RElection [#26] Պետք է արգելել ընտրատեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի. Արմեն Ալավերդյան
19:00 - 19 նոյեմբերի, 2019

RElection [#26] Պետք է արգելել ընտրատեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի. Արմեն Ալավերդյան

Ընտրական իրավունքի թեմայով RElection նախագծի շրջանակում այս անգամ անդրադրաձել ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքին։ Զրուցել ենք «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ։

-Պարո՛ն Ալավերդյան, նախ անդրադառնանք տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց՝ ընտրական գործընթացում ունեցած խնդիրներին։ Թեև Հայաստանն անցել է համընդհանուր ներառական կրթության, իսկ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը հենց դպրոցներում է, այնուամենայնիվ, պարզ է, որ նրանց ընտրական իրավունքը լիարժեք ապահովված չէ։ Ի՞նչ խնդիրներ եք դուք արձանագրել, և ի՞նչ լուծումներ եք առաջարկում։

-Ցավոք սրտի այդ համընդհանուր ներառական կրթություն ասվածն ավելի շատ թղթի վրա է, քան իրականության մեջ։ Մենք ականատես ենք բազմաթիվ և՛ ֆիզիկապես, և՛ այլ առումներով ոչ մատչելի, ոչ հարմար դպրոցների։ Հիմա, երբ խոսում ենք ընտրությունների մասին և հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում ենք որպես ակտիվ քաղաքացի, որպես ընտրող, պետք է նշեմ, որ իսկապես, ամենաշատ ու բարդ խնդիրները կապված են հիմանականում սայլակ օգտագործող, բայց նաև հենաշարժողական այլ խնդիրներ ունեցող ընտրողների հետ։ Սայլակ օգտագործող մարդիկ չեն կարող մուտք գործել մեր ընտրատեղամասերի գերակշռող մեծամասնությունը, կամ եթե կարող են, ապա միայն ուրիշի օգնությամբ, ինքնուրույն չեն կարող, ինչն անընդունելի է։ Այստեղ միակ ելքն այն է, որ ուղղակի պետք է արգելել տեղամասերի տեղակայումն այնպիսի վայրերում, որտեղ չի կարող մտնել որևէ քաղաքացի։ Գուցե ֆանտաստիկայի ժանրից է հնչում, բայց եթե մենք իրավունքի գերակայության մասին ենք խոսում, և ես, ինչպես և Դուք կամ մեկ այլ քաղաքացի ունենք նույն անձնագիրը և ընտրելու նույն իրավունքը, ուրեմն՝ ես էլ ձեզ նման չպետք է ունենամ որևէ խոչընդոտ կամ օգնության կարիք՝ տեղամաս մտնելու։ Իսկ անձամբ ես շատ դժվարություններ ունեմ, որովհետև հենց այն տեղամասը որտեղ քվեարկում եմ՝ Մայակովսկու դպրոցի շենքում, ունի աստիճաններ, որոնց շատ հեշտ կարելի է չեզոքացնել, բայց տասնամյակներ անցնում են, և ոչ մի բան չի արվում։

Ասում եմ արգելել, որովհետև եթե օրենսդրորեն սահմանվի, որ տեղամասը պարտադիր պետք է հարմարեցված լինի բոլորի համար, արդյունքում ստիպված կլինեն սայլը տեղից շարժել։ Կարևոր է մուտքը, ինչպես նաև քվեատուփին հասնելը, կան նաև այլ նրբություններ, օրինակ, թե ինչպես է տեղադրված քվեախցիկը։ Պատահում է՝ սխալ տեղ են դնում, և հնարավոր չէ այնտեղ տեղավորվել սայլակով, բայց դա հեշտ լուծվող հարց է, ուղղակի իրազեկման խնդիր է։ Հաճախ այդպիսի ընտրողներին առաջարկվում է դրսում քվեարկել, ինչն էլի ընդունելի չէ, քանի որ դրսում Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործընթացներն ապահովել հնարավոր չէ, և խախտվում է փակ, գաղտնի քվեարկության սկզբունքը։ Ասում են՝ լավ, բա ի՞նչ անենք, չունենք այդքան քանակի հարմարեցված տարածքներ, և սովետական տարիներից մնացած դպրոցի շենքերը հիմանակնում հարմարեցված չեն, ի՞նչ անենք։ Ուրեմն՝ պետք է ունենանք պետականորեն հաստատված գործողությունների պլան՝ ժամանակացույցով, պատասխանատուներով, բյուջեով, որպեսզի պարզ դառնա, թե երբ են բոլոր տեղամասերը հարմարեցված լինելու։ Իսկ որպես ժամանակավոր լուծում կարելի է այլընտրանքային միջոցներ կիրառել։ Կարող են լինել շրջիկ քվեատուփեր, որոնք եղել են մեր անկախության առաջին տարիներին, իսկ հետո հանվել են շրջանառությունից՝ իբրև թե դա կեղծիքների բուն է, բայց գիտենք, որ ցանկության դեպքում կեղծիքներ կարող են լինել ամեն տեղ և կարող են չլինել, եթե կա կամք։

-Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչ էին շրջիկ քվեատուփերը։

-Հանձնաժողովի մի անդամ՝ դիտորդի ուղեկցությամբ, կամ նման մի խումբ այցելում է այն մարդկանց, որոնք նախապես դիմում են ներկայացրել, որ ի վիճակի չեն հասնելու տեղամաս։ Ի դեպ, սա միայն սայլակ օգտագործող մարդկանց չէ որ վերաբերում է, կարող է լինել անկողնային հիվանդ կամ շատ ծեր մարդ, կամ մարդ, որն ինչ-որ խնդրի պատճառով ժամանակավորապես շարժունակության դժվարություններ ունի և այդ կարևոր ընտորությունների ժամանակ չի կարող հասնել ընտրատեղամաս։ Այս այլընտրանքը միշտ պետք է լինի։ Ես հիշում եմ, որ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ մեր տուն էին բերել քվեատուփը, և նորմալ ընթացակարգով գործընթացն իրականացվել է, այնպես, ինչպես ընտրատեղամասում։ Իհարկե, սա չի վերացնում տեղամասերի մատչելիության խնդիրը, ուղղակի լավ այլընտրանք է, որովհետև միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք տվյալ պահին չեն կարողանա ընտրատեղամաս հասնել։

-Իսկ ի՞նչ խնդիրների են բախվում տեսողության խնդիրներ ունեցող անձինք։

-Տեսողության խնդիրներ ունեցող կամ կույր մարդիկ ունենում են միայն մեկ խնդիր՝ նրանք չեն կարողանում ինքնուրույն ընտրել։ Կան, իհարկե, գործընթացներ՝ օգնելու կույր մարդկանց, սակայն այս դեպքում խախտվում է նրանց ընտրության գաղտնիության սկզբունքը, և նրանք ստիպված են ապավինելու իրենց օգնող մարդու ազնվությանը։ Նշեմ, որ այս հարցում մենք նախորդ տարիների հետ համեմատ մեկ քայլ հետ ենք կատարել, քանի որ առաջ ունեցել ենք հատուկ կաղապար չտեսնող ընտրողների համար, որը թույլ էր տալիս կույր ընտրողին կաղապարը համատեղել քվեաթերթիկի հետ և լրիվ ինքնուրույն ու գաղտնի կատարել քվեարկությունը։ Դա շատ հարմար էր, բայց հետո ընտրական համակարգն այնքան բարդացավ, որ այլևս տեխնիկապես անհնար դարձավ այդ մեթոդը։ Եվ արդյունքում ունեցանք այս հետքայլը, երբ մարդիկ, որոնք չեն տեսնում, ստիպված են կա՛մ չմասնակցել ընտրություններին, կա՛մ ապավինել ինչ-որ մեկի օգնությանը, իսկ այդ դեպքում ընտրողը երբեք չի կարող համոզված լինել, որ հենց իր կամքն է արտահայտում այն մարդը, որն իրեն օգնում է, հատկապես, եթե ինչ-որ պատահական մեկն է։

-Նախորդ ՏԻՄ ընտրություններից մեկի ժամանակ լրագրողներն արձանագրել էին, որ ընտրատեղամասերում խոշորացույցներ չկան։ Պարզաբանում էր տրվել, որ համապետական ընտրությունների ժամանակ է միայն խոշորացույց տրամադրվում, իսկ ՏԻՄ ընտրությունների համար դա նախատեսված չէ։

-Խոշորացույցները շատ հարմար են, ես զարմանում եմ՝ այստեղ խնդիրը որն է։ Դա հարմար է ոչ միայն կույր մարդկանց համար, այլև տարիքի կամ այլ պատճառներով այդ մանր տառատեսակը դժվար ընթերցող, վատ տեսնող մարդկանց համար։ Համապետական ընտրությունների ժամանակ շատերն օգտվել են դրանցից և ինքնուրույն քվեարկել, եթե իհարկե նրանց թույլ են տվել օգտվել։ Ես այդ խնդիրը նկատել եմ որպես դիտորդ, երբ մեր կազմակերպությունը դիտորդություն էր անում։ Որոշ տեղամասերում խոշորացույցը պահված էր սեյֆում, ու երբ հանձնաժողովի նախագահին հարցնում էինք, թե ուր է, ինչու չեն հանում, պատասխանում էին՝ որ չկորի։ Բա էլ դրա իմաստը ո՞րն է։ Ասում էին՝ եթե ուզող լինի, կտանք, բայց բոլորը պարտավոր չեն իմանալ, որ նման հնարավորություն կա։ Պետք է, ընդհակառակը, տեսանելի տեղում դրվի, որ մարդիկ հանգիստ օգտվեն։ Սա, կարծում եմ, տեխնիկական խնդիր է, իրազեկվածության պակասի կամ ոչ պատշաճ վերաբերմունքի հետևանք։ Սա ո՛չ լուրջ ֆինանսների հետ է կապված, ո՛չ էլ քաղաքական կամքի, ուղղակի պետք է կատարել ու վերջ։

-Անդրադառնանք լսողության խնդիրներ ունեցող կամ խուլ մարդկանց ունեցած դժվարություններին։

-Նրանք ոչ մի խնդիր չունեն քվեարկության ժամանակ, հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցման խնդիրը հեշտ լուծելի է, որովհետև եթե նրանք իրազեկված են գործընթացի մասին, իրենց ոչ մի բան չի խանագարում ընտրել։ Իսկ նրանք հեռուստացույցով ժեստերի լեզվի զուգորդությամբ տեսնում են, թե ինչպիսինն է քվեարկելու պրոցեսն ու կարողանում են առանց ավելորդ հարցերի, ավելորդ շփման կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Նրանք ունեն այլ խնդիր։ Վերջին տարիներին ԿԸՀ-ն այդ հոլովակները պարտադիր ժեստերի լեզվի թարգմանությամբ է տրամադրում, բայց նույնը չեն անում կուսակցությունները։ Քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, դա անտեսում են, թեև ասել, որ նրանք իրազեկված չեն, մի քիչ սուտ կլինի։ Մեր «Ունիսոն»-ը և այլ հ/կ-ներ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են այս մասին, որ ձեր գովազդային նյութերը, չենք ասում բոլոր հանդիպումները, որովհետև այդքան ֆինանս գուցե չունեն կուսակցությունները, որ ամեն ինչի համար սուրդոթարգմանիչ ունենան, բայց գոնե հիմնական, ամենակարևոր հոլովակները լինեն ժեստերի լեզվի թարգմանությամբ, որ խուլ ընտրողները կարողանան կողմնորոշվել, թե ում են ընտրում, ինչի համար են ընտրում, ինչ խոստումներ են տալիս նրանք, երկրի զարգացման ինչ տեսլական ունեն։

Նշեմ նաև, որ բացի հեռուստաքարոզարշավից, լինում են նաև հանդիպումներ, ժողովներ հրապարակներում, դահլիճներում, որտեղ ևս չի ապահովվում ո՛չ սուրդոթարգմանություն, ո՛չ էլ մտածում են տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին։ Փաստորեն, մենք՝ սայլակ օգտագործողներս ևս հաճախ զրկված ենք քաղաքական ուժերին հանդիպելու, կենդանի շփման, հարց տալու հնարավորությունից և ստիպված ենք ապավինել միայն հեռուստալրատվությանը։

Որոշակի խնդիրներ կան նաև մտավոր խնդիրներ ունեցողների վերաբերյալ։ Սա շատ խնդրահարույց ու վիճելի թեմա է, որովհետև մի կողմից այդ մարդիկ ևս ունեն բոլոր իրավունքները մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից կան այնպիսի վիճակներ, երբ մարդն ընդհանրապես չի ընկալում, թե ինչ գործընթացի է մասնակցում, ինչի համար է անում դա։ Այստեղ լուրջ կարգավորումներ ու միջազգային փորձի լուրջ ուսումնասիրություն է պետք, որպեսզի օգտվելով մարդկանց անօգնական վիճակից՝
նորից չարաշահումներ չարվեն։

-Անդրադարձանք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին, հիմա խոսենք նրանց՝ քաղաքական կյանքում ներկայացվածությունը մեծացնելու թեմայով։ Ի՞նչ քայլեր պետք է կատարի պետությունն այս ուղղությամբ։

-Մինչ այս, ինչ քննարկում էինք, Ընտրական օրենսգրքով կարագվորվող հարցեր էին, իսկ ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներում հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ակտիվ մասնակցությանը, այս դեպքում խոսքը վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքին։ Բայց ես այս մասով մի կարծիք հայտնեմ, որը երևի տարբերվում է շատերի կարծիքից․ ես դեմ եմ քվոտավորմանը։ Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ կանանց համար նախատեսված քվոտավորումը, որը պարտադիր է, ձևական բնույթ է կրում ու այնքան էլ աշխատող մեխանիզմ չէ։ Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է ընտրեն որևէ մեկին միայն նրա համար, որ նա հաշմանդամություն ունի։ Կարծում եմ՝ այստեղ այլ մեթոդ է պետք, կարելի է սահմանել, որ կուսակցությունների գրասենյակները, գոնե հիմնական մասնաճյուղերը պարտադիր հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Հարմարեցված լինեն բոլոր առումներով, միայն չմտածեն սայլակ օգտագործող մարդկանց մասին, այլ նաև տեխնիկապես, ծրագրային, բովանդակային, ինֆորմացիոն առումով, որպեսզի մարդկանց համար հնարավոր լինի հասկանալ՝ ինչ կուսակցություն է, ինչպես, երբ կարելի է հանդիպել, զրուցել ղեկավարների հետ և այլն։ Այդպես մարդիկ ավելի շատ կընդգրկվեն։ Այսինքն՝ պետք է ոչ թե օրենսդրորեն սահամանել, որ պարտադիր պետք է հաշմանդամություն ունեցող թեկնածուներ լինեն, այլ պետք է դա բխի իրականությունից, որ մարդիկ իրոք շահագրգռված լինեն, հետաքրքրվեն, սկսեն ակտիվ մասնակցել բոլոր գործընթացներին։ Արդյունքում՝ ժողովուրդը նրանց կընտրի՝ ըստ իրենց ունակությունների, գաղափարների, ոչ թե ուղղակի այն տրամաբանությամբ, որ այս մեկը հաշմանդամություն ունի, ուրեմն՝ անպայման պետք է ցուցակում լինի։  

-Քվոտավորման կողմնակիցները, սակայն, նշում են, որ սկզբնական շրջանում այս կարգավորումը թեև արհեստական կլինի թե՛ հաշմանդամություն ունեցողների, թե՛ կանանց առումով, բայց դա կօգնի, որ հետագայում հանրությունն ավելի նորմալ ընդունի նրանց ներկայությունը քաղաքական դաշտում և այդ մարդկանց էլ կշահագրգռի ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին։

-Համաձայն չեմ, նախ, որովհետև մենք ունեցել ենք այդպիսի պատգամավորներ, ունեցել ենք չտեսնող պատգամավոր բավականին ակտիվ, միշտ էլ ունեցել ենք հաշմանդամություն ունեցող պետական պաշտոնյաներ, որոշ դեպքերում դա շատ ակնհայտ էր, դրա մասին խոսվում էր, որոշ դեպքերում դա չի թմբկահարվել, բայց էական չէ դա։ Կարծում եմ՝ հանրությունը նորմալ է ընդունում այն պետական պաշտոնյային, այն պատգամավորին, որն աշխատում է, որն արդյունավետ է աշխատում։ Նույն բանն է, երբ, օրինակ, հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատում են սպասարկման ոլորտում։ Մարդիկ երբ մտնում են այդպիսի սպասարկման կենտրոններ, իրենց հետաքրքիր չէ՝ իրեն սպասարկողը տեղաշարժման խնդիր ունի, թե լսողության, թե որևէ այլ խնդիր, եթե դա չի ազդում սպասարկման որակի վրա։ Եթե իրեն լավ են սպասարկում, նա գոհ է,  կաշխատի հաջորդ անգամ նորից նույն աշխատակցի հետ շփվել։ Իսկ եթե վատ են սպասարկում, ի՞նչ կարևոր է, թե որն է պատճառը։ Նույնը քաղաքականության մեջ է, եթե տեսնում ես, որ պաշտոնյան շատ լավ է աշխատում, առաջ է տանում իր ոլորտը, նրա հաշմանդամություն ունենալը կարևոր չի լինում։

Նշեմ, որ ինչ վերաբերում է կանանց քվոտային, դա իմ ոլորտը չէ, ես ուղղակի օրինակ բերեցի։ Այո՛, դա աշխատում է, բայց, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չէ, որքան ուզում էինք, և էլի մի քիչ արհեստական բնույթ ունի։ Եվ հետո, ես չեմ կարծում, թե մենք այնքան չտես ազգ ենք, որ եթե օրինակ կին նախագահ կամ վարչապետ ունենանք, դրանից շատ կզարմանանք կամ կքննադատենք։ Այդ դարն անցել է։ Մեզ հետաքրքրում է արդյունքը։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել