RElection նախագծի շրջանակներում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

-Նախ կուզեի իմանալ Ձեզ համար կարևոր այն երեք հիմնական փոփոխությունները, որոնք պետք է արվեն այս փուլում, որպեսզի մենք հետագայում ունենանք բացառապես առողջ քաղաքական դաշտ:

-Ինձ համար առաջնահերթություն է այն, որ ընտրությունների ժամանակ մրցակցությունը  լինի որակի մեջ: Այսինքն, երբ դիմում են մրցույթի՝ այն է պատգամավորական մանդատ ստանալու, ապա պետք է չափորոշիչներ սահմանվեն։ Կարծես թե այսօր այս ամենը հաշվի առնված չէ և կարող է անգամ դպրոցական ատեստատ ունեցող անձը հայտնվել Ազգային ժողովում՝ իր գիտելիքներով և կարողություններով, լինել մանդատ կրող անձ, լինել անձեռնամխելի մարդ: Սա լրջագույն խնդիր է մեր օրենսգրքում և սա պետք է տառացիորեն փոխվի:

Երկրորդ խնդիրը, ինձ համար կարևոր է, որ լինի ռոտացիա, երբ տվյալ պատգամավորը ընտրվում է, սակայն մեկ կամ երկու տարվա ընթացքում ինքը չի իրացնում իր կարողությունները, չի ծառայում հայրենիքին, ապա հնարավորություն ստեղծվի փոփոխություն իրականացնել: Դրանով հնարավորություն կտրվի մեկ այլ անձի գալ և աշխատել իր փոխարեն,ով կանի այն, ինչ պետք է արվի և ոչ թե 5 տարի շարունակ նստի և պարզապես վայելի: Կամ մեխանիզմը լինի այնպիսին, որ մարդիկ, ովքեր ընտրում են, ունենան հետկանչի մեխանիզմի հնարավորություն և հետ կանչեն տվյալ պատգամավորին, որով էլ կապահովեն մրցակցությունը: Այդ գործընթացը կապահովի նաև մրցակցությունը։ Այսինքն, ոչ թե ամբողջ մարզը կլինի մեկ անձի ծանրաբեռնվածության, ուսերի վրա, այլ կլինի բոլորի վրա․ ամեն մեկը թող այնքան լավ անի իր աշխատանքը, որ չարժանանա հետկանչի մեխանիզմին:

Երրորդ փոփոխությունը, որը կուզենամ, որ լինի․ եթե իմ նախորդ երկու առաջարկնեը լինեն, ցուցակների կազմումն ինքնըստինքյան կլինի: Մենք հասել ենք այն բանին, որ քաղաքացին ձայն է տալիս այն մարդուն,ով արժանավոր է և կծառայի իրեն և երկրին, հայրենիքին: Այլ ոչ թե գա՝ ուղղակի նստելու, հետո ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն, ո՛չ օրենսդրական նախաձեռնություն․ ոչ մի անելիք չունի՝ ո՛չ օրենսդիրում, ո՛չ գործադիրում: Այնպիսի մեխանիզմներ պետք է մշակվեն, որ ինչ թիվ ուզում է լինի պատգամավորների, իրենք առավելագույնս կարողանան իրացնել իրենց կարողությունները: Եթե չեն կարող, ապա չգտնվեն այդտեղ, որովհետև իրենք վերահսկող մարմին են։

Մենք խորհրդարանական երկիր ենք և այսօր, ցավոք, այդ վերահսկողություն ասվածը ամբողջովին չի կատարվում: Այդ դեպքում գործադիրը կարող է գործել այնպես, ինչպես իրեն հարմար է, ոչ թե այնպես ինչպես պետք է: Մենք պետք է այնպիսի Ընտրական օրենսգիրք մշակենք, որ վաղը ով ուզում է լինի՝ ստիպված լինի աշխատելու: Սա հստակ պահպանված մեխանիզմ պետք է լինի, այլ տարբերակ չեմ տեսնում:

- Խոսեցիք հետկանչի մեխանիզմի մասին և նաև գիտենք, որ քննարկվում են տեղական հանրաքվեի մեխանիզմները: Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ մենք չունենք այդ գործընթացների պրակտիկ օրինակները: Ձեր կարծիքով այդ պրակտիկայի բացակայությունը օրենսդրական բացե՞րն են, թե հանրությունը չգիտի, որ ունի նման իրավունք:

- Իրականում, այն ինչ-որ հիմա կա շատ բաց է, ու ինչ-որ տեղ, որևէ ձևով գրված է այնպես, որ կառչեցվի։ Ոչ թե հանրությունը չգիտի, այլ հանրությունը չի կարող կիրառել, այլապես տեղական հանրաքվեի առումով մենք այսօր շատ տեղերում կկարողանայինք ազատվել այն քաղաքապետերից, գյուղապետերից, ովքեր կոնկրետ կոպիտ կերպով վարում են քաղաքը, համայնքը։ Իրապես պետք է հանրաքվե, իրապես պետք է հետկանչի մեխանիզմը, որ պաշտոնը չդիտարկվի որպես բազմելու աթոռ, այլ դիտարկվի որպես գործելու և զարգացնելու հնարավորություն: Սրանք բացեր են, որոնց խիստ անհրաժեշտությունը ես տեսնում եմ: Ես պատգամավոր եմ և տպավորություն կարող է լինել, որ ես պետք է վախենամ այս ամենից, բայց քավ լիցի․ եթե ես բեռ եմ պետության համար, իմ պետության բյուջեի ուսերին, ուրեմն չպետք է լինեմ բեռ: Իմ նման մնացածը, ովքեր բեռ են, պետք է պետական բյուջեի հաշվին չսնվեն, թող գնան, աշխատեն այլ վայրում, որտեղ իրենց կդրսևորեն առավելագույնս:

- Ի՞նչպիսի մեխանիզմներ պետք է կիրառել, որ այդ պրակտիկան՝ հետկանչի և տեղական հանրաքվեի գա մեր քաղաքկան դաշտ:

- Պետք է ձեռնարկվեն օրենսդրական կարգավորումներ։ Ես հույս ունեմ, որ երբ մշակվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այս հարցերին անդրադարձ կարվի և համապատասխան կլուծվի այդ հարցը։ Հետագայում, երբ օրենքը եղավ կկազմվի նաև գործիքակազմ, որովհետև գործիքակազմը բխելու է օրենքից: Շատ կարևոր է, որ օրենքը լինի այնպիսին, որ ոչ թե սահմանափակենք հնարավորությունները, այլ լայն հնարավորություններ ու լիազորություններ տանք, որպեսզի գոնե երկու տարի հետո հնարավորություն տրվի ձերբազատվելու անբարեխիղճ պաշտոնյայից, այլապես ամեն 5 տարի կավելացնենք պետության բեռը:

- Եթե խոսենք ՏԻՄ ընտրությունների մասին, գիտենք որ դրանք ընթանում են երկու ձևով․ առաջինը, երբ բնակիչները ընտրում են ավագանի, իսկ ավագանին համայնքի ղեկավար, երկրորդը, երբ ընտորթյունը կատարվում է ուղիղ: Ձեր կարծիքով այս մոդելներից ո՞րն է ավելի արդյունավետ:

- Եթե համեմատություն անեմ Գյումրի, Երևան, Վանաձոր քաղաքները, այս երեքն են, որտեղ տեղի են ունեցել ավագանիով ընտրություններ։ Փաստացի որակական առումով շատ ավելի լավ է: Կա հակակշռի սկզբունքը և կա հնարավորություն քաղաքապետի գործողության վերահսկողության: Մյուս դեպքերում, երբ նայում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, երբ ամեն համայնքի ղեկավար ունի իր ավագանին, կարծես իր ընտանիքի անդամներին դարձրել է ավագանի: Մարդիկ, ովքեր ընտրված օրվանից գտնվում են Ռուսաստանում, բայց կարծես թե մասնակցում են նիստերին և նաև ստորագրում են: Այս պարագայում ամեն ինչ կարող են անել, իսկ նախորդ պարագայում ընդդիմությունը բարձրացնում է խնդիրները, վերահսկողություն է լինում։ Ինչու ոչ, նաև իշխանության ներկայացուցիչներն են վերահսկում։ Այսինքն վերահսկողության ընդհանուր ծավալն ավելանում է և ոչ թե գյուղապետը ընտրում է իրեն հարմար ավագանի, այլ կուսակցությունները պատասխանատվություն են կրում իրենց ավագանու համար:

- Ըստ Relection նախագծի ձևաչափի՝ յուրաքանչյուր նախորդ զրուցակից հնարավորություն ունի հարց ուղղել մեր հաջորդ զրուցակցին։ Մեր նախորդ զրուցակիցը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն  էր, ում հարցը հետևյալն է՝

«Արդյո՞ք մեր հաջորդ զրուցակիցը կողմ է կուսակցությունների ֆինանսավորման հրապարակայնությանը և թափանցիկությանը, ինչպես նաև քարոզարշավների ընթացքում ծախսված ամբողջ գումարների հանրայնացմանը»:

- Բացարձակ կողմ եմ դրան: Այն գումարը, որը պետք է դուրս գա պետական բյուջեից, բացի անվտանգության գումարներից, մնացած բոլոր դեպքերում պետք է լինի թափանցիկ: Թափանցիկ պետք է լինեն թե՛ կուսակցությանը հատկացված գումարի չափը, թե՛ իր մատուցած  ծառայությունների համար, ինչու չէ նաև մրցապայքարի համար ծախսված գումարների չափը: Ինչու՞ է սա պետք։ Սա պետք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչ գումարներ են ծախսվում, քանի որ այդ գումարի հիմնական մասը հատկացվում է պետական բյուջեից՝ բոլորիս հարկերի հաշվին: Եթե յուրաքանչյուր մարդ ստեղծում է այդ բյուջեն, ապա ինքն էլ իրավունք ունի տեսնելու այդ բյուջեի ամեն մի լումայի ներդրման հետևանքները: Առհասարակ բյուջետային ծախսերի թափանցիկությունը պարտադիր երևույթ եմ համարում, բացառապես, եթե կա անվտանգության խնդիր: Կուսակցությունների ֆինանսավորման առումով ինչու՞ է սա անհրաժեշտ։ Այդ թափանցիկությունը որևէ խնդիր չի կարող առաջացնել․ ոչ անձնական տվյալներ են, ոչ անվտանգության հարցեր են: Փաստացի տվյալներ են, թե ինչու է այդ կուսակցությունը ստացել այդ գումարը, ինչ է արել այդ գումարները և ինչպես է տնօրինել, վատնումներ կան, թե ոչ:

Սոֆյա Հովսեփյանի հարցը հաջորդ բանախոսին՝

«Ի՞նչ կասեք, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինեն այնպիսին, որ հետկանչի մեխանզիմը գործի և պատգամավորը, որը չի արդարեցնում իրեն իր աշխատանքում, տեղը զիջի մեկ այլ մարդու»: