Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|
13:08 - 31 մարտի, 2020

Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության հեղինակած նախագծերի փաթեթն ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ երկրորդ ընթերցմանը կողմ կքվեարկի միայն քաղաքական մեծամասնությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց` իր մոտ տպավորություն է, որ անձը, երբ քաղաքական գործիչ է դառնում, մոռանում է մասնագիտական գիտելիքները, սակայն պետք է ֆիքսել, որ նաև այդ մասնագիտական գիտելիքների շնորհիվ են անձինք քաղաքական գործիչ դառնում:

«Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը մեկ առաքելություն ունի` պաշտպանել Կառավարությանը ընդդիմությունից»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ պատգամավորի` փոփոխությունների առաջարկը համաչափ չէ, քանի որ ցանկալի արդյունք այս փոփոխություններով չի ապահովվելու: Սիմոնյանի խոսքով` այս սահմանափակումը վերջին միջոց չէր, որ կարելի էր կիրառել.

«Եթե դեռևս սահմանում ջերմություն ունեցող մարդկանց չեք մեկուսացնում, եթե անձը ջերմությամբ դիմում է հիվանդանոց, իրեն ասում են՝ ինքնամեկուսացեք, եթե էդ խնդիրները չեք լուծել, ինչու եք հավելյալ սահմանափակումներր կիրառում»,- ասաց նա:

Մինչ այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ չեն կարող նման նախագծի կողմ քվեարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղարը` Արման Աբովյանը: Վերջինս անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթին: Վերջինս մանիպուլյացիաների մեջ էր մեղադրել ընդդիմությանը: Աբովյանն ասաց, որ երեկ նմանատիպ ելույթներով էին հանդես գալիս մեծամասնության պատգամավորները, սակայն այսօր ընդդիմությանն են մեղադրում մանիպուլյացիաների մեջ:

«Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, իսկ ընդդիմությունը դեմ է: Էնպես արեք, որ քսան հոգուց ավելի մարդ չհավաքվի, պապիները նարդի են խաղում, իսկ ոստիկանների ռեսուրսը չի հերքում: Էս պայմաններում ասում եք ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»,- ասաց նա:

Պատգամավորը պնդեց` նման մեխանիզմն արդյունավետ չի լինելու:

Քաղաքական մեծամասնության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս հիշեցրեց, որ այս վիրուսի առանձնահատկությունն այն է,  որ տարածումը արագ է տեղի ունենում, հետևաբար կանխարգելումը ևս համաչափ պետք է լինի: Մակունցի խոսքով` աշխարհի շատ երկրներ են սահմանափակումներ կիրառում, ինչն արդարացված է` կանխարգելիչ նպատակ կա:

«Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, որը հնարավորություն կտա կանխարգելելու տարածումը և այո, փրկելու կյանքեր»,- ասաց նա:

Մակունցն ընդգծեց` նախագիծը գաղտնալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է զանգի փաստը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արտահերթ ելույթով հանդես եկավ` ընդգծելով, որ նախագիծը չի գործելու սովորական պայմաներում, նաև արտակարգ դրությունում, այլ միայն համաճարակի հետևանքով ձևավորված արտակարգ դրության ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել