Ուզում եմ մեր բոլոր գործատուներին կոչ անել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ․ Նիկոլ Փաշինյան
11:14 - 14 ապրիլի, 2020

Ուզում եմ մեր բոլոր գործատուներին կոչ անել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։

«Առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջանալու դեպքերը։ Երեկվա դրությամբ 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք»,- մշեց նա։ 

Վարչապետը հայտնեց, որ ևս 2 մահ ենք ունեցել։ Մահվան դեպքերի տարիքային միջինը 74․8 է։

«Ընդհանուր առմամբ ավելի շատ լավ լուրեր ունենք, քան վատ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մեր զգոնությունը թուլանա, և մենք նորից վարակի բռնկում ունենանք։ Այս վիճակագրությունը թույլ է տալիս մեզ ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը»,- ասաց նա։ 

Վարչապետը նշեց, որ պարետատան նոր որոշման շրջանակներում տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն է տրվել վերադառնալու աշխատանքի։

«Այս փուլում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատողների վարակման  հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ մեր բոլոր գործատուներին կոչ անել, խնդրել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի մենք կարողանանք վերջին օրերին նկատված դրական դինամիկան ոչ միայն պահպանել, այլև զարգացնել, մեր գործողություններով կարողանանք այնպես անել, որ համավարակի գագաթնակետը մեզ համար լինի թիկունքում և ոչ թե առջևում»,- ասաց նա։

Վարչապետը հույս հայտնեց, որ եղանակները շուտ կտաքանան։ Նրա խոսքով՝ մասնագետների ոչ 100 տոկոս երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ եղանակաների տաքացումը պետք է դրական ազդեցություն ունենա համավարակի առումով։

«Այսօր նաև հանձնարարություն եմ տվել, որ պարետատունը հանդես գա խորհրդատվական որոշակի առաջարկներով, նաև մեր տեսչական մարմինները խորհրդատվություն կիրականացնեն ընկերությունների հետ այնտեղ, որտեղ հնարավոր է, թե հակահամաճարակային ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որ նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը»,- նշեց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել