Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
16:10 - 27 մարտի, 2020

Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ զրուցել ենք Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների հետաձգման թեմայով։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն կուսակցության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն է։

- Պարո՛ն Պողոսյան, ձեր քաղաքական ուժը կո՞ղմ է ընտրությունները հետաձգելուն, թե ոչ։

- Մենք կողմնակից ենք իշխանության ցանկացած որոշման։ Ընդհանրապես, եթե կողմնակից լինել-չլինելու մասին է, քանի որ խոսքը վերաբերում է անորոշ ժամանակահավածին, մենք գտնում ենք՝ քանի այս պահին անվտանգ է, այսինքն՝ դեպք չի գրանցվել երկրում, ճիշտ է՝ վտանգները կան, բայց քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, և դեռևս որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել, որովհետև դեպք չկա, ժողովուրդը բավականին տրամադրված է ընտրություններին գնալուն։ Ավելի շատ տեղեկատվական  ֆոն է ստեղծվում որոշ թեկնածուների կողմից։ Դաշինքի առաջնորդը, նախագահի թեկնածուն հայտնել է, որ մենք հարգելու ենք իշխանության ցանկացած որոշում։ Դա իշխանության խնդիրն է, մեր խնդիրը չէ։

- Խնդիրներ տեսնում ե՞ք ընտրությունների մասնակցային չլինելու հետ կապված։

- Մենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գրեթե բոլոր համայնքներում ունենք նախընտրական շտաբեր։ Մարդիկ աշխատում են, շփվում են հասարակության հետ։ Ճիշտ է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպումները մարտի 26-ից դադարեցված են՝ տարածման վտանգը հաշվի առնելով։ Սակայն ժողովրդի մոտ կա բավականին մեծ խանդավառություն, ցանկություն՝ ընտրություններին գնալու, մասնակցելու և նաև այս հանգամանքը հաշվի առնելով գտնում ենք, որ հետաձգելու կարիք չկա։

- Եթե չհետաձգվեն ընտրությունները և դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված Արցախում անցանկալի զարգացումներ լինեն, արդյո՞ք պատրաստ եք իշխանությունների հետ քաղաքական պատասխանատվություն կիսել։

- Ընդհանրապես մենք իշխանությունների վարած քաղաքականության համար պատասխանատվություն կրում ենք՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժն ենք։ Այս իմաստով ոչ միայն մեր, այլ նաև բոլորիս պատասխանատվության խնդիրն է։ 

Լուսանկարը՝ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել