ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը |armenpress.am|
12:19 - 17 ապրիլի, 2020

ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Հայաստանի մյուս քաղաքացիները: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության մասին հարցին:

Լրագրողը նկատեց՝ պետությունը և եկեղեցին անջատ են, հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ եկեղեցին արդյոք միջամտո՞ւմ է պետության գործերին: 
«Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը չցանկացավ այս թեմայով լրացուցիչ որևէ բան ասել: Նա նկատեց՝ ցանկացած նոր բան կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին, իսկ այս պահին դա պետության և ազգի  համար օգտակար չի լինի: «Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»,-նշեց Միրզոյանը:

Ապրիլի 14-ին News.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել