ԱԱԾ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ Արթուր Վանեցյանի |fip.am|
12:07 - 02 ապրիլի, 2019

ԱԱԾ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ Արթուր Վանեցյանի |fip.am|

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 28-ին և 30-ին հանդես եկավ երկու հայտարարությամբ։ Մի դեպքում ԱԱԾ պաշտոնական կայքում ներկայացված էր հերքում «Ժամանակ» օրաթերթում և 1in.am կայքում Արթուր Վանեցյանի մասին հրապարակման վերաբերյալ, մյուս դեպքում առկա էր արդեն հստակ պահանջ՝ հերքելու նույն «Ժամանակ» օրաթերթում ԱԱԾ տնօրենին վերաբերող հերթական հրապարակումը։

Նախ փաստենք, որ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումները վերաբերում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` ծառայողական պարտականությունների հետ կապ չունեցող գործառույթներին։ Հրապարակման մեջ Արթուր Վանեցյանի անունը շոշափվել է ուրիշի ունեցվածքին տիրանալու, այլոց բիզնեսի մեջ «փայ մտնելու» համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ ընդգծենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքի՝ երկու պաշտոնական հայտարարությունների տարածումը և ներկայացված պահանջն ԱԱԾ կողմից վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է: Բացի այդ՝ ԱԱԾ վարչական ռեսուրսը, ի նպաստ տնօրեն Արթուր Վանեցյանի անձնական PR-ի, տարածել է նաև այսօրինակ բովանդակություն.

«ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը»: Փաստենք, որ ԱԱԾ գործունեության նույնականացումն ԱԱԾ տնօրենի՝ պաշտոնով չպայմանավորված գործառույթների հետ տեղին չէ։

Հղում կատարելով այսօրինակ իրավիճակների համար միջազգային փորձին՝ նշենք, որ ԱԱԾ տնօրենի՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ կապ չունեցող հրապարակումներին պետք է արձագանքի կա՛մ անձամբ ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կամ վերջինիս անձնական փաստաբանը։ Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի նախագահն է նաև Արթուր Վանեցյանը, այդօրինակ պահանջներ և հայտարարություններ չի տարածել նշյալ ժամանակահատվածում, թեև դրա իրավունքը ուներ (չուներ) ճիշտ այնքանով, որքանով որ ԱԱԾ-ն։

Հավելենք, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ ԶԼՄ-ից հերքում կարող է պահանջել բացառապես այն անձը, ում մասին եղել է հրապարակումը: «Ժամանակ» թերթի հրապարակումը չի եղել ԱԱԾ-ի մասին և ուրեմն ԱԱԾ-ի՝ հերքման պահանջը ապօրինի է, իսկ այդպիսի պահանջ կարող է ներկայացնել անձամբ Արթուր Վանեցյանը:

Ավելին, նշենք, որ միջազգային չափանիշներով Ազգային անվտանգության ծառայության կողմից ԶԼՄ-ի՝ իրեն չհասցեագրված նյութը «ապատեղեկատվություն» որակելը համարվում է գրաքննության տարատեսակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել