ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները
07:28 - 11 մայիսի, 2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում՝ փորձելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։

ԱԺ խոսնակն առաջարկում է օրենքով ամրագրել, որ խմբակցությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։

Առաջարկվում է նաև ամրագրել, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու:

Այն դեպքում, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:

ԱԺ նախագահն առաջարկում է նաև փոփոխություններ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, երկուսում էլ համապատասխանաբար ամրագրելով, որ դրանք ինքնավար մարմիններ են։

Ըստ այդմ՝ փոփոխություններն ընդունվելու դեպքում խմբակցությունները կարող են առաջադրել թե ՏՄՊՊՀ նախագահի կամ անդամի թափուր տեղում թեկնածու, թե Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր տեղի թեկնածու, և բոլոր այն մարմիններում, որոնք նախատեսված կարգով համարվում են ինքնավար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել