tert.am: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտադրական գործունեության դադարեցումից Իտալիայի տնտեսական կորուստները կարող են կազմել ամսական շուրջ 100 միլիարդ եվրո: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի (Confindustria) նախագահ Վինչենցո Բոչչան, գրում է ria.ru-ն։
Կիրակի Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կառավարական հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի տարածքում կասեցվել է ամբողջ արտադրական գործունեությունը, որը կապված չէ բնակչությանն ամենից անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների տրամադրման հետ: Վարչապետի խոսքով՝ իշխանությունները «որոշել են դանդաղեցնել երկրի շարժիչի աշխատանքը՝ այն չանջատելով ամբողջությամբ»:
«Այդ հրամանագրի միջոցով հարց է դրվում տնտեսական արտակարգ իրավիճակից ռազմական տնտեսության անցնելու մասին», - այդ կապակցությամբ հայտարարել է Բոչչան։
Իտալացի արդյունաբերողների միավորման ղեկավարի խոսքով՝ երկրում դադարեցվում է արտադրական հզորությունների 70 տոկոսի աշխատանքը:
«Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան կազմում է 1800 մլրդ եվրո, դա նշանակում է, որ ամսական արտադրում ենք 150 մլրդ եվրո։ Եթե մենք փակում ենք արտադրության 70 տոկոսը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 օրը մեկ մենք կկորցնենք 100 միլիարդ»,- ընդգծել է Բոչչան։
comment.count (0)