ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան
18:09 - 19 ապրիլի, 2019

ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր:

ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` որպես հիմնական զեկուցող, վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել Հարկային վարչարարության մասին, Ներքին ջրային տրանսպորտին եւ գնագոյացմանն առնչվող մոդելային օրենքների նախագծերը:

Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես մոդելային օրենսդրության մշակման գործընթացին:

Անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ ՄԽՎ առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից եւ գնահատվել լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարեւոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել