Մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր մերձավոր հարազատները կամ մեր ընկերների, բարեկամների ավագ տարիքի  հարազատները․ Նիկոլ Փաշինյան
12:21 - 16 ապրիլի, 2020

Մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր մերձավոր հարազատները կամ մեր ընկերների, բարեկամների ավագ տարիքի  հարազատները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց, որ այսօր մենք 16 թեստից մոտավորապես 1 դրական դեպք ունենք, որը բավականին լավ ցուցանիշ է։

«Ընդհանուր առմամբ, մեր համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում»,- նշեց նա։

Վարչապետը հայտնեց օրեր առաջ Արարատի Մարզի Նորաշեն համայնքում տեղի ունեցած մի դեպքի մասին, որի պատճառով  պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնելու։

«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա՝ մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե, նախապես զգուշացվելով, որ պետք է պահպանել հեռավորություն և որոշակի կանոններ։ Ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հուղարկավորության արարողությանը, բայց շատ հուզումնալից պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները և հարազատների հետ, ինչպես սովորական դեպքերում, գրկախառնվել են։ Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որ պետք է քաղաքացուն ուղեկցել հարազատի հուղարկավորությանը, բայց Ոստիկանությունը չի կարող ամեն ինչը հսկողության տակ պահել։

«Մենք դեպքեր ունենք, որ ընտանեկան, ազգակցական հարաբերությունները մեր անհատական պահվածքի հետևանքով փլուզվում են ուղղակի։ Այսօր մեր մահվան միջին տարիքը 74,6 է։ Բայց եթե նրանք, ովքեր առողջ են, և շատ քիչ է հավականականությունը, որ մահվան ելքով կվարակվեն, պետք է հասկանան, որ մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր մերձավոր հարազատները կամ մեր ընկերների, բարեկամների ավագ տարիքի  հարազատները։ Նաև բարոյական հետևանքների մասին է պետք մտածել»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց ռազմավարությունն այն է, որ պետք է  այս վիրուսին զուգահեռ ապրել, բայց որպեսզի դրա արդյունքում աղետներ չլինեն, անհրաժեշտ է, որ յուրաքաչյուր մարդ  առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել