Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|
07:00 - 29 մայիսի, 2019

Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների կատարումը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Նախագիծը չէր ստացել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի այլ երկրում գտնվող ՀՀ քաղաքացի համարվող կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը չխոչընդոտվի տեխնիկական խնդիրների պատճառով։

Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լիազորագրի գործողության ժամկետը երկարացնել՝ այն դարձնելով 15 տարի։

Նախագիծը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որի խոսքով՝ փոփոխությունների նպատակը այն կենսաթոշառակուների իրավունքների պաշտպանությունն է, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ու վճարել հարկեր, սակայն մեկնելով արտերկիր` զրկվում են կենսաթոշակառուի իրավունքից։

Նախագծով առաջարկվում էր նաև փոփոխություն այն դրույթում, որը վերաբերում է ծանր անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին, որպեսզի օրենքով չլինի այնպիսի կարգավորում, որ նման մարդիկ իրենք դիմեն նախարարություն ինչ-որ թղթերի համար, այլ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն այցելեն նման մարդկանց։

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը` ասելով, որ հանձնաժողովում այն բուռն քննարկվել է։

«Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու լիազորագիրը պետք է տրվի 15 տարի ժամանակով, քանի որ լիազորագրի առավելագույն ժամկետը օրենսդրության համաձայն երեք տարի է։ Տասնհինգ տարով լիազորագիր տալը ռիսկեր է պարունակում, չենք կարող իմանալ, թե նման ժամկետով լիազորագիր տալը ինչ ռիսկեր է պարունակում. մահվան դեպքեր կարող ենք ունենալ, որի մասին ՀՀ-ն կարող է չիմանալ, քանի որ մահվան դեպքերը գրանցվում են, երբ ՀՀ-ում կան կտակի և այլ քաղաքացիաիրավական բնույթի այլ հարցեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կա խնդիր, սակայն ավելի համալիր լուծում պետք է տրվի։

Վարման կարգով արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովում նախագծի ոչ միաձայն քվեարկությունն այն մասին է վկայում, որ խորհրդարանում հարցը քննարկման կարիք ունի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցը հրատապ է, իրենք կողմ են քվեարկելու, որ նախագիծն ընդգրկվի օրակարգ։ ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ կա ՍԴ որոշում, ըստ որի` անձի կենսաթոշակը հավասարեցված է որպես անձի սեփականություն, ուստի, հաշվի առնելով դա, պետք է նախագիծը քննարկել խորհրդարանում։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ թվային և այլ տեխնիկական հարցեր կան: «Քանի որ օրակարգն առանց այն է լ շատ ծանրաբեռնված է, առաջարկում եմ հարցի քննարկումը տեղափոխել հանձնաժողով, լուծումներ գտնել և բերել էստեղ»,-ասաց նա։

Այնուհետև հարցը դրվեց քվեարկության և մերժվեց 38 կողմ, 47 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել