RElection [#4] Պետք է մեծացվի բոլոր կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը՝ հավասարության սկզբունքով․ Լուսինե Նալբանդյան
14:22 - 18 սեպտեմբերի, 2019

RElection [#4] Պետք է մեծացվի բոլոր կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը՝ հավասարության սկզբունքով․ Լուսինե Նալբանդյան

Ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան, փորձագետ Լուսինե Նալբանդյանի հետ` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես կուսակցությունների ֆինանսավորման հարցի շուրջ:

- Ըստ ձեզ` արդյոք պե՞տք է պայքարել օլիգարխիկ ֆինանսավորման ճանապարհները փակելու համար, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով, թե՞ բավական է ապահովել աղբյուրների լիարժեք թափանցիկություն:

-Նախ մի փոքր անդրադառնամ նրան, թե կուսակցությունների ֆինանսավորումը ինչպես է տեղի ունենում թե՛ մեր օրենսդրությամբ, թե՛ տեսական գրականության մեջ ինչպես է ընդունված: Ընդհանրապես կուսակցությունների ֆինանսավորումը մի քանի եղանակով է տեղի ունենում. կա՛մ մասնավոր հատվածից, կա՛մ պետական, կա՛մ կուսակցության անձնական միջոցների հաշվին: Անձնական միջոցների հաշվին կուսակցության ֆինանսավորումը անդամավճարների միջոցով է լինում, իսկ մասնավոր հատվածից ստացվող ֆինանսավորումը լինում է ֆիզիկական և ոչ ֆիզիկական անձանց միջոցով` առևտրային կազմակերպություններ և այլն: Բնականաբար, դա նվիրատվությունների տեսքով է լինում, որոշակի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման արդյունքում ստացված միջոցներով:

Պետական ֆինանսավորման մասով ուզում եմ նշել, որ մեր օրենսդրությամբ պետության կողմից չեն տրամադրվում բավարար միջոցներ, որպեսզի կուսակցությունը լինի կենսունակ, կարողանա իր բնականոն գործունեությունը իրականացնել, և հետևաբար, քանի որ պետության կողմից պատշաճ միջոցներ չեն տրամադրվում, կուսակցությանը մնում է հույսը դնել անդամավճարների և մասնավոր եղանակով ստացված ֆինանսական աղբյուրների վրա: 

Մյուս կողմից կա թափանցիկության խնդիր։ Այո՛, կուսակցությունները պարտավոր են տարին մեկ անգամ Azdarar.am-ով հաշվետվություն հրապարակել իրենց ակտիվների, ունեցած գույքի, իրականացրած գործունեության, մուտքերի, ելքերի մասով և այլն։ Սակայն դա ևս բավարար չէ։ Պետք է ստեղծել մի մեխանիզմ, որը կուսակցությանը կպարտավորեցնի ամեն մի գործարքի համար ներկայացնել հայտարարագիր։ Եվ դրա միջոցով ամեն մի գործարքի համար նա ցույց տա՝ այն անձը, որի միջոցով փոխանցվել է այդ նվիրատվությունը, իր հետ որևէ կերպ կա՛մ փոխկապակցված չէ, կա՛մ եթե փոխկապակցված է, ինչ հետևանքներ է դա ունենալու։ Այստեղ կարևորն այն է, թե այդ ֆինանսավորումը ինչ նպատակով է օգտագործում կուսակցությունը։

Միակուսակցական համակարգի դեպքում շատ հեշտ է․ պետություն, մեկ կուսակցություն ֆինանսական միջոցներն իրար սերտաճած են լինում, բայց բազմակուսակցական համակարգի դեպքում պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը, ոչ թե գնալ լիբերալացման, ըստ իս, այլ հստակ օրենսդրական կարգով խիստ չափանիշներ սահմանվեն կուսակցությունների համար, որ ոչ թե միայն տարին մեկ, այլ ամեն մի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն։ Դա կարելի է անել թեկուզ էլեկտրոնային եղանակով՝ շատ պարզ հավելվածի միջոցով։ Կամ իրենց պաշտոնական կայքում հրապարակումներ անեն, փորձեն ապացույցներ ներկայացնել։ 

Այսինքն՝ այստեղ խնդիր ունենք թե՛ ընթացակարգերը խստացնելու, թե՛ սրան զուգահեռ ավելացնելու պետական ֆինանսավորումը։ Դեռ 1991 թվականին Գերմանիայում կուսակցություններին հատկացված ֆինանսական միջոցների կեսից ավելին պետության կողմից էր տրամադրվում։ Պետությունը նայում է՝ այս կուսակցությունը ստեղծվել է, ունի հստակ ծրագիր, տալիս է իրեն այսքան գումար, ընդ որում՝ դա համամասնորեն է տրվում, մրցակցային պայմանները չեն խախտվում, բայց քանի որ պետական բյուջեի գումարները չի կարելի մսխել, ես հետևողական են լինում տրված գումարին։

-Գործող օրենսդրությամբ՝ մեր պետական բյուջեից կուսակցություններին որքա՞ն գումար է հատկացվում։ Ընթացակարգն ինչպիսի՞նն է, ինչպե՞ս է որոշվում՝ որ կուսակցությանն ինչքան գումար տալ, և արդյոք բոլո՞ր կուսակցություններն են ֆինանսավորվում։ 

-«Կուսակցությունների մասին» օրենքը սահմանում է, որ պետական միջոցների հաշվին նվազագույն աշխատավարձի 0.04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակում գրանցված ընտրողների թվի արտադրյալը բյուջեի առանձին տողով հատկացվում է բոլոր կուսակցություններին։

Մեկ այլ կարգավորում էլ կա, որ ԱԺ ընտրությունների արդյունքում հաղթած կուսակցություններին տրվում է ավելի շատ ֆինանսավորում, քան նրանց, ովքեր չեն անցել։ Ըստ իս, սա մրցակցային պայմանների էական խախտում է, որովհետև տեսե՛ք, Հայաստանում ունենք 40-ից ավել կուսակցություն, փոքր կուսակցությունները հերիք չէ՝ իշխանության մաս չեն կազմում, մյուս կողմից էլ քիչ են ֆինանսավորվում, չեն կարողանում իրենց մնացած խնդիրները լուծել։ Սա չի կարող կուսակցական ուժեղ, առողջ համակարգ ստեղծել։ 

Այստեղ մոտեցման խնդիր էլ կա․ ստացվում է, որ կուսակցությունը գործում է միայն իշխանության գալու նպատակով։ Բայց չէ՞ որ կարող են լինել կուսակցություններ, որոնք չունենան Ազգային ժողովում կամ ՏԻՄ-երում դրսևորվելու նպատակ։ Նրանք կարող են իրականացնել քաղաքական մշակույթի հաստատմանը, քաղաքական գաղափարախուսությունների տարածմանն ուղղված գործունեություն։ 

Պետությունը պետք է հստակ գնա այն ուղով, որ եթե ուզում ենք ձևավորվի քաղաքական մշակույթ, և բազմակուսակցական ամուր համակարգ, պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, այդ թվում՝ պետական ֆինանսավորում՝ բոլոր կուսակցություններին հավասար սկզբունքով։

- Կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովն է։ Արդյոք այս հանձնաժողովի լիազորությունները պետք է մեծացվի՞, թե՞ այլ մարմին զբաղվի այդ աշխատանքով կամ գուցե բոլորովին նոր մարմին է պետք ստեղծել:

-Մի կարևոր հարց կա այստեղ՝ արդյոք խնդիրներ չե՞ն ունենում այն փոքր կուսակցությունները, որոնք չունեն բավարար միջոցներ ֆինանսավորման վերաբերյալ այս ամբողջ թափանցիկության, հաշվետվողականության ապահովման ընթացակարգերի բարդեցման հետ։ Ես գտնում եմ, որ այդ փոքր կուսակցությունների կարողությունների զարգացմանը հենց պետք է ուղղված լինեն պետական միջոցներից տրամադրվող գումարները։ Օրինակ, ինչ-որ մի հաստիք, որը կլինի արհեստավարժ մասնագետ և պատասխանատու ձևով կներկայացնի, որ պետության կողմից տրամադրված գումարն օգտագործվել է այս և այս  նպատակով։ Հիմա հաճախ են ասում՝ եթե խստացնում ենք ընթացակարգերը, փոքրերի համար շատ դժվար է լինելու, բայց թող պետական ֆինանսավորման մի մասը դա լինի։

Հիմա մարմնից խոսենք, դա ԿԸՀ կազմում է գործում և, ըստ էության, ստուգումներ է իրականացնում նախընտրական հիմնադրամում՝ ֆինանսական ելքերի, մուտքերի հավաստիության վերաբերյալ, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում՝  ֆինանսական ելքերի ու մուտքերի և ընդհանրապես կուսակցության գործունեության ֆինանսական վերահսկողությունն է իրականացնում։ Այսինքն՝ սա միայն ֆինանսական բնույթի գործարքներն է կարողանում գնահատել, բայց օրինակ, կուսակցությունների որակի, գործունեության արդյունավետության, թե գումարները որտեղ են ուղղվում, ինչ նպատակով, այս ամբողջի վերաբերյալ չկա ոչ մի վերահսկողություն։ Ընդ որում, Ընտրական օրենսգրքում մի հոդված կա, ըստ որի՝ աուդիտորական եզրակացություն պետք է տա վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր փաստաթղթերի ստուգելուց հետո։ Մի հոդված էլ կա, որ պետք է խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացնի որակավորում ունեցող աուդիտոր։ Այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան․ ստացվում է՝ կուսակցության խմբակցությունն ինքը առաջարկում է մի մարդու, որը պետք է ստուգի իր ներկայացրած փաստաթղթերի իրավասությունը։ Սա, ըստ իս, ճիշտ կարգավորում չէ․ աուդիտորական ֆունկցիան պետք է իրականացնի արտաքին, անկախ մարմին։

Մյուս կողմից այս ծառայությունը չունի համապատասխան կարողություններ։ Նա է կատարում ուսումնասիրություններ, որպեսզի ասի՝ խախտում եղել է, թե ոչ, և նոր օրենքով սահամանված կարգով կուսակցության գործունեության կասեցումը լինի, բայց մենք քանի՞ կասեցված կուսակցություն ունենք հիմա Հայաստանում այսքան շատ կուսակցություն ունենալու պարագայում։ Մի շարք խնդիրներ կան, որ ապացուցում են՝ այս մարմինը գործանականում չի գործում։ Ես գտնում եմ՝ քանի որ կուսակցությունն իրավաբանական անձ է, անհրաժեշտ է հարկային մարմնին ներգրավել այս դաշտ։ Այսինքն՝ այդ գործը կատարի ոչ թե մի մարմին, որը ԿԸՀ-ի կազմում է, այլ հարկային մարմինը։ Պետք է հարկային լծակներով փորձել վերահսկել, որպեսզի ընթացակարգերը խախտելու դեպքում համապատասխան հարկային պատասխանատվության ենթարկվեն։

-«Կուսակցությունների մասին» գործող օրենքով ի՞նչ հիմքերի առկայության դեպքում է կասեցվում կամ արգելվում կուսակցությունների գործունեությունը, այստեղ թե՛ օրենքի տեսանկյունից, թե՛ իրավակիրառ պրակտիկայում ի՞նչ խնդիրներ կան։

-Կուսակցությունների կասեցման կամ արգելման որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը՝ կառավարության կամ ԱԺ դիմումի հիման վրա։ Օրենքը կուսակցությունների գործունեության դադարեցման երկու դեպք է նախատեսում։ Առաջինը, որ նա կատարել է օրենքի կոպիտ խախտում, երկրորդը, որ երկու անգամ անընդմեջ չի մասնակցել ԱԺ կամ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրություններին։

Պետք է նշեմ, որ առաջին և երկրորդ դեպքերի մոտեցումների հակասություն կա, քանի որ երբ օրենքի կոպիտ խախտում է անում, և գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է, կուսակցությունը կասեցման ժամանակատավածում չի կարող կատարել որևէ գործունեություն՝ բացառությամբ նրա, որն իր բնականոն գործունեությանն է առնչվում։ Իսկ երկրորդ դեպքում, երբ երկու անգամ անընդմեջ չի մասնակցում, կուսակցություններն ընդհանրապես նվիրատվություն չեն ստանում։ Ստացվում է, որ մեր օրենքը միանման մոտեցում չունի կասեցման ժամանակահատվածում կուսակցության կարգավիճակի վերաբերյալ։ Օրենքը կուսակցությանը ընկալում է միայն որպես քաղաքական գործունեություն իրականացնողի, որը ցանկանում է գալ իշխանության։ Երկու տարի անընդմեջ չմասնակցելու դեպքում, փաստորեն, կուսակցությունը բաց է թողնում հեռանկարային զարգացման մի շարք հնարավորություններ։ 

Ինչ վերաբերում է օրենքի կոպիտ խախտման հիմքով կասեցմանը, էլի նախատեսվում է երկու դեպք՝ եթե իր նվիրատվությունների, մուտքերի, ելքերի, ֆինանսական այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված որոշակի կարգեր են խախտվել, և վարչական պատասխանատվության կտրվածքով նա երեսունօրյա ժամկետում չի վերացրել այդ խախտումը, կասեցվում է գործունեությունը։ Ընդ որում, այստեղ օրենքը և՛․․․և՛-ով է տալիս, այսինքն՝ հնարավոր է, որ միայն խախտի և երեսուն օրվա մեջ չվերացնի։ Այս դեպքում, եթե միայն խախտել է, արդյոք Կառավարությունը կամ ԱԺ-ն դիմու՞մ է ՍԴ, թե՞ ոչ։ Եթե խախտել է և չի վերացրել, այո՛, Վերստուգիչն անհապաղ տեղեկացնում է կառավարությանը և ԱԺ-ին, ընդ որում, այստեղ օրենքն ասում է՝ կարող են դիմել, այսինքն՝ սա նրանց իրավունքն է, հայեցողությունն է դիմել ՍԴ, թե ոչ։ 

Օրենքը կոպիտ խախտում է դիտարկում նաև կուսակցության կողմից թույլ տված այն խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, կուսակցությունը պարզապես չէր գրանցվի։ Այս դեպքում պետական ռեգիստրն անհապաղ տեղյակ է պահում կառավարությանը։


Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Լուսինե Նալբանդյանի հարցը.

-Ինչպիսի՞ն պետք է լինի պետության միջամտությունը կուսակցությունների  գործունեությանը քաղաքական մշակույթի ստեղծման, հաստատման կոնտեքստում։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել