Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|
15:42 - 11 փետրվարի, 2020

Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մինչև աշուն 100 ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել, որովհետև շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց նա:

Անդրադառնալով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացրել մայթերի մաքրությունը:

«Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ  ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- ասաց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը հայտնեց, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկան գնել:

Մամուլն օրերս գրել էր, որ Հայկ Մարությանի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, նույնիսկ պաշտոնյաներ ընտրում: Այս հրապարակումների վերաբերյալ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին, բայց նաև հայտնեց, որ իր կինը և ընկերները օգնում են Երևանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում:

«Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել