Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում». քննարկում ԱԺ-ում |shantnews.am|
15:15 - 24 փետրվարի, 2020

Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում». քննարկում ԱԺ-ում |shantnews.am|

shantnews.am: ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում լրացուցիչ քննարկման է ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը: Անդրեասյանը ներկայացրել է սոցիալական ապահովության ռազմավարությունն ու նախատեսվող փոփոխությունները:

Փոփոխությունները բխում են կառավարության ծրագրից, որով նախատեսված է, որ պետք է ձգտել մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Այդ նպատակի իրագործման համար պետք է էական նշանակություն ունենա բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Սա, ըստ նախատեսվող փոփոխությունների, պահանջում է, որ կարիքների գնահատումը կենտրոնացվի:

«Այսօր կարիքների գնահատման ոլորտում ունենք տարբեր մարմիններ, որ այս գործառույթը իրականացնում են տարբեր օղակներ, որ ներգրավված են այս ոլորտում: Փոփոխությունը ենթադրում է, որ ուզում ենք ունենալ կարիքի միասնական գնահատում, որը կիրականացվի մեկ գրասենյակի կողմից և կապ չի ունենա, թե մարդ ինչ խնդրով է եկել: Պետք է նաև կարիքի գնահատման բովանդակային փոփոխություն տեղի ունենա: Այս տեսանկյունից առաջարկում ենք սկզբունքորեն նոր գնահատման ձևաչափ, որը հիմնված է նվազագույն երաշխավորված եկամտի գաղափարի վրա»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նոր փոփոխությամբ՝ նախատեսվում է նաև սոցիալական աշխատողների փոփոխություն, որոնք որակյալ կիրականացնեն կարիքի գնահատումը: Բացի այդ, 2021-ի բյուջետային համակարգում նախատեսվում է ծառայությունները պետական վկայագրերի միջոցով տրամադրելու քաղաքականություն իրականացնել:

 
«Խոսքը վաուչերային համակրագի մասին է, երբ ֆինանսավորումը տրվում է ոչ թե հաստատությանը կամ կազմակերպությանը, այլ անձին և նա ընտրում է, թե որտեղ ստանա այդ ծառայությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախագիծն ընդունվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել