RElection նախագծի շրջանակում Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների թեմայի շուրջ զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանի հետ։

-Ըստ Ձեզ՝ արդյո՞ք կուսակցությունները պետք է ունենան գաղափարական հենք, կոնկրետ գաղափարական ուղղվածություն, թե՞ դա այսօրվա աշխարհում այդքան էլ կարևոր չէ։

-Միանշանակ կուսակցությունները պիտի հիմնված լինեն գաղափարական հենքի վրա։ Մենք պետք է հասնենք նրան, որ գաղափարները լինեն առաջին պլանում, ոչ թե անձինք։ Պետք է ձերբազատվենք «անձ-կուսակցություն» հասկացությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենսդրությունը ևս նպաստի այդ գործընթացին։ Մարդիկ պետք է ճանաչեն, իմանան, կարծիք արտահայտեն կուսակցության գաղափարների և ոչ թե կուսակցությունում ընդգրկվածների վերաբերյալ։ Մասնավորաբար, համամասնական ընտրակարգին անցնելը նույնպես պարտավորեցնում է, որ կուսակցությունները լինեն առաջին պլանի վրա։ Նախ նշեմ, որ «Կուսակցությունների մասին» օրենքն անցել է որոշակի պատմություն։ Առաջին անգամ ընդունվել է 1991 թվականին, օրենքը կոչվում էր «Հասարակական, քաղաքական կազմակերպությունների մասին»։ Համառոտ և բավականին թերություններով լի օրենք էր։ Ներկայիս օրենքը երրորդ փոփոխության արդյունքն է, ընդունվել է 2002 թվականին։ Սրանով էական փոփոխություններ մտցվեցին ամբողջ համակարգում, սահմանվեցին կուսակցությունների կազմավորման, գործունեության, նրանց նկատմամբ պետական հոգացողության և մնացած բոլոր հարցերը։ Այդտեղ արժեքավոր շատ նորմեր կան։ Առաջինը, որ օրենքը համապատասխանում էր կուսակցությունների ստեղծման և ազատ գործունեության վերաբերյալ սահմանադրական սկզբունքին։ Կան նաև որոշ արգելապատնեշներ, որոնք, ըստ իս, թերի են։ Օրինակ, սահմանվում է, որ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում Ազգային ժողովի կամ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրություններին, ապա նա Կառավարության կամ Ազգային ժողովի պահանջով կամ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կասեցվում է։ Կարող է կասեցվել մեկ տարի ժամկետով, այդ ժամանակահատվածում նա գտնվում է պասիվ վիճակում, չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, նվիրատվություններ ստանալ, միայն կարող է անդամավճարներ ներգրավել ու հարկեր, տուրքեր վճարել։ Եթե դա չի կարգավորվում, մեկ անգամ ևս կասեցվում է, բայց այստեղ բաց է մնում, թե հետո ինչ է լինում։ Չի ասվում, որ եթե երկրորդ անգամ կասեցումից հետո էլ չի ուղղվում այդ վիճակը, ապա կուսակցությունն արդեն կարող է արգելվել։ Սա թերի, թղթի վրա մնացած օրինադրույթ է։

-Ամեն դեպքում Դուք կո՞ղմ եք, որ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում այդ ընտրություններին, նրա գործունեությունը կասեցվի։

-Այո՛, իհարկե, կողմ եմ։ Մեր նպատակը պետք է լինի կուսակցությունների թիվը հնարավորինս կրճատելը, որովհետև քաղաքակիրթ երկրին, իսկ ես մեզ համարում եմ քաղաքակիրթ ազգ ու պետություն, հարիր չէ, սազական չէ հարյուրից ավել կուսակցություններ ունենալը։ Դա մի տեսակ մոդա է դարձել։ Պետք է գնալ ոսկե միջինի ընտրության ճանապարհով։ Նախ չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն կուսակցությունների գրանցման ու գործունեության համար, մյուս կողմից էլ պետք է որոշակի շրջանակներ սահմանել, որ եթե կուսակցությունները որոշակի նպատակների չեն ծառայում, նրանց գործելն ավելորդ է։ Պատահական չէ, որ 2002 թվականին՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո, կարճ ժամանակում մեծ թվով կուսակցություններ ինքնալուծարվեցին։ Բայց հետո մեկ էլ թիվը դարձավ 50-55, հետո նորից աճեցին ու դեռ շարունակում են աճել։ Լավ է, թող աճեն, բայց նրանց առաջ որոշակի պահանջներ պետք է դրվեն, որ եթե դուք ստեղծվում եք որպես կուսակցություն, պետք է ոչ թե ինչ-որ խոտոր նպատակների, ձայներ փախցնելու կամ սրա-նրա հետ գործարքների մեջ մտնելու նպատակով գործեք, այլ իրոք գաղափարների տարածման, ու հետևաբար պետք է համապատասխանեք դրված պահանջներին։

-Կուսակցությունների ֆինանսավորման ինչպիսի՞ մեխանիզմ է Ձեզ համար ընդունելի։

-Ներկա օրենսդրությամբ նախատեսված է պետության կողմից ֆինանսական աջակցություն այն կուսակցություններին, որոնք համապետական ընտրությունների ժամանակ ստացել են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ցուցակների օգտին տրված ձայների և անճշտությունների քանակի գումարի 3%-ը։ Չնայած այս նոր ներկայացվելիք օրինագծում դա, կարծես, իջեցվում է 2%-ի, բայց կարծում եմ, որ դա լավ թիվ է։ Լավ թիվ է, որ կուսակցությունները չստեղծվեն միայն նրա համար, որ խաբելով, ձայներ փախցնելով պետությունից ֆինանսավորում ստանան։ Իհարկե, պետությունը պարտավոր է խթանել կուսակցությունների ստեղծումը, բայց այստեղ էլ որոշակի սահմաններ պետք է լինեն։ Ես ինքս ունեմ կուսակցական գործունեության բավականին մեծ փորձ՝ սկսած 1995 թվականից, եղել եմ կուսակցությունների ղեկավար մարմիններում նաև, լավ գիտեմ այդ գործընթացները և այդ բոլորն ամփոփելով է, որ ասում եմ այս բառերը։

-Այդ դեպքում նորաստեղծ ու փոքր կուսակցություններն ինչպե՞ս պետք է զարգանան, եթե պետությունը որևէ կերպ չաջակցի իրենց։

-Մեր գործող օրենսդրությամբ ասվում է, որ կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցությունը համարվում է կազմավորված, եթե ներկա գտնվող առնվազն հարյուր մասնակից կողմ է քվեարկում։ Ընդ որում, ձևավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում կուսակցությունը պետք է դիմի համապատասխան մարմնին՝ տվյալ դեպքում արդարադատության նախարարությանը՝ գրանցման նպատակով։ Այդ պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 800 անդամ։ Գուցե այդ թիվը մեծ է, եկեք դա դարձնենք 500, դարձնենք 300, բայց այնուամենայնիվ, որոշակի քանակ պետք է սահմանվի։ Եվ եթե կուսակցությունն այդ ընթացքում գտնի, որ կարող է ինչ-որ գործ անել, ապա ֆինանսավորումն իրեն-իրեն կստացվի։ Մի մոռացեք, որ կուսակցությունները բացի պետության աջակցությունից ունեն նաև այլ եկամտաաղբյուրներ, և թե կան մարդիկ, որոնք ներգրավվում են այդ կուսակցության մեջ, թող նրանք նվիրատվություններ, ներդրումներ կատարեն, մինչև կուսակցությունը կհասնի որոշակի մակարդակի, որն իրեն թույլ կտա պետական ֆինանսավորում ստանալու։

-Ի՞նչ հիմնական փոփոխություններ է պետք կատարել Ընտրական օրենսգրքում։

-Ամենագլխավորը՝ պետք է անցում կատարվի 100% համամասնական ընտրակարգի։ Այդ մասին այնքան է խոսվել, բայց մինչև հիմա էլ դեռ չի արվել։ Եթե մեր զարգացումն իրոք գնում է կուսակցությունների դերի բարձրացման ուղղությամբ, ապա պետք է այդ ռեյտինգային ցուցակները հանվեն։ Այնպես պետք է արվի, որ մարդիկ իրենց ձայնը տան կուսակցություններին ու իրենց գաղափարներին։ Նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ մարդիկ ասում են՝ այսինչն իմ բարեկամն է, ու չեն ասում, թե որ կուսակցությունից է, դա կարևոր չէ, որ կուսակցությունից էլ լինի, քվեարկում են նրան։ Սա տանում է կուսակցությունների դերի արժեզրկման։

Մի բան էլ կա այստեղ․ ռեյտինգային ցուցակներով ընտրությունների անցկացումը հանգեցնում է նրան, որ ընտրությունները միջկուսակցական պայքարից վերածվում են անձնական պայքարի։ Այսինքն՝ տվյալ կուսակցության անդամները տվյալ տարածքում գոտեմարտի մեջ են մտնում, թե ով շատ ձայն կտանի, ու մի կողմ են թողնում կուսակցությունը, նրա գաղափարախոսությունը։

-Փա՞կ համամասնական ցուցակների կողմնակից եք, թե՞ բաց։

-Փակ։ Փակը ճիշտ է, գիտե՞ք՝ ինչու։ Եկեք վստահենք կուսակցություններին։ Մի բան էլ եմ ուզում նշել, սրա մասին երկար եմ մտածել։ Պետք է կուսակցություններին տալ իրենց ցուցակներով ընտրված պատգամավորների վրա ներգործելու իրավունք։ Եթե անձին քաղաքացիներն ընտրում են կուսակցության գաղափարախոսության պատճառով, հետևաբար այդ գաղափարախոսությունից հրաժարված և նրա ցուցակով խորհրդարան անցած պատգամավորը պետք է որոշակի պատասխանատվության ենթարկվի։ Ընդ որում, պետք է տրվի կուսակցության կողմից ձայների որոշակի մեծամասնությամբ նրան հետ կանչելու և ցուցակի հաջորդ համարին անցկացնելու իրավունք։ Այս դեպքում կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը չի մտածի, թե ունի ազատ մանդատի իրավունք, և կարող է ցանկացած պահի լքել կուսակցությունը։ Որովհետև շատերը հենց դրա համար էլ մտնում են կուսակցություն։ Մտնում են, որ հետո թողնեն։ Ասածիս մեջ, կարծում եմ, տրամաբանություն կա։

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մի հարցի էլ եմ ուզում անդրադառնալ, այս թեմայով այս տարվա սկզբին ես Ազգային ժողովում «ԵԼՔ» խմբակցության փորձագետ էի։ Ներկայացրել եմ օրինագիծ՝ հիմանվորումներով՝ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ տեղում ընտրելու իրավունքը վերականգնելու մասին։ Նշեմ, որ ուսումնասիրել եմ, և այս իրավունքը կա քաղաքակիրթ աշխարհի մի շարք երկրներում, ընդ որում, նախկին խորհրդային հանրապետություններում առանց բացառության, միայն Հայաստանում է, որ տեղի ունեցավ մի խայտառակ երևույթ։ Ո՞րն էր դա։ 2007 թվականի փետրվարի 26-ին մեր նախկին իշխանությունները Ընտրական օրենսգրքում կատարեցին շրջադարձային փոփոխություն։ Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածում ավելացվեց 5-րդ կետ, որտեղ պարզ գրված է, որ ՀՀ-ում ընտրություններն իրականացվում են միայն ՀՀ տարածքում։ Այս ելակետային դրույթի ուժով օրենսգրքի այն բոլոր հոդվածները, որոնք վերաբերում էին արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրական տեղամասեր հիմնելուն, ընտրություններ անցկացնելուն, ուժը կորցված ճանաչվեցին։ Մի քանի տարի անց, երբ գլխի ընկան, որ այդ մոտեցումը շատ խիստ է, 2011 ու 2016 թվականների օրենսգրքում փոփոխություն կատարվեց։ 2011 թվականի օրենսգրքով նախատեսվեց, որ որպես ընդհանուր դրույթից բացառություն, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձինք ու նրանց ընտանիքի՝ ընտրական իրավունք ունեցող անդամները կարող են տեղում մասնակցել ընտրություններին։ Իսկ մյուսը վերաբերում էր Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող ներկայացուցիչներին ու իրենց ընտանիքի անդամներին, որոնք ևս ընտրություններին մասնակցելու իրավունք ստացան։ Մասնակցությունը կատարվելու էր էլեկտրոնային եղանակով։ Ավելի ուշ՝ 2016-ին, բացառություն սահմանվեց նաև արտասահմանում երկարատև զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների համար։ Այս երեքը։ Հարց է առաջանում՝ այս մարդիկ ի՞նչ առավելություն ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բուժման նպատակով գտնվում են արտասահմանում կամ սովորում են այնտեղ և հետո պետք է վերադառնան Հայաստան, կամ առավել ևս, այն հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք կարիքի բերումով մեկնել են արտասահման՝ աշխատելու։ Փաստորեն, ի՞նչ արվեց։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պահպանվեց բոլոր քաղաքացիների հավասար ընտրելու սահմանադրական իրավունքը, բայց գործնականում զրոյի հավասարեցվեց դա, որովհետև աշխատանքի մեկնած որևէ քաղաքացի իրեն թույլ չի տա նման շռայլություն՝ գալու, ընտրելու ու նորից վերադառնալու։

Սրա պատճառի մասին չի խոսվել, բայց դա պարզից էլ պարզ էր։ Ուրեմն՝ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ արտասահմանյան մի շարք երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա և Նևադա նահանգներում, նախագահ Քոչարյանը խայտառակ պարտություն կրեց։ Այնտեղ ձայների ճնշող մեծամասնությունը տրվեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանին։ Սա մտահոգվելու առիթ էր։ Դրան գումարվեցին 2004 թվականի խայտառակ, արյունալի դեպքերն ու դրանց հաջորդած ռեպրեսիաները, քաղաքական ռեժիմի ակնհայտ խստացումները, որ կիրառվեցին այսօրվա ամբաստանյալ Քոչարյանի կողմից։ Քոչարյանին պետք էր, որ իր իշխանությունը փոխանցի, որովհետև երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չուներ, մանավանդ այն բանից հետո, երբ Պուտինը հրաժարվեց նախագահի պաշտոնից և դա զիջեց Մեդվեդևին, Քոչարյանին մնում էր միայն ընտրել մեկին, որի օրոք ինքն անվնաս կմնա, և այդ մեկը Սերժ Սարգսյանն էր։ Բայց որպեսզի դա լիներ, պետք էր՝ 2008 թվի նախագահական ընտրություններից առաջ 2007-ի խորհրդարանական ընտրություններում Քոչարյանի և Սարգսյանի կուսակցությունները որակյալ մեծամասնություն ստանային։ Սա պլան էր, որը ես անվանել եմ «պաշտոնափոխատեղման ծրագիր»։ Քոչարյանը կստանար վարչապետի պաշտոնը, եթե չլիներ մարտի 1-ը։ Այս ամենն ասացի, որովհետև այստեղ կարևոր էր նաև ընտրական գործընթացը վերահսկողության տակ պահելը։ Դրա համար մտածեցին այնպես անել, որ միայն այստեղի քաղաքացիներն ընտրեն։ Ի՞նչ գործ ունենք արտասահմանում բնակվողների հետ, որոնք կարող են ամեն տեսակի անակնկալներ մատուցել։

Եվ երբ ես ներկայացրել էի այդ օրինագիծը, նշել էի, որ հիմա նման խնդիր չկա։ Իշխանություններն ունեն բացարձակ վարկանիշ, որն ինչքան էլ նվազի, էլի կեսից ավելին կպահպանվի։ Չկա մտավախություն, որ կարող է վարկանիշն այնքան ընկնել, որ արտասահմանում բոլորը սկսեն դեմ քվեարկել ներկայում առաջարկվող ցուցակին։ Մանավանդ, որ հիմա մենք նախագահի ընտրության խնդիր չունենք, միայն Ազգային ժողովն է։ Ես վերջերս մի տեղ գրեցի, հիշեցրի պարոն Պաշինյանին, որ եթե Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունների ժամանակ այդ բանը չանեք, ուրեմն՝ դուք ևս ունեք այդ մտավախությունը։

-Եթե վերականգնենք արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ընտրությունների կազմակերպման առումով անհաղթահարելի դժվարություններ չե՞ն առաջանա։

-Իսկ մինչև այդ ո՞նց էր։ Նախ, պրակտիկան ցույց է տվել, որ մասնակցությունը շատ քիչ է, այդ քաղաքացներն իրենք պետք է մտնեն հյուպատոսարան, ցուցակագրվեն, դա միայն շահագրգռված անձինք են անում։ Նույնսիկ ամենահայաշատ երկրնեում, ինչպիսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն է, մեծ թիվ չեն կազմում մասնակցողները։ Բացի այդ, դա ավելորդ ծախսեր էլ չի պահանջում։ Հյուպատոսարաններն իրենց միջոցներով, իրենց աշխատակազմով դա կազմակերպում են, խնդիր չկա։ Կարեղ են նաև էլէկտրոնային եղանակով քվեարկել։ Օրինակ, ԱՄՆ-ում դա այսպես է իրականացվում․ արտասահմանում գտնվող քաղաքացին, որն ուզում է մասնակցել ընտրություններին, դիմում է բնակության վայրի համապատասխան մարմիններին, նրան փակ ծրարով քվեաթերթիկ են ուղարկում, քաղաքացին քվեարկում, էլի հետ է ուղարկում։ Ձևեր շատ կան։

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծով նախատեսվում էր, որ խորհրդարան անցած կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը պետք է իջեցվի։ Սրա վերաբերյալ ո՞րն է Ձեր մոտեցումը։

-Կարելի է։ Տեսե՛ք, մի կողմից խրախուսելի է դաշինքներ կազմելը, մանր կուսակցություններ ունեցող պետությունների համար ձեռնտու է, երբ երեք, չորս կուսակցություն միավորվում և միասին են մասնակցում, բայց որ տեսնում են՝ շեմը բարձր է, զգուշանում են։ Կարելի է իջեցնել դա, անհրաժեշտ է։

-Իսկ արդեն խորհրդարանի ներսում կոալիցիա կազմելու թվի սահմանափակմանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք պետք է վերացնել այդ սահմանափակումը, և եթե փոխվի դա, արդյո՞ք խորհրդարանում կայունության խնդիր չի առաջանա։

-Գործնականում քիչ է հավանական, որ նման բան կլինի։ Բայց ես դեմ եմ կայուն մեծամասնության գաղափարին։ Շատ երկրներում ի՞նչ է տեղի ունենում։ Ընտրություններից հետո համեմատաբար մեծ թվով քվեներ ստացած կուսակցությունը, որն ունի կառավարություն ձևավորելու իրավունք, բայց թիվը չի բավարարում, ուղղակի կոալիցիա է կազմում մյուս խմբակցությունների հետ։ Շատ քիչ է պատահում, որ կոալիցիա կազմելը չհաջողվի։ Եթե հազարից մի անգամ կպատահի, որ կոալիցիան չի հաջողվի, թող նոր ընտրություններ անցկացնեն։

Հետո տեսեք, թե կայուն մեծամասնությամբ ինչ կարող է ստացվել, որը նոնսենս է ինձ համար։ Ասվում է, որ ընդդիմությունը պետք է իշխող կուսակցության թվաքանակի կեսի չափ լինի։ Այսինքն՝ պետք է խորհրդարանի ընդհանուր թվաքանակի ⅓-ը ընդդիմությունը լինի։ Բայց ենթադրենք՝ ես ընդդիմություն եմ, հավաքել եմ 5% ձայն, և ուրիշ մեկը չկա, ավտոմատ կերպով իմ ցուցակի այն չարժող մարդիկ, որոնց հենց այնպես մտցրել ենք թվաքանակ ապահովելու համար, անցնում են խորհրդարան՝ ⅓-ն ապահովելու համար։ Դա աններելի է։ Ընդդիմությունն ինքը պետք է լինի այնպիսին, որ նորմալ, օրիանական ընտրությունների պայմաններում հավաքի այնքան ձայն, ինչին արժանի է։ Թե չէ այսպես անարժան տեղ է զբաղեցնում։ Հավաքել է, ենթադրենք, հարյուր հազար ձայն, բայց երեք հարյուր հազար ձայնի համարժեք պատգամավորական մանդատ է ստանում։

-Խորհրդարանում երկու սեռերի համամասնությունն ապահովելու համար սահմանված քվոտաներին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Պետք է հանվի դա։ Ամոթ էլ է։ Եթե մենք նորմալ, քաղաքակիրթ երկիր ենք, կարող է կանայք շատ ավելի շատ լինեն խորհրդարանում։ Եթե քվոտա ենք սահմանում, նշանակում է կայացած երկիր չենք։

-Հասկանալի է, որ քվոտավորումն արհեստական է, և դրա հետևանքով խորհրդարան կարող են անցնել պակաս քաղաքականացված և պրոֆեսիոնալ կանայք, բայց դա չի՞ նպաստի, որ հետագայում կանայք ավելի շատ ներգրավվեն։

-Եթե կանայք ցանկանան ներգրավվել քաղաքականության մեջ, անկախ ամեն ինչից իրենք կներգրավվեն։ Կուսակցություններն էլ, եթե մի քիչ հեռատես, խելքը գլխին ղեկավար կազմ ունենան, իրենք շահագրգիռ կլինեն, որ կանանց թիվը մեծանա, որովհետև կանայք ավելի ներգրավող են մարդկանց։ Ամեն դեպքում, քաղաքակիրթ աշխարհին հարիր չէ գենդերային այդպիսի սահմանափակում մտցնելը։

Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին:

Նորիկ Եղիազարյանի հարցը․

-Դուք Հայաստանի Հանրապետության համար պետական կառավարման ո՞ր ձևն եք նախընտրելի համարում՝ խորհրդարանակա՞նը, թե՞ նախագահականը։

Աստղիկ Քեշիշյան