Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն
08:07 - 22 մարտի, 2019

Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետություն այլևս հնարավոր չէ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հանձնաժողովի ղեկավար Անդրադնիկ Քոչարյանը Վանեցյանին ուղղված հարցում նշեց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ուներ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև՝ որոշ այլ պետական կառույցներ ու օլիգարխներ։

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն և թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», - ասաց Արթուր Վանեցյանը․

Նա նշեց՝ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։

«Հավաստիացնում եմ, որ իրականցնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Անդրադառնալով իր մասնակցությամբ հեռախոսազրույցների գաղտնալսմանն՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործով քննությունը շարունակվում է.

«Գաղտնալսման դեպքով հարուցված է քրեական գործ, Քննչական կոմիտեում և ես այդ գործով անցնող անձ եմ և փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննոթյան գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»։

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել