RElection [#10] Կուսակցությունը չի ցանկանում իշխանության գալ, ուրեմն դա կուսակցություն չէ․ Խաչիկ Հարությունյան
13:00 - 06 հոկտեմբերի, 2019

RElection [#10] Կուսակցությունը չի ցանկանում իշխանության գալ, ուրեմն դա կուսակցություն չէ․ Խաչիկ Հարությունյան

RElection նախագծի շրջանակներում «Կուսակցություների մասին» օրենքի թեմայով զրուցել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանի հետ։

- Պարո՛ն Հարությունյան, RElection նախագիծը շարունակական է, և շարքի յուրաքանչյուր փորձագետ հնարավորություն ունի հարց ուղղել հաջորդ փորձագետին, որի հետ մենք հարցազրույց ենք անցկացնելու։

Կուսակցությունների մասին օրենքի թեմայով մեր նախորդ զրուցակիցն Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էր։ Նա Ձեզ ուղղել է հետևյալ հարցը․

«Արդո՞ք Դուք տեսնում եք սփյուռքահայերի մասնակցությունը կուսակցությունների կայացման գործում։ Եթե այո, ինչպիսի՞ եղանակներով, և եթե ոչ, ապա ո՞ր հիմնավորումներով եք դեմ այդ կարծիքին»։

- Խնդիրը ավելի խորն է, և կարծում եմ՝ պետք է բաժանել հարցը երկու մասի․ ինչպե՞ս եմ տեսնում սփյուռքահայերի մանակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին, դա մեկ բան է, և մեկ այլ բան է սփյուռքահայերի մասնակցությունը կուսակցությունների կայացման գործընթացին։

Բոլորս գիտենք՝ կան կուսակցություններ, որոնք ձևավորվել են Հայաստանում սփյուռքի կողմից և տարիներ ի վեր պահպանվել են սփյուռքի կողմից և այս ժամանակներ են հասել հենց սփյուռքի օգնությամբ։

Մեր երեք ավանդական կուսակցությունները ձևավորվել են հենց թուրքական բռնապետության ժամանակ, և սփյուռքն է այնուհետև նրանց տարիների ընթացքում աջակցել։ Սա մեկ հարց է, եկեք դրան չանդրադառնանք։

Ավելի կարևոր հարց է սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին։ Սրա հետ կապված ինձ մոտ կան լուրջ մտահոգություններ, որովհետև մենք սփյուռք որ ասում ենք, չպետք է պատկերացնենք այն իդեալական հայի տեսակին, որը պատրաստ է ամեն ինչ զոհել հանուն իր երկրի կայացման, երկրի հզորացման, հանուն հայրենիքի։ Չկա այդպիսի ազգ, որ չունենա մարդիկ, որոնք այլ պետությունների շահերը ավելի են գերադասում, քան թե սեփականը, որոնք վտանգներ կարող են ստեղծել՝ մեր երկրում ներմուծելով այլ երկրների քաղաքական շահերի առաջմղման օրակարգը։

Դիցուք, եթե այս առումով մենք բացում ենք Հայաստանի քաղաքական դաշտը ազգությամբ հայերի հանդեպ, բոլորի հանդեպ, ինչպե՞ս ենք վերաբերվելու Կրեմլի կողմից ֆինանսավորվող քաղաքական շրջանակների ազդեցությանը Հայաստանում։ Այսինքն՝ ավելի կոնկրետ, Կրեմլի հստակ օրակարգը առաջ տանող ազգությամբ հայերին, թեկուզ նաև քաղաքացիությամբ հայերին, բայց որոնք գտնվում են Կրեմլի ազդեցության տակ և փորձում են Կրեմլի միջոցով Հայաստանի ներքին քաղաքական կյանքում փոփոխություն մտցնել։ Արդյո՞ք դա մենք ուզում ենք։ Սա հարց է, որ պետք է մենք ինքներս մեզ կարողանանք տալ։

Նույնը կարելի է ասել այլ կենտրոնների մասին, ուղղակի Կրեմլի օրինակը շատ վառ օրինակ է, որ միանգամից մարդկանց մտահոգվելու տեղ է տալիս, որվհետև, ցավոք սրտի, Հայաստանը, ինձ թվում է, իր վրա շատ լուրջ է զգացել մեր հյուսիսային հարևանի տարբեր հավակնությունների ազդեցությունը տարիների ընթացքում։

Սա հարց է, որը պետք է ազգովի տալ, սա հարց է, որ ես միայն ինքս չեմ կարող տալ, ասել այո կամ ոչ։ Ըստ ինձ՝ պետք է փակ լինի, Հայաստանի քաղաքական կյանքը պետք է բացառապես բաց լինի Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ապրում են ՀՀ-ում, որովեհետև հակառակն ինձ համար ուղղակի ընկալելի չէ․ ես չեմ կարող ապրել Բուրկինա Ֆասոյում և նույն ջանասիրությամբ մտածել և ծառայել Ֆրանսիայի Հանրապետությանը։
Մեր երկրում միակ բացառությունը եղել է Շառլ Ազնավուրը, որը 100 տոկոսանոց հայ էր և 100 տոկոսանոց ֆրանսիացի, բայց կներեք, Շառլ Ազնավուր ընդամենը դարը մեկ է ծնվում, մյուսների դեպքում շատ լուրջ ռիսկեր կան։

Իմ անձնական կարծիքով պետք է փակ լինի, բայց ես նաև կարծում եմ, որ այս հարցը շատ կարևոր է և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության կարիք ունի։ Քննարկում պետք է ծավալվի երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, որպեսզի արդեն համազգային կոնսենսուսի գանք մենք այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ՝ այդ քննարկման ժամանակ միանշանակ դեմ եմ արտահայտվելու։

- Պարո՛ն Հարությունյան, կուսակցությունների պետական ֆինանսավորումը բավարա՞ր է, որ կուսակցություններն ապահովեն իրենց ծախսերը և լիարժեք գործունեություն ծավալեն։

- Ներկայիս կուսակցությունների պետական ֆինանսավորման ծավալները ծիծաղելի քիչ են, և ֆինանսավորման բանաձևն էլ, կարծում եմ, որ ճիշտ չէ, և ընդհանրապես այս առումով մենք շատ լուրջ խնդիրներ ունենք։ Ենթադրենք, ընտրությունների ժամանակ 3 տոկոս կողմ ստացած քվեներով կուսակցությունը ֆինանսավորում բացարձակապես չի ստանում, իսկ այդ 3 տոկոսը կարող է տատանվել ընտրությունից ընտրություն 50-ից 100 հազար հոգի։ Դուրս է գալիս, որ այդ 50-ից 100 հազար ընտրողին պետությունը արհամարհում է, և այդ մարդիկ չեն ունենում իրենց ներկայացուցիչը քաղաքականության մեջ, որպեսզի իրենց շահերն առաջ մղի։

Կարծում եմ, որ այս իրավիճակը շատ սխալ է, շատ վատ է, ոչ արդյունավետ է։ Միգուցե որոշ երկրների համեմատությամբ որ նայում ենք, ամեն ինչ կարգին է մեզ մոտ, որովհետև միջին, ըստ էության 3 ու կես տոկոս ձայն հավաքած կուսակցություններին տրվում է պետական ֆինանսավորում, բայց ֆինանսավորման գումարն է շատ ծիծաղելի քիչ։

Մենք այստեղ լիքը անելիքներ ունենք՝ սկսած նրանից, որ տոկոսը պետք է իջեցնել․ այդ շեմը ոչ թե 3 տոկոս, այլ գոնե 1 տոկոս դառնա, և այդ 1 տոկոսը լինի շոշափելի գումար, որպեսզի կուսակցությունը կարողանա ինքը ապրել և գործունեություն ծավալել՝ գնալով դեպի մյուս ընտրություններին։

Դեռևս Մաքս Վեբերն էր ասում, որ կուսակցական համակարգի արյունատար անոթները ֆինանսներն են։ Եթե ֆինանս չունի կուսակցությունը, ապա շատ դժվար է նրա համար ապրել։ Եթե մենք ուզում ենք ունենալ բազմակարծիք հասարակություն, որտեղ կուսակցությունները ներկայացնում են հասարակության տարբեր սեգմենտների շահերը և իսկապես նրանց են ծառայում և ոչ թե մեծահարուստներին, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պետական ֆինանսավորումը լինի բավականաչափ որոշակի կուսակցությունների հանդեպ, այսինքն՝ ոչ թե նրանց, որոնք հավակնում են 0,010 տոկոսի, դա ուղղակի ծիծաղելի է, այլ որոնք շոշափելի ձայն են հավաքում, շոշափելի մարդկանց խումբ են ներկայացնում։

- «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական բյուջեից հատկացվող միջոցները կուսակցություններին բաշխվում են ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն։ Սա մրցակցային անհավասար պայմաններ չի՞ ստեղծում։

- Ընդունված այլ պրակտիկա էլ կա, երբ ավելի քիչ ձայն հավաքած կուսակցությանն է ավելի շատ գումար տրվում։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք լուրջ խնդիրներ չունենք իրականում։ Մոտեցումների հարց է, այնպես չէ, որ սա միանշանակ ճիշտ է, այն մի բանաձևը միանշանակ սխալ։ Սա, իմ կարծիքով, երկու ճիշտ մոտեցումների միջև ընտրություն կատարելու խնդիր է, և այս առումով ես լուրջ, էական խնդիրներ չեմ տեսնում։ Խնդիրը հիմնականում նա է, որ ֆինանսավորումը լինի բավականաչափ այն կուսակցությունների համար, որոնք շոշափելի քանակի ընտրողների են ներկայացնում։

- Բայց այդ դեպքում կուսակցությունը, որը հաղթել է ընտրություններում և արդեն իշխանության է եկել, ստանում է ավելի շատ ֆինանսավորում, քան այն կուսակցությունները, որոնք չեն անցել Ազգային ժողով կամ էլ անցնել են ավելի քիչ ձայներով։

- Ըստ էության մենք հիմա խոսում ենք պոզիտիվ դիսկրիմինացիայի անհրաժեշտության մասին կուսակցությունների ֆինանսավորման համակարոգում։ Նույն բանն է, երբ, օրինակ, ԱՄՆ-ում սևականներին պոզիտիվ դիսկրիմինացիայի են ենթարկում, և եթե անգամ նրանք քիչ բալ են հավաքել համալսարան ընդունվելու համար, միևնույն է, նրանց ընդունում են:

Իմ կարծիքով պոզիտիվ դիսկրիմինացիան որոշ դեպքերում սխալ է: Եվ այս ֆինամսավորման համակարգի հետ կապված ևս ես կարծում եմ, որ այսպիսի մոտեցումը միգուցե սխալ է: Ես նախընտրում եմ ավելի շատ սա, բայց սա քննարկման առարկա պետք է լինի, և վերջում կրկին ողջ քաղաքական դաշտի ներկայացուցիչները միասին գան կոնսենսուսի: Ինչի՞ համար սա կարող է լինել ոչ արդյունավետ (ասենք այդպես, ոչ թե ոչ ճիշտ), որովհետև մեր կուսակցական համակարգը, ըստ էության, դեռևս կայացած չէ, նոր է կայանում: Երբ երկիրը այսպիսի պատմական փուլի մեջ է գտնվում, դեռ նոր պետք է կայանա իր կուսակցական համակարգը, քանի որ նաև նոր ենք անցել մենք պառլամենտարիզմի, մենք սկսում ենք պոզիտիվ դիսկրիմինացիայի ենթարկել, մենք սպանում ենք մրցակցությունը հենց սկզբից: Ես կարծում եմ, որ այս խնդիրը կարող է առաջանալ 10-15 տարի հետո, երբ արդեն որոշակի առումով կուսակցական համակարգը կայացած լինի, կունենանք հստակ նախագծված մի քանի կուսակցություններ, որոնք միշտ առկա են դաշտում և միշտ անցնում են խորհրդարան, ներկայացնում են որոշակի մասsաների։ Դրանից հետո, երբ արդեն տեսնում ես, որ կան կուսակցություններ, որոնք անընդհատ հավաքում են որոշակի քանակ, բայց չեն կարողանում անցնել մյուս փուլ, մի քիչ իրենց չի հերիքում, այդ դեպքում պոզիտիվ դիսկրիմինացիան միգուցե և արդյունավետ լինի, որպեսզի նրանք ևս ավելի շատ ռեսուրսներ ստանան, որպեսզի ավելի շատ քարոզ կարողանան անել և միգուցե մտնեն վերջիվերջո խորհրդարան:

Այս պատմական փուլում պոզիտիվ դիսկրիմինացիան այս համակարգում, ինձ թվում է, արդյունավետ չի կարող լինել և միգուցե ընդհանրապես սպանի մրցակցությունը և հետևաբար սպանի նաև կուսակցական համակարգի կայացման հեռանկարները:

- «Կուսակցությունների մասին» օրենքում ի՞նչ փոփոխություններ է պետք անել, որ կուսակցությունները գործեն առավել թափանցիկ և հաշվետվողական իրենց ֆինանսական մուտքերի ու ելքերի առումով:

- Շատ ծավալուն հարց է, և երևի 1 ժամով էլ չենք կարող սահմանափակվել, պետք է 2-3 օր անդադար խոսել: Ինչպես գիտեք, հիմա արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ, և աշխատանքային խումբն աշխատելու է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր նախագծի մշակման համար: Ձեր խոնարհ ծառան ևս այդ աշխատանքային խմբի մեջ է, և ես երևի թե այս պահին շատ փակագծեր չբացեմ, որովհետև միգուցե կոռեկտ չի լինի իմ գործընկերների հանդեպ հենց հիմա սկսել այդ ամեն ինչից խոսել: Ուղղակի մի քանի դրույթներով, ընդհանուր գծերով փորձեմ ներկայացնել, որովհետև պետք է տեղի ունենան աշխատանքային քննարկումներ, և այդ ընթացքում արդեն ավելի արդյունավետ կլինի մեր խմբի գործունեությունը:

Ավելի թափանցիկ լինելու համար պետք է առաջին հերթին ստացված գումարները, նվիրատվությունները, ամեն ինչը ներկայացնել հաշվետվության մեջ: Խնդիրը մեզ մոտ այն է, որ բոլոր հարցերն այս ոլորտում փոխկապակցված են, և չկա այնպիսի մի խնդիր, որ եթե այ սա մենք փոփոխության ենթարկենք, ապա ողջ համակարգը կփոխվի: Ոչ, խնդիրը բազմածավալ է, և դրանք պետք է ռեֆորմի ենթարվեն բոլոր կողմերից:

Կոնկրետ թափանցիկության առումով հնարավորինս ամեն ինչը պետք է էլեկտրոնային դարձնել՝ էլեկտրոնային նվիրատվություններ, էլեկտրոնային ծախսեր: Տարեկան հաշվետվությունների մեջ պետք է փորձել մաքսիմալ ներկայացնել բոլոր կատարված ծախսերը և մուտքերը:

Ֆինանսական մասից բացի՝ մեկ այլ խնդիր կա. դա կուսակցությունների ներքին ժողովրդավարությունն է, որը շատ էական խնդիր է և թափանցիկությունն այ այստեղ ունի կարևորություն: Միգուցե որոշ առումով կարող է մի քիչ տարօրինակ հնչել, բայց ֆինանսներից ավելի կարևոր կարող է լինել ներքին ժողովրդավարության, թափանցիկության հարցը: Չնայած երկուսն էլ կարևոր են, և մեկը մյուսի հաշվին չպետք է լինի, բայց մեզ մոտ սա էականորեն մեծ խնդիր է, մենք չգիտենք` կուսակցություններում ինչպես է ընտրվում առաջնորդ, մենք չենք տեսնում այդ ամեն ինչը (մենք` նկատի ունեմ հասարակությունը): Հասարակության համար պարզ չէ, թե ինչի համար է կուսակցության քաղաքական խորհուրդը մնում անփոփոխ, ու ինչ-որ մեկ մարդ անընդհատ ընտրվում է նախագահ:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ կան Հայաստանում կուսակցություններ, որոնք մարդ-կուսակցություններ են, և մնացածը` ոչ թե անդամներ, այլ շահերով հետքրքրված մարդիկ, որոնք գնում են այդ մարդու հետևից։ Կան այսպիսի երևույթներ։ Բայց խնդիրն այն է, որ թափանցիկկ չէ այդ ամեն ինչը, մենք չենք տեսնում։ Հասարակությունը իրավունք ունի տեսնելու այդ ամենը։

Եվ այս առումով նաև ներքին ժողովրդավարության թափանցիկության խնդիրն է էապես կարևոր՝ համահավասար կուսակցությունների ֆինանսավորման համակարգի թափանցիկության հետ։

- «Կուսակցությունների մասին» օրենքի 32-րդ հոդվածն ասում է, որ եթե կուսակցութունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցել ԱԺ-ի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքաների ավագանիների ընտրությունններին, նրա գործունեությունը կարող է դադարեցվել։ Համաձա՞յն եք, որ սա կարող է հիմք լինել կուսակցության գործունեությունը դադարեցնելու համար։

- Եկեք հասկանաք, թե ընդհանրապես կուսակցության առաքելությունը որն է։ Ցանկացած կուսակցության առաքելություն իշխանության գալն է։ Կա ստեղծվածկուսակցություն, և նա չի՞ ցանկանում իշխանության գալ, ուրեմն դա կուսակցություն չէ։ 

Հիմա ենթադրում ենք, որ նա ցանկանում է իշխանության գալ։ Եթե ցանկանում է իշխանության գալ, ուրեմն պետք է ցանկանա մասնակցել ընտրություններին։ Եթե չի մասնակցում երկու անգամ անընդմեջ ընտրություններին, արդեն տարակուսելի խնդիր է, թե ինչի համար չի մասնակցում։ Կարող են տարբեր պատճառներ լինել․ կարող է զուտ ֆինանսական խնդիր լինել, սա մեկ այլ բան է, կարող է զուտ ներքին անհամաձայնությունների խնդիր լինել, և որոշվի, որ այս ժամանակահատվածում ճիշտ չէ մասնակցել ընտրություններին, մեր շանսերը քիչ են։ Բայց սրանք բացառություններ են, սրանք ընդամենը ընդհանուր կանոնից շատ նվազագույն, չնչին թվի բացառություններ են, որ մեր իրականության մեջ անգամ տեղ չունեն։ Բայց այ այս դրույթը նաև ի՞նչ դրական բանի կարող է հանգեցնել, նրան, որ կուսակցական դաշտը մաքրվի։ Այս կուսակցությունները ընդամենը տեղ են զբաղեցնում դաշտում անգամ իրանց անվանումներով։ Անվանումը շատ լավն է, չեմ ուզում ոչ մեկին վիրավորած լինել, բայց մի օրինակ բերեմ․ «Քրիստոնյա-դեմոկարատական» անունով կուսակցություն է, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այդ դաշտը լրացնել, ու նրանք մեծաքանակ են, բայց անվանումն արդեն խանգարում է, մեկը կա արդեն, ստիպված են այլ անվանում ընտրել և այլն։

Սա չի նշանակում, որ այդ անվանման պատճառով չեն գնա այդ մարդիկ, չեն բացի կուսակցություն, իհարկե, կանեն, բայց դրական առումով նա է, որ դաշտը կմաքրվի։

Սրա հետ կապված այլ խնդիր կա․ արդյո՞ք սա 100 տոկոսով համընկնում է ժողովրդավարության լավագույն ավանդույթների հետ, թե՞ ոչ։ Սա վիճելի դրույթ է, իմ կարծիքով նման դրույթը պետք է լինի։ Սակայն սա խնդիր է, որ պետք է կրկին կոնսենսուսի գան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները։ Իմ անձնական մոտեցմամբ այս դրույթը ոչ մի կերպ չի խախտում ժողովրդավարության էությունը, որովհետև կուսակցության առաքելությունը պետք է լինի իշխանության գալը, իշխանության գալիս են ընտրության միջոցով։ Եթե երկու անգամ դու համապետական ընտրությունների չես մասնակցում, դու ուրեմն լուրջ խնդիրներ ունես ու գուցե դու պետք է վերանաս ու քո զբաղեցրած տեղը ինչ-որ մեկ այլ անձանց խումբ ներկայացնի։


Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։

Խաչիկ Հարությունյանի հարցը․

«Ինչպե՞ս է գնահատում ապագա փորձագետը կրիպտոարժույթների դերը կուսակցությունների ֆինանսավորման հարցում․ ինչպիսի՞ առավելություններ և խնդիրներ կարող են նրանք ստեղծել»։

Աննա Սահակյան

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել