Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան
22:37 - 15 մարտի, 2020

Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի երկրորդ թեստի պատասխանն էլ է բացասական եղել, ինչը նշանակում է, որ նա դուրս է գրվելու։

Վարչապետ տեղեկացրեց, որ ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք փոխկապակցված են: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 28 է։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ժամը 23։00-ից Էջմիածին քաղաքի 27 ելքերից բաց են լինելու միայն 3-ը՝ Էջմիածին-Երևան, Էջմիածին-Աշտարակ և Էջմիածին-Մասիս։ Քաղաքից դուրս գալուց առաջ բնակիչների ջերմությունը չափելու են, այն քաղաքացիները, որոնց մոտ նկատվելու է բարձր ջերմություն, ինքնամեկուսացվելու են։ 

Վարչապետն ու իր ընտանիքը շարունակում են մեկուսացած լինել Սևանում։

«Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունում կլինեն քննարկումներ՝ հետագա քայլերի, սպասվելիք հանրաքվեի վերաբերյալ։ 

«Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը , եթե անհրաժեշտ լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով վարակված պացիենտներին՝ վարչապետը նշեց, որ նրանցից միայն 2-ի մոտ է առկա թոքաբորբ, մյուսները կա՛մ պարզապես ջերմություն ունեն, կա՛մ նույնիսկ ջերմություն չունեն։

«Այս վիրուսը պակաս սարսափելի է, քան H1N1 վիրուսը։ Այս պահին որևէ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել