Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|
09:12 - 22 ապրիլի, 2019

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ որպես քաղաքական գործիչ, կարող է որոշակի վերաբերմունք ունենալ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, բայց որպես ԱԺ խոսնակ՝ չի կարող վիճարկել այն։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որն, իշխող ուժի վստահեցմամբ, հակասահմանադրական և հակահեղափոխական նախագիծ էր, ստացվում է՝ իշխանության համար սկզբունքի հարց էր այդ նախագծի ընդունումից հետո խորհրդարանի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

«Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ այդ նախագծի շնորհիվ կարողացանք արձակել խորհրդարանը, որովհետև դեռ հեղափոխության օրերին հայտարարված էր, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կառավարությունն էլ ձևավորվելուց հետո ասել էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ինչը և եղավ։ Այդ նախագիծը մեր քաղաքական ուժի վրդովմունքը առաջացրել էր, և քաղաքացիներն էին դուրս եկել, մտել ԱԺ բակ»,- ասաց Միրզոյանը։

ԱԺ խոսնակի վստահեցմամբ՝ ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կայացնի որոշումներ։

«ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ փաստորեն ՀՀԿ-ն ճիշտ էր, դուք սխա՞լ, Միրզոյանն ասաց, որ իր ասածից նման հետևություն չէր անի, իր ասածն այն է, որ վճիռն իրեն կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա ՍԴ-ի վճիռ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել