ԼՀԿ-ի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով տեսակցության սահմանափակումը չի տարածվի պատգամավորների վրա |tert.am|
08:48 - 03 նոյեմբերի, 2019

ԼՀԿ-ի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով տեսակցության սահմանափակումը չի տարածվի պատգամավորների վրա |tert.am|

tert.am:  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս մասին  ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Նախագիծն արդեն պատրաստ է, շուտով շրջանառության մեջ կդրվի: Այն երաշխավորելու է պատգամավորների անարգել մուտքն ու ելքը քրեակատարողական հաստատություններ: Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից կալանավորված անձանց տեսակցությունների սահմանափակումը չտարածվի պատգամավորների վրա»,- հայտնեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չէր տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, ով կալանավորված է. «Նախկինում եղած պրակտիկան շարունակում է գործել: Քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա և ինչպես նախկինում, դա շարունակում է տարածվել նաև պատգամավորների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր Գևորգ Գորգիսյանը:

2016-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ևս թույլ չէին տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, իսկ 2017 թ. Նիկոլ Փաշինյանը չէր կարողացել հանդիպել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, քանի որ նրանց տեսակցությունների վրա արգելանք էր դրված։

Այս դեպքերից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը և Գևորգ Գորգիսյանը օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխությունը վերաբերում էր որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն: Պատգամավորներն առաջարկել էին օրենքում նշել, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն: 2017-ի սեպտեմբերի 22-ի նիստում Կառավարությունը մերժել էր «Ելք» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:

Հարցին, թե առաջիկայում ներկայացվելիք օրինագիծը շատ է տարբերվելու նախորդից, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Հիմնականում՝ ոչ, գաղափարը նույն է: Այն ժամանակ մերժելու որոշակի պատճառներ էր կառավարությունը բերել, բայց այս անգամ այնպես կանենք, որ այն ժամանակ հնչած պատճառները նույնպես վերանան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել