RElection [#30] Ամենամինիմում թիվ հավաքած կուսակցությունն էլ պիտի մտնի խորհրդարան, որպեսզի այն ներկայացուցչական լինի․ Անահիտ Աղոյան
17:37 - 22 նոյեմբերի, 2019

RElection [#30] Ամենամինիմում թիվ հավաքած կուսակցությունն էլ պիտի մտնի խորհրդարան, որպեսզի այն ներկայացուցչական լինի․ Անահիտ Աղոյան

Ընտական իրավունքի թեմայով RElction նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք ԱԺՄ անդամ Անահիտ Աղոյանի հետ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել Հայաստանում՝ գաղափարական կուսակցական դաշտ ստեղծելու համար։


- Գաղափարական կուսակցություն ունենալն ամենակարևորն է, և ես կարծում եմ, որ պետք է սկսենք ոչ թե «Կուսակցությունների մասին» օրենքի տեխնիկական բարեփոխումներից, այլ առաջին հերթին պետք է սկսենք ուժեղ, գաղափարական կուսակցությունների ստեղծումից: Իհարկե, հասկանում եմ, որ սա չի տեղավորվում «Կուսակցությունների մասին» օրենքի ներկա աշխատանքային փուլում, բայց, ամեն դեպքում, եթե դրել ենք նպատակ, որ ունենանք խորհրդարանական երկիր, խորհրդարանական կառավարման համար պարտադիր են ուժեղ կուսակցությունները: Մենք այդ ճանապարհով առնվազն չենք գնում, որովհետև թեև 90-ականներից հետո եղավ գաղափարական պայքար մինչև 2000-ականները, բայց հետո այն մարեց տարբեր պատճառներով, հիմա մենք չունենք կուսակցություններ, որոնք գաղափար են կրում: Շարունակաբար մերժելով հնին՝ իրենք գալիս են իշխանության, սա չի կարող ուժեղացնել մեր երկիրը և չի կարող հենք լինեն ուժեղ կուսակցություններ ստեղծելու համար: Մենք չպետք է մոռանանք նաև աշխարհի փորձը, որ կայացած երկրները կայացել են զուտ կուսակցությունների ուժեղացման շնորհիվ: Ես կուզենայի, որ մինչև «Կուսակցությունների մասին» օրենքը, օրենքի տառը քննարկելը, քննարկեինք այն մեխանիզմները, որոնք պետք է ուժեղացնեն մեր կուսակցությունները:

Կուզեի անդրադառնալ նաև նրան, որ ժամանակին, երբ ընդունված էր ստորագրահավաքների մեխանիզմը, դա բավականին ուժեղացնում էր կուսակցությունները։ Մենք բոլորս ստիպված պատրաստվում էինք, առանձնացնում էինք այն գաղափարները և առանձնահատկությունները, որ ուներ մեր կուսակցությունը, և գնում էինք տնից-տուն, խոսում էինք անհատապես բոլոր ընտրողների հետ: Այսինքն, կուսակցության անդամները ստիպված էին յուրացնելու կուսակցության գաղափարախոսությունը, տիրապետելու հիմնական առանձնահատկություններին, տարբերություններին և պիտի լինեին գրագետ, պրոֆեսիոնալ կուսակցական առումով: Այս մեխանիզմը շատ օգնեց, մենք կարողացանք նաև հասարակությանը արթնացնել ու զարգացնել: Հասարակությունը դարձավ քաղաքականապես ավելի գրագետ և նաև կուսակցության անդամները, որ հազարավոր տներ էին մտնում, ուզեին թե չուզեին, դարձան ավելի պրոֆեսիոնալ:

Նշեմ նաև, որ, ըստ իս, Հայաստանի նման երկրում ամենամինիմում թիվ հավաքած կուսակցությունն էլ պիտի մտնի խորհրդարան, որպեսզի հասարակության այդ ձայնն էլ հասնի խորհրդարան, մինչդեռ մենք ներկայացուցչական չենք, մենք հասարակության բոլոր շերտերի կարծիքը, վերաբերմունքը, գնահատականը չենք ներկայացնում: Իմ կարծիքով՝ դա պարտադիր է, որ ներկայացուցչական դառնա խորհրդարանը նաև տեխնիկական առումով:

-Այս պահին Հայաստանում կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը չափազանց փոքր է: Այդ վստահությունը վերականգնելու կամ գուցե ստեղծելու համար ի՞նչ է պետք անել։

_Դա, իհարկե, նոր չէ, տասնամյակների ընթացքում կուսակցությունների հանդեպ վստահությունն աստիճանաբար պակասել է։ Երբ 1988-ի շարժումը սկսվեց, ձևավորվեց Երրորդ հանրապետությունը, այդ ժամանակ կար վստահություն, բայց դրանից հետո աստիճանաբար այն կորավ: Իհարկե, այդքան կորցնելուց հետո վերականգնելը դժվար է, բայց անհնարին ոչինչ չկա: Ես կարծում եմ, որ եթե կուսակցությունները աշխատեն հետևողական, աշխատեն ընտրողների և հատկապես իրենց կուսակիցների հետ, մենք կկարողանանք: Մենք Պրահայում անցել ենք վերապատրաստում և տեսել ենք, թե ինչ հսկայական ռեսուրս են ծախսում կուսակցությունները կայացնելու վրա, այսինքն՝ կուսակցությունը հենց այնպես, օդից չի կարող կայանալ, պետք են միջոցներ, փորձագետներ, մասնագետներ, ինստիտուտներ: Իսկ Հայաստանում ինստիտուտ ասվածը ֆորմալ հասկացություն է դարձել և որևէ իրադարձության վրա չի ազդում, այդ պատճառով իրենք չեն զարգանում: Դրա համար մեզ համակարգային մոտեցումներ են պետք։ Եթե միայն կուսակցությունները զարգացնելու ուղղությամբ գնանք, արդյունքի չենք հասնի։ Համակարգային մոտեցում է պետք քաղաքացիական հասարակության կրթման, ընտրողների կրթման, ընտրական գործընթացների գրագետ, պրոֆեսիոնալ տիրապետմամբ: Սա բազմաբևեռ գործընթաց է, որը մենք պարտադրված ենք անել, ուղղակի հնարավորություն չունենք չզարգացնել կուսակցությունները, որովհետև սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

- Խոսեցիք ռեսուրսներից, ըստ Ձեզ, այս պահին ֆինանսական աջակցությունը, որ պետությունն է տրամադրում կուսակցություններին, բավարա՞ր է, թե՞ պետական ֆինանսավորումը մեծացնելու անհրաժեշտություն կա: Եվ, եթե կա անհրաժեշտություն, ապա ինչ չափանիշներով պետք է պետությունն ընտրի, թե որ կուսակցություններին է ֆինանսավորում:

-Ճիշտն ասած, Հայաստանի պայմաններում ֆինանսավորումները երբեք էլ բավարար չեն եղել կուսակցությունները զարգացնելու համար, որովհետև եթե այլ երկրների պատմությունը թերթում ես, տեսնում ես՝ ինչքան ֆինանսներ են տրամադրվել, ինչքան ֆինանսներ է ծախսվել կուսակցությունների կայացման համար: Բայց քանի որ Հայաստանում ֆինանսները դեռևս բավարար չեն ու չեն լինելու, միգուցե օրենքում կատարվի փոփոխություն, թե ինչ աղբյուրներից կարող են օգտվել կուսակցությունները, նյութական, ֆինանսական աջակցություն ստանալ, և ինչպես դա պետք է կարգավորվի օրենքով, որովհետև հույս դնել, թե պետությունը կֆինանսավորի և կուսակցությունները կզարգանան ՝ մի քիչ աբսուրդ, աբստրակտ է, չեմ կարող դրան հավատալ: Դրա համար այլ միջոցներ են պետք, ուղղակի պետք է բաց լինի և կուսակցությունների բյուջե մուտք գործած ֆինանսները պետք է լինեն բաց: Աշխարհը շատ օրինակներ ունի, երբ մարդիկ վստահում են այդ կուսակցությանը, ներդրումներ են կատարում իրենց անձնական միջոցներից, դա անում են նաև կուսակցության անդամները: Բայց բավականին բարձր պետք է լինի վստահությունը կուսակցության նկատմամբ, որ քաղաքացին ինքն իր ցանկությամբ ներդրում անի տվյալ կուսակցության բյուջեում:

Պետք է աջակցել այն կուսակցություններին, որոնք փոքր են, ավելի քիչ ռեսուրսներ ունեն, որովհետև արդեն իշխանական կուսակցությունները հսկայական ռեսուրսներ ունեն, թեկուզ այն, որ քարոզչական մեքենան միշտ գտնվել է իշխող կուսակցությունների ձեռքում: Այդ ռեսուրսները, որ տրամադրվում են իշխանությունը ներկայացնող կուսակցությանը ավելի լավ կլինի՝ տրամադրվեն խորհրդարանական կամ արտախորհրդարանական ավելի փոքր ուժերի: Զարգացում լինում է, երբ ստարտային պայմանները հավասար են, իսկ Հայաստանում կուսակցությունների ստեղծման ստարտային պայմանները երբեք հավասար չեն եղել: Առաջինը քարոզչությունն է, որի վրա աշխատել են, քարոզչության հնարավորություն տարիներ շարունակ բոլորը հավասար չեն ունեցել։ Տպավորություն է ստեղծվել, թե ընտրությունների ժամանակ ունեն քարոզչական հավասար հնարավորություն, գուցե ունեցել են, բայց այդ քարոզչական ժամանակահատվածը շատ կարճ ժամանակ է, որպեսզի կարողանաս այնքան աշխատանք կատարել, որքան կատարել է մյուս կուսակցությունը՝ մշտապես ունենալով ավելի մեծ ռեսուրսներ: Երկրորդը ֆինանսն է, որը կրկին միշտ անհավասար է։

Այսինքն՝ եթե իսկապես ուզում ենք ստեղծել կուսակցություններ, ուրեմն պետք է կուսակցություններին տրամադրվի հավասար հնարավորություններ, ինչի դեպքում նոր կարելի է խոսել կուսակցությունների զարգացման մասին։ Կամ էլ պետք է գնա շատ ուժեղ պայքար ուժեղ անհատների մեջ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարների մեջ, որոնք կարողանան իրենց խոսքի ուժով, ազդեցության ուժով հակակշռել քարոզչության, ֆինանսների, երբեմն նաև մարդկային ռեսուրսների պակասը: Հաճախ վախենում են իրենց համակրած կուսակցության կողքին լինել, որովհետև ունեն աշխատանքի խնդիր, պետական պաշտոնյա են, ինչ-որ շահեր ունեն, որոնք կարող են հակադրվել իշխանության հետ, և իրենք կարող են կորցնել, դա այդպես եղել է և այդպես կա: 

-Անդրադառնանք Ընտրական օրենսգրքին, մասնավորապես, ամենաշատ քննարկվող հարցերից մեկին՝ ընտրական համակարգի տեսակին: Դուք կողմնակից եք համամասնակա՞ն, թե՞ մեծամասանական կամ ռեյտինագյին ընտրակարգին:

-Ժամանակին պայքարում էինք, կողմ էինք և հիմա էլ կողմնակից ենք համամասնական ընտրապայքարին, բայց այս վերջին տխրահրչակ փորձը ցույց տվեց, որ սա համամասնական ընտրություն չէր, սա իմիտացիա էր համամասնական ընտրության, երբ  ոչ մի պարամետր չէր համապատասխանում համամասնական ընտրությունների համակարգին: Այսինքն, եթե այսպիսի համամասնական ընտրություններ, ապա դա նույն մեծամասնականն է՝ ավելի վատ արտահայտված: Հետո նաև կյանքը ցույց տվեց, որ, եթե ամողջ համակարգը հասունացած է՝ հասարակությունը, քաղաքական կուսակցությունները, գուցե կապ չունի մեծամասնական, թե համամասնական: Բայց կա մի նրբություն, եթե ընտրությունները մեծամասնական են, ապա գաղափարականությունը շատ ավելի ուժեղ է, այսինքն՝ կուսակցության մեջ կան գոնե չորս-հինգ գաղափարակիրներ, որոնք հստակ տանում են կուսակցության գիծը, իսկ եթե կուսակցությունը դառնում է համամասնական, գաղափարը լղոզվում է և գերակա է դառնում յուրաքանչյուրի ընտրվելու հանգամանքը, ոչ թե կուսակցության հիմանական գաղափարը։ Կարող եմ կարճ ձևակերպել․ մեծամասնականն ունի իր թերությունները, համամասնականը՝ իր, բայց սա այն կոնսեսուսը չէր, որը ստացանք, և պետք է մերժել այս համակարգը, որով կատարվեց մեր Ազգային ժողովի նախորդ երկու ընտրությունները:

-Նախկինում, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին, հետո այդ իրավունքը վերացվեց, հիմա, ըստ Ձեզ, արդյոք պե՞տք է վերականգնել նրանց իրավունքը, թե՞ այս առումով փոփոխություններ պետք չեն:

-Ինձ թվում է մենք ճակատագրի բերումով դրսում շատ հայեր ունենք, որոնք և՛ երկքաղաքացիություն կցանկանան ընդունել, և ՛ կուզեն մասնակցել ընտրությունների։ Պետք չէ մեր քաղաքացուն զրկել ընտրական իր իրավունքից: Բայց թե դա որքանով է ազդելու մեր քաղաքական դաշտի, քաղաքականության իրականացվան վրա, հարց է։ Բացի այդ, այս ընտրությունները ցույց տվեցին, որ այլ երկրներում ապրող քաղաքացիները այդքան էլ չեն տիրապետում մեր քաղաքական իրավիճակին: Բոլոր դեպքերում, որպես ընտրական իրավունք պետք է դա վերականգնել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է, կարողանա ընտրել։

-Ինչպե՞ս եք վերաբերվում կուսակցություններում և նաև արդեն խորհրդարանում սեռերի համամասնության գաղափարին ու քվոտաներ սահմանելուն:

-Անկեղծ ասած, երբ նոր էինք սկսել պայքարը քվոտավորման գաղափարն ինձ դուր չէր գալիս: Ես՝ որպես կին, վիրավորական էլեմենտ էի տեսնում դրա մեջ, որ եթե պետք է ընտրվեմ զուտ որպես կին, ուրեմն՝ չեմ էլ ուզում։ Բայց հետո կյանքը և աշխարհի փորձը ցույց տվեցին՝ քվոտավորման շնորհիվ էր, որ կանանց ինչ-որ տոկոս հաղթահարեց այդ կրիտիկական զանգվածը, և եկան իշխանության: Այսինքն՝ կարելի է նաև այդ փորձը կիրառել։ Իհարկե, կան և՛ լավ տղամարդիկ, և՛ լավ կանայք, և՛ պատրաստ տղամարդիկ, և՛ պատրաստ կանայք, բայց ամեն դեպքում կնոջ ներկայացածությունը խորհրդարանում, քաղաքականության մեջ նոր երանգ է բերում քաղաքականությանը: Դա նոր ռեսուրս է։ Ես կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ դիտարկում եմ որպես նոր, չկիրառված, չօգտագործված ռեսուրսների օգտագործում։ Եվ քանի որ Հայաստանը մարդկային ռեսուրսների վրա զարգացող երկիր է, պետք չէ մերժել կանանց ռեսուրսը:

Հնարավոր է, որ կանանց ակտիվ մասնակցության արդյունքում մենք ունենանք արդյունք, որովհետև ստեղծվել է խաղի կանոներ տղամարդկանց մեջ, և այդ կանոնները կարծրացել են, ու այդ կարծրացումը թույլ չի տալիս զարգացում: Կանանց մասնակցությունը, թեկուզ նրա համար, որ կոտրի այդ պատնեշները և խաղի կանոնների ավելի դասական մեթոդներ ներմուծի քաղաքականության, կարևոր է: Դա ցույց է տալիս նաև փորձը, ընտրությունների մասնակցության, քաղաքական կուսակցություններում կանանց ներկայացվածության, այսինքն, երբ կանայք ներկայացված են տղամարդկանց հետ, անհամերաշխությունն ի վնաս գործի արդյունքի, էապես պակասում է, քանի որ զգաստանում են կանանց ներկայությունից: Ես ընտրություններին մասնակցել եմ, երբ բիրտ օրենքներ էին գործում ՝ 1999 թվականին, ու երբ կար կին թեկնածու, դա մի քիչ մեղմում էր հարաբերությունները, մրցակցությունը:

Կարծում եմ՝ պետք է ստիպված լինենք այդ քվոտաները ընդունելու, բայց քվոտաներն էլ բերում են շատ պատահական կանանց մուտքի, բայց նաև շատ պատահական տղամարդիկ են իշխանության մեջ: Դրա համար պետք է մեկ ստանդարտով մոտենալ հարցին, եթե կարող են ոչ պատրաստ տղամարդիկ գալ քաղաքականություն, կարող են նաև ոչ պատրաստ կանայք գալ: Մեր քաղաքական փորձը ցույց տվեց, որ կանայք ավելի ակտիվ են, ավելի շատ են բարձրաձայնում հասարակության պահանջները, հետաքրքրությունները, քան տղամարդիկ: Դա տեսակի հարց է։ Վերջին հաշվով, կանայք ավելի հասանելի են ընտրողին։ Շատ կարևոր է, որ քաղաքացին մուտք ունենա Ազգային ժողով, կապեր ունենա, կոմունիկացիոն կապերը ավելի հեշտ լինեն: Այդ առումով կանանց ներկայացվածությունը ես գնահատում եմ, և անպայման մեծ քանակից կստացի արդյունք, որը շատ անհրաժեշտ է:

-Ձեր խոսքում նշեցիք, որ խորհրդարան անցնելու շեմը պետք է նվազեցնել, այս դեպքում հանրավոր է, որ խորհրդարանում անկայունություն ստեղծվի: Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվոմ կայուն մեծամասնության գաղափարին:

_Կայուն մեծամասնության գաղափարին, այն ինչ ունենք հիմա, շատ բացասական եմ վարեբերվում, որովհետև, եթե արդեն խորհրդարանում կա 70-80% ընտրողի ձայն ստացած ազգային ուժ՝ ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է, պետք է խաչ քաշել ժողովրդավարության վրա: Այսինքն՝ շատ ավելի լավ է, որ բանակցությունների, երկխոսությունների, նաև վեճերի շնորհիվ խորհրդարանը կայանա, քան լինի այդքան համերաշխություն մեկ անձի շուրջ կամ համերաշխություն՝ ընդհանուր շահից ելնելով։ Դա ոչ մի բան չի տա: Ես շատ վատ եմ վերաբերվում և ընդհանրապես չէի ուզի, որ օրենքը թույլ տար տոկոսային առումով որևէ կուսակցության այդքան ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, որովհետև սա այլևս ժողովրդավարություն չէ, պսեվդոժողովրդավարություն է:

Մինչև ԱԺ վերջին ընտրությունները, երբ քննարկվում էին այս հարցերը, ես առաջարկեցի, որ եթե իսկապես բոլորս եկել ենք մեր երազանքը իրականացնելու, լավ կլինի, որ ստեղծվի ժամանակավոր իշխանությունը, որը կլուծի սահմանադրության փոփոխության, Ընտրական օրենսգրքի փոփոխության, «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ հարցերը։ Դրա համար իշխանությունը վերցնի մեկուկես կամ երկու տարի, որից հետո բոլորը հավասար պայմաններով գնան ընտրության, դա կլինի ի շահ ժողովրդի, ի շահ երկրի և ի շահ պետականության: Իսկ հիմա մենք ուզում ենք պոչից հետ գնալ, ինչը միշտ շատ դժվար է, լավագույն ճանապարհը, երբ ամեն ինչ կատարում ես հերթականությամբ: Կառուցում ես շենքի հիմքը, պատերը, տանիքը, հետո նոր ներսի հարդարանքը: Հիմա ներսի հարդարանքից ուզում ենք դուրս գալ, և եթե դա մեզ չի հաջողվի, փակուղի է դառնալու:

-Ըստ RElection նախագծի ձևաչափի մեր բոլոր զրուցակիցները հաջորդ բանախոսին հարց ուղղելու հնարավորություն ունեն: Նախորդ անգամ խոսել ենք «Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանի հետ: Նրա հարցը հետևյալն է.

-Արդյոք, ըստ Ձեզ, Հայաստանը պետք է խորհրդարանակա՞ն պետություն լինի, թե՞ նախագահական:

-Ես կողմ եմ նախագահական պետություն լինելուն, որովհետև մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակի մեջ, մեզ պետք են օպերատիվ որոշումներ, մեզ պետք է նախագահ, որը կունենա այնքան վստայության քվե, որ կկարողանա ցանկացած իրավիճակում որոշում կայացնել: Օրինակ, երբ ապրիլյան պատերազմը եղավ, չնայած մենք ունեինք նախագահական համակարգ, այդ դեպքում էլ շատ դժվար էր որոշում կայացնել, որովհետև բազմաթիվ սուբյեկտների հետ պետք է գնա քննարկում: Այսինքն՝ նախագահին բավականին լիազորություններ պետք է տալ, բայց դա պետք է լինի վստահության շատ մեծ քվեի դեպքում: Մենք կուենանք այդպիսի նախագահ, ում ժողովուրդը կտա վստահության մեծ քվե, ես դժվարանում եմ ասել, բայց սա իմ ցանկությունն է: Ցանկացած համակարգի դեպքում հնարավոր է այնպես կառավարել, որ պետական շահը, ազգային շահը լինի բարձրակետ:

Անահիտ Աղոյանի հարցը՝ հաջորդ բանախոսին․

-Մի օրինակ պատմեմ։ 2012 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մի միջազգային կոնֆերանս՝ կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ, ԱՄՆ-ից մի պատվիրակ, որը մի քանի անգամ ընտրվել էր քաղաքապետ, ավագանու անդամները չէին ենթարկվել իրեն, չէին կատարել հրահանգները։ Եվ ինքը գնում է եկեղեցի՝ քահանայի մոտ, և ասում, որ այսպիսի իրավիճակ է: Այստեղ շատ կարևոր է բարոյական կոնտեքստը, քահանան այդ կնոջն ասում է՝ դուք ցինիկ եք: Այսինքն ես ուզում եմ, որ մենք գտնենք մեխանիզմներ, որ ցինիզմը քաղաքականության մեջ վերանա: Ցինիզմ է, որ հաճախ ժողովրդին առանց պատճառի դուրս է անում իշխանության դեմ։ Ցինիզմն էլ բարոյական կատեգորիա է, բայց նաև քաղաքական կատեգորիա է, և պետք է անպայման պայքարել դրա դեմ: Ինչպե՞ս պայքարել այդ ցինիզմի դեմ։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել