Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինությունը մեկնարկեց Լոռու մարզից |armtimes.com|
11:19 - 16 ապրիլի, 2019

Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինությունը մեկնարկեց Լոռու մարզից |armtimes.com|

armtimes.com։ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Արամայիս Եսայանը երկրաշարժից հետո մինչ օրս շարունակում էր ընտանիքով բնակվել վագոն տնակում: Տարիներ առաջ «Գլենդել հիլզ» ընկերությունը սկսեց տան շինարարությունը, որն այդպես էլ ավարտին չհասցվեց: 30 տարի շարունակ տնակում բնակվող Արամայիս Եսայանի համար բնակարան ունենալը այլեւս երազանք էլ չէր.

«Դակումենտները որ սկսեցինք դզել, էլի չէի հավատում, շատ շինանարություններ եմ արել, բայց իմի մասով հույս չունեի, որ կտեսնեմ, շինարարությունը կանգնեց, թողին գնացին, բայց այսօր ուրախ եմ, որ թոռներս ապահով տան մեջ կապրեն ու վերջապես դոմիկից դուրս կգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արամայիս Եսայանը:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները մեկնարկեցին այսօրվանից հենց Արամայիս Եսայանի տան շինարարությամբ:

Մեկնարկին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» Բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ նախագահ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:

ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1339-Ն որոշման համաձայն՝ 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Մինչև տարեվերջ 44 ընտանիքների համար անցյալում կմնան վագոն տնակում ապրելու հետ կապված ծանր հիշողությունները:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնկրետ այս ծրագրում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնց տվյալները ճշտված ու հստակեցված են, եւ հավելյալ գույքագրման կարիք չունեն. «Ում համար նախատեսված է եղել բնակարան կառուցել, բայց կիսատ է մնացել, պետության կողմից ֆինանսավորում է կատարվել, որպեսզի ավարտին հասցվեն այդ բնակարանները»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել