Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|
17:52 - 14 փետրվարի, 2020

Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց գործով բոլոր ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

Դավիթ Սանասարյանի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հերթը Սամվել Ադյանինն էր: Ադյանը ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները 2019 թվականի ապրիլի 25-ից կասեցված են:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Մեղադրականի հրապարակումից հետո պատասխանելով դատավորի հարցին՝ Սամվել Ադյանը  հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է: Ինչ վերաբերում է հարցին, թե մեղադրանքի նկատմամբ ինչ դիրքորոշում ունի, Ադյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, չցանկացավ այս պահին որեւէ դիրքորոշում հայտնել:

Այնուհետեւ մեղադրող դատախազը ընթերցեց ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի մեղադրական եզրակացությունը: Խաչատրյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները եւս կասեցված են:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Գեւորգ Խաչատրյանը եւս նշեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ այս պահին ցանկանում է դիրքորոշում չհայտնել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել