Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին
13:54 - 12 մարտի, 2020

Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին

Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ 

Գասպարյանը նշել է, որ խուճապն առաջացել է բժիշկներից մեկի սխալ հայտարարությունից հետո, թե իբր վարակվածներից մեկը՝ մասնակցել է հարսանիքի , որի ընթացքում երեք քաղաքացու ինքնազգացողություն է վատացել, ժամանել է շտապօգնությունն և  պարզվել է, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:

«Այս ամենը ծայրից ծայր սուտ է: Նախ՝ մենք ունենք մեկ վարակակիր, և նման հարսանիք ու մասնակիցների կտրուկ վատացման դեպք չի եղել:  Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել հանրապետությունում»,- ասել է  Գասպարյանը:

 Քաղաքապետը հայտնել է, որ վարակվածը օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, որի մասնակիցների ամբողջական ցուցակ է կազմվել ու փոխանցվել առողջապահության նախարարություն: Նախարարությունն էլ իր հերթին ավելի սերտ շփված մարդկանց մեկուսացրել է՝ հետագա տարածումից խուսափելու համար: Այս դեպքով է պայմանավորված քաղաքում շտապօգնության մեքենաների և ոստիկանության ծառայողների սովորականից ավելի շատ լինելը։

«Էջմիածնի քաղաքապետարանը հսկողություն չի իրականացնում դպրոցների նկատմամբ, հսկողությունն իրականացնում է և նրանց հսկում է մարզպետարանըՄենք դպրոց փակելու իրավասություն չունենք, հետևաբար խնդրում եմ զերծ մնալ դպրոցներ փակելու կոչերից »,- դպրոցների և մանկապարտեզների փակվելու վերաբերյալ ասել է քաղաքապետը։

Գասպարյանը շեշտել է, որ մանկապարտեզները վաղ առավոտից ապահովվել են բոլոր ախտահանող նյութերով՝ սպիրտով, ալկոգելով, տարածքն ու երեխաները անընդհատ ախտահանվում են։ Այս պահին նախարարության կողմից չկա կրթական հաստատությունները փակելու որոշում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել