Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել
19:10 - 31 մարտի, 2020

Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին օրենքում փոփոխությունների կատարելու  նախագիծը:

Օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսի հետեւանքով: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ստացել մարտի 30-ին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է,  որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է,  ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում։

Սակայն, ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։

Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների  (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։

ԱՀԿ ուղեցույցում նշվում է, որ այն պնդումը,ըստ որի մարդիկ, որոնք մահացել են վարակիչ հիվանդություններից, պետք է դիակիզվեն, հասարակ միֆ է։ Դիակիզումը մշակութային առանձնահատկությամբ և ռեսուրսների հասանելիությամբ պայմանավորված ընտրություն է։

Ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաև դիահերձողների հանդերձանքին և դիահերձման գործընթացին։ 

Նշվում է, որ դիահերձողները պետք է ունենան ձեռնոցներ, համապատասխան անթափանց, մենանգամյա օգտագործման հագուստ, բժշկական դիմակ, աչքերի պաշտպանիչ միջոցներ։

Չնայած նրան, որ ԱՀԿ-ի կողմից վերոնշյալ հիգիենայի միջոցառումները սահմանվել են դեռևս 2007 թվականին, սակայն նախագծում կառավարությունը նշում է Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

Ինչպես տեսնում ենք միջազգային ստանդարտ որպես այդպիսին ԱՀԿ-ի կողմից սահմանված չէ կորոնավիրուսով վարակակիր անձանց հերձում իրականացնելու համար, իսկ նախագծում նշված հերձում իրականացնելու հնարավորություն չունենալու հիմնավորումը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով ԱՀԿ ուղեցույցում նշված կանխարգելիչ միջոցառումների բնույթը։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել