«Բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «Հաստա՞տ բան չես արել»․ ոստիկանների հարցերը՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց
20:20 - 08 ապրիլի, 2020

«Բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «Հաստա՞տ բան չես արել»․ ոստիկանների հարցերը՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց

Չնայած նոր կառավարող ուժի անդամների կողմից ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող ելույթներին, այդ առումով լուծումներ պահանջող խնդիրների բարձրաձայնումներին, հարցազրույցներին՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվել։ Այս ամենի հետևանքով երկար տարիներ ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանելու  համար օրենքը չի նախատեսում բավարար գործողություններ։

Վերոնշյալ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը պաշտպանական որոշումն է, որը կայացվում է երրորդ ահազանգից հետո և գործում է միայն 6 ամսով, որոշ դեպքերում կարող է երկարացվել ևս 3 ամսով։ Պաշտպանական որոշումը բռնություն գործադրողի նկատմամբ մի շարք սահմանափակումների կիրառումն է, որոնք պետք է բացառեն բռնարարի և բռնության ենթարկված կնոջ համատեղ բնակվելը, հեռախոսային, նամակագրական կամ այլ կապի միջոցներով հաղորդակցվելը։ Անհրաժեշտության դեպքում արգելվում  են նաև բռնարարի և երեխաների տեսակցությունները, բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ է հանձնվում ոստիկանություն։ Սահմանափակումներով նախատեսվում է նաև բռնություն գործադրած անձի վրա ռեաբիլիտացիոն (վերականգնողական) ծրագիր անցնելու պարտականություն դնել։ Ինչպես արդեն նշեցինք, պաշտպանական որոշումն ունի առավելագույն ժամկետ՝ 6 ամիս, և սահմանափակումների կատարման վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը։

Մահվան ելքով ընտանեկան բռնության գործերը քննվում են Քրեական օրենսգրքի շրջանակներում, որն էլ իր հերթին ունի մեղմացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ տուժողի հակաբարոյական վարքը։

Ընտանեկան բռնության ենթարկված կանայք սովորաբար չեն բարձրաձայնում այդ մասին։ Բարձաձայնելու դեպքում  դիմում են կամ ընտանեկան և/կամ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող ՀԿ-ներին, կամ ՀՀ Ոստիկանությանը։

Infocom-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ստանալ  վիճակագրություն՝ 2019 թվականին ընտանեկան բռնության և կանանց բռնության դեպքերով իրենց մոտ գրանցված ահազանգերի, դրանց ելքերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

Ինչպես տեսնում ենք, և՛ ընտանեկան բռնության, և՛ առհասարակ կանանց նկատմամբ բռնության հիմքով քննվող գործերի մեծամասնության դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այն դեպքերում, երբ քրեական գործ է հարուցվել, ինչպես տեսնում ենք, հիմնականում դատական լուծում չի տրվել։

Քրեական գործերի կարճման և ընտանեկան, կանանց նկատմամբ բռնության դեպքերի իրական քանակի և ոստիկանության տրամադրած տվյալների մասին խոսեցինք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբան Ստելլա Չանդիրյանի հետ։

Նա նշեց, որ ընտանեկան բռնությունն ինքն իրենով «լատենտային» բնույթ ունի։ Այսինքն, շատ հաճախ պատկան մարմինները չեն իմանում, որ ընտանեկան բռնության դեպք կա։

«Պաշտոնական վիճակագրությունն իրականությանը չի համապատասխանում։ Նախ ունենք խնդիր այն առումով, որ պաշտոնական վիճակագրություն որպես այդպիսին չունենք․ քննչական մարմիններն առանձին են հավաքագրում, ՀԿ-ներն առանձին են հավաքագրում։ Եթե համեմատենք ՀԿ-ների և ոստիկանության հավաքագրած տեղեկությունները, ապա կտեսնենք, որ ՀԿ-ների ստացած տեղեկությունները 5 անգամ գերազանցում են ոստիկանության ստացած տեղեկություններին։ Բայց ՀԿ-ների հավաքագրածն էլ ամբողջական չէ, քանի որ կան մարդիկ ովքեր ՀԿ-ների տեղը չգիտեն, հեռախոսահամար չունեն, վախենում են զանգել ոստիկանություն, չգիտեն՝ զանգեն ինչ ասեն։ Խնդիր ունենք վիճակագրության մեկ միասնական համակարգի»,- մասնավորապես նշեց Ստելլա Չանդիրյանը։

Մեր զրուցակցի հետ փորձեցինք հասկանալ, թե ոստիկանությունը պրակտիկայում ի՞նչ արձագանք է տալիս ընտանեկան բռնության ահազանգերին։

Ստելլա Չանդիրյանը նշեց, որ այս մասով իրավիճակը տխուր է։

«Մենք ունենք օրենքով սահմանված 3 պաշտպանական միջոց․ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, որը դատարանն է տալիս։ Երբ առաջին անգամ բռնության ահազանգ է լինում, ոստիկանությունը գնում և նախազգուշացում է տալիս բռնություն իրականացնողին։ Այս առումով նախազգուշացումը շատ սխալ է։ Օրինակ՝ անձը մինչև օրենքի ընդունումը երկար տարիներ ենթարկվել է բռնության։ Օրենքը ընդունվել է և անձն իմացել է, որ կդիմի ոստիկանություն և ոստիկանությունը հարցը կլուծի հօգուտ իրեն։ Ոստիկանությունը գալիս է և բռնարարին նախազգուշացում է տալիս ու հեռանում։ Ինքներդ կարող եք պատկերացնել, թե ի՞նչ տեղի կունենա դրանից հետո բռնության ենթարկված կնոջ հետ, երբ մնա բռնարարի հետ նույն հարկի տակ»,- մեզ հետ զրույցում նշեց Ստելլա Չանդիրյանը։

Պրակտիկայում խնդիր է նաև ոստիկանների կողմից ընտանեկան բռնության կոնցեպտի ընկալումը։ Ոստիկանները հաճախ մտածում են՝ «դե ամուսիններ են», «հնարավոր է վիճեն», «թող մի հատ էլ խփի, ամուսինդ է» և այլն։

Խնդիր է նաև ընտանեկան բռնության ենթարկված կնոջը ոստիկանի կողմից ուղղվող հարցերը՝ «բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «հաստա՞տ բան չես արել» և այլն։

Ստելլա Չանդիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջը սպանելու դեպքերում քրեական օրենսգրքով գործի քննությունն էլ է առաջացնում խնդիրներ։ Իրավաբանը նշեց, որ կոնկրետ հոդվածներով կան մեղմացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ տուժողի հակաբարոյական վարք, որի դեպքում արդեն պատիժը մեղմացվում է։ Եղել է դեպք, երբ պատժի մեղմացման շնորհիվ կնոջը սպանած բռնարարի խնամակալությանն են հանձնել 2 անչափահաս երեխա։

Այս ամենը գալիս է փաստելու, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու և ոստիկանական համակարգը վերակրթելու, իրազեկելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը բերում է մարդկային ճակատագրերի խեղաթյուրման և մարդկային կյանքերի կորստի։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել