը չի ցանկանում լրատվամիջոցներին ներկայացնել որևէ բան այդ գործից։ «Դա նրա իրավունքն է, և ես պարտավոր եմ հարգել այն», - ասաց փաստաբանը։

Այս քրեական գործով Դավիթ Սանասարյանի մեղադրանքը համեմատաբար թեթև է. նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Իսկ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, իսկ քրեական գործը՝ սարքած։

«Մեղադրանքը պաշտպանում է մի գլխավոր դատախազ, որը մինչև հիմա քրեական հետանդման է ենթարկում Անդրիաս Ղուկասյանին։ Ոչինչ չունեմ նրան պատասխանելու։ Իմ կարծիքը նրա մասին անփոփոխ է, ինքը պետք է հեռանա այդ համակարգից», - ասաց փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել