«Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին
19:46 - 24 մարտի, 2020

«Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին

Այսօր «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ երեկ «Մոգո» ՈՒՎԿ-ի աշխատակիցներից մեկը զանգել է իրեն և  սպառնացել, որ վարկը ժամանակին չմարելու դեպքում տույժ/տուգանք կկիրառվի, ավելին՝ էլեկտրոնային փոստով ծանուցել են՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին։ Ծանուցումը ներկայացնում ենք ստորև․

Հաճախորդը նշեց, որ օգտվում է «Մոգո» ՈւՎԿ-ի ավտովարկից։  Տեղեկացրեց, որ երբեք ուշացում չի ունեցել։ Ուշացված գումարը միայն այս ամսվա հերթական մարման գումարն էր։

Նշենք, որ «Մոգո» ՈւՎԿ-ի գլխավոր տնօրենը վարչապետի հասարակական հիմուքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է։

Դեռ ս/թ մարտի 13-ին banks.am կայքում տեղադրվել էր վերոնշալ վարկային կազմակերպության հաղորդագրությունը, ըստ որի «Մոգո» ՈՒՎԿ-ն, կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ նշվում էր, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով։

Այս հայտարարությունը մարտի 17-ին հեռացվել է վարկային կազմակերպության ֆեյսբուքյան էջից, սակայն ոչ banks.am կայքից։

Մեզ հետ զրույցում ահազանգող հաճախորդն ասաց, որ ինքը չի իմացել վերոնշյալ հայտարարության մասին, իսկ աշխատակիցներն իր հետ զրույցում չեն տեղեկացրել, որ կարող է դիմում գրել և հետաձգել վարկի մարումը։

«Մոգո» վարկային կազմակերպությունից այս օրերին բազմաթիվ բողոքներն են գրանցվել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մարտի 19-ին և 20-ին անդրադարձել էր այս վարկային կազմակերպության վարքագծի վերաբերյալ ահազանգերին։ Մարտի 20-ին նշել էր, որ «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման վարչության բաժնի ղեկավարի հետ է խոսել, իրեն հավաստիացրել է, որ  բոլոր դիմումներին անդրադառնում են։

Նշենք, որ դեռևս մարտի 20-ին «Մոգո» ՈւՎԿ-ի աշխատակիցը Infocom-ի զանգին ի պատասխան նշեց, որ համարը կփոխանցի իրավասու անձին և մեզ հետ կապ կհաստատեն։ Այսօր կեսօրին և մինչև աշխատանքային ժամի ավարտը վարկային կազմակերպության աշխատակիցները մեզ տվեցին նույն պատասխանը, սակայն այդպես էլ լրատվամիջոցների հարցերին պատասխանող իրավասու անձը մեզ հետ կապ չհաստատեց։ Կազմակերպության գլխավոր տնօրեն, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ևս չպատասխանեց մեր զանգերին։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել