Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք թոշակառուներին, ամեն ամիս թոշակը կավելանա 165 դրամով․ վարչապետ
21:39 - 06 ապրիլի, 2020

Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք թոշակառուներին, ամեն ամիս թոշակը կավելանա 165 դրամով․ վարչապետ

Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք Հայաստանում թոշակառուների թվին, կստացնի՝ տարվա ընթացքում ամեն թոշակառուի գումարը կավելանա 1988 դրամով, ամեն ամիս՝ 165 դրամով։ Մենք Ձեր ակնկալածից 24 անգամ ավելի ենք բարձրացրել թոշակները։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք անիմաստ պարգևավճարները չեն ուզում քչացնել և դրանք փոխանցել թոշակառուներին։

«Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճարներ չեն ստանալու, և այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեպ պայքարի նպատակներով»,- ասաց Փաշինյանն, ապա անդրադարձավ պարգևավճարների գումարը թոշակառուներին տրամադրելու առաջարկին։

«Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է մեկ մլրդ դրամ, ես գործողություն արեցի՝ հասկանալու համար, թե ինչ կունենանք, եթե Ձեր առաջարկն իրականություն դարձնենք։ Այդ գումարը, եթե բաժանենք Հայաստանում թոշակառուների թվին (Հայաստանում կա 503 հազար թոշակառու), ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այդ գումարից կհասնի 1988 դրամ, ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով։ Եթե Դուք թոշակը 165 դրամով ավելացնելը շատ մեծ բան եք համարում, մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Ձեր ակնկալածից 24 անգամ ավելի բարձրացրել ենք թոշակները»,- պարզաբանեց վարչապետը։

Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներով լուծել են շատ կարևոր խնդիր, կարողացել են 2019 թվականի ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018 թվականից մինչև հիմա  1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, նպաստ, թոշակ են բարձրացրել։ «Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների մեծ տեղիք է տալիս, բայց պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկումների հետևում ինչ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց․ «Մենք բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների համար տարեկան 1 մլրդ ենք հատկացրել, իսկ 2020թ․ պետբյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս գումարի 1.4%-ի չափով ենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված խնդիրը լուծել։ Այս 1.4%-ի ներդրման արդյունքում ունեցել ենք 98.6%-ի էֆեկտ»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց․ «Շա՞տ ենք բարձրացրել կենսաթոշակները։ Ո՛չ, շատ չենք բարձրացրել, բայց Ձեր ասածից 24 անգամ ավելի ենք բարձրացրել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել