ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ հակագաղտնալսող ծրագիր է մշակել. Վանեցյան |lragir.am|
11:09 - 05 հունիսի, 2019

ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ հակագաղտնալսող ծրագիր է մշակել. Վանեցյան |lragir.am|

lragir.am։  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքին։

«Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, գործը գտնվում է Քննչական կոմիտեում, և եթե հարցեր կլինեն, խնդրում եմ՝ դիմեք Քննչական կոմիտեին»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը, Վանեցյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց ապահովում գրեթե անհնար է։ «Մեզ բոլորիս հայտնի են տանսյակ դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ։

Եվ հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեմ բարձրաձայնել։ Այդ առումով, իհարկե, չենք կարող խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին»,- հավելեց Վանեցյանը։

Նա նշեց, որ նախքան այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը կարող է զերծ պահել ցանկացած գաղտնալսումներից։ «Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է։ Դա դեռևս թեսթային տարբերակն է, ստուգում է բոլոր տեսակի խոցելիությունը։

Այս պահին բավական պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը։ Դա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում, գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, ահննար է։ Աշխատանքային անունը ԱԱԾ է, և հիմա մեր աշխատակիցները իրար որ զանգում են․․․»,- ասաց Վանեցյանը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վանեցյանը գաղտնիք բացեց։

Վանեցյանը նշեց, որ դա գաղտնիք չէ։ «Եթե դա իրեն հետագայում արդարացրեց, ես կարծում եմ՝ պետք է որոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն, և կտրամադրենք, որպեսզի կարողանան խոսել»,- ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ նախկինում էլ հնարավոր էր ապահովել հեռախոսային խոսակցության անվտանգությունը, պարզապես ինքն արտերկրում էր, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ-ում, ռոումինգով են խոսել։

«Ռոումինգից օգտվելիս խորհուրդ եմ տալիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի»,- հորդորեց ԱԱԾ տնօրենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել