Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին
13:17 - 11 մարտի, 2020

Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին

Մարտի 10-ին Forbes-ը հրապարակել է «17 ամենագեղեցիկ ուղղությունները՝ գարնանը ճամփորդելու համար» վերնագրով հոդված, որտեղ լրագրող Բրեաննա Վիլսոնը այլ վայրերի հետ մեկ տեղ նշում է նաև Գյումրին։

Հեղինակը գրում է, որ Գերմանիայից ու Հունաստանից դեպի Գյումրի իրականացվող բյուջետային ավիաթռիչքների շնորհիվ Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը սկսել է ձերբազատվել 1988 թ․ երկրաշարժի հետ նախկինում եղած ասոցացումներից։

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է՝ Գյումրի այցելելու համար, քանի որ դաժան ձմեռը տեղի է տալիս, ու ծաղիկները ողողում են քաղաքը՝ կարծես թե նախապատրաստվելով նշել Զատիկը՝ իր համեղ մրգերով ու Զատկի փլավով լեցուն ամաններով։ Գյումրին նորաձև սրճարանների ու թեմատիկ խանութների վայր է, այստեղ կան բազմաթիվ մշակութային վայրեր, գիշերելու համար նմանը չունեցող հյուրանոցներ, ինչպես նաև իրենց հումորով հայտնի գյումրեցիներ»։

Հոդվածում հեղինակը պատմում է Gwoog Gastrohouse-ում մատուցվող ավանդական պանրախաշի, տեղական խոտաբույսերից ու ծաղիկներից պատրաստած թեյեր մատուցող Herbs & Honey սրճարանի, ինչպես նաև հայտնի Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի մասին։

ԱՊՀ երկրներից հեղինակը, բացի Գյումրիից, խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի, որը նկարագրում է որպես քաղաք, որն աչքի է ընկնում իր հին շենքերով ու համեղ ուտելիքներով։ Բացի այդ՝ հոդվածում հիշատակվում են Պակիստանի Հունզա հովիտը, Անգլիայի մայրքաղաք Լոնդոնը, Արուբան, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» ազգային պարկը, Պերուում գտնվող ինկերի մայրաքաղաք Կուսկոն, Վանկուվերը, Մարոկկոն, Իսլանդիան, Մեխիկոն։

Աղբյուրը՝ forbes.com:

 

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել