“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Հատված իմ հարցազրույցից․

«Այստեղ կարծում եմ, որ տնտեսվարողներին ներկայացնող ասոցիացիաները (գործատուների միություններ), աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող շահագրգիռ կողմերը (այդ թվում՝ նաև արհմիությունները), կառավարությունը՝ հանձինս Աշխատանքի և առողջապահության տեսչության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարության, ինչպեսև ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ ռեզոնանսային շտաբ պետք է ստեղծեն (գուցեև արդեն ստեղծված է, և ես տեղյակ չեմ) ու մատրիցային մոտեցմամբ բոլոր կողմերի սպառնալիքները և հնարավորությունները հաշվարկվեն, առանձնացվեն ռիսկային ճյուղերը, ոլորտներն ու նոր մշակվեն օրենքի նախագծերը, որոշումները, իրավական ակտերը և այլ փաստաթղթեր, ինչպեսև կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ մշակել՝ ճկուն փոփոխման մեխանիզմներով։

․․․գործ ունենք զարգացման ճգնաժամի հետ․․․»։

 

Զարգացման ճգնաժամի արժեշղթան

 
Նախաբան

 

Այս չփորձագիտականը, չքաղաքական չվերլուծականը փորձ է ներկայիս պայմաններում ցույց տալ, որ պետք է խելոքին չփնտրել խելոքարանում, կամ խելացիին՝ խելացիարանում, այլ պետք է դուրս գալ մասնագիտական սենյակի լուծումներից և փորձել ձևակերպել այնպիսի ուղերձներ, հարցեր, ավելի շուտ՝ ճիշտ ձևակերպված հարցադրումներ ու ընտրել ինֆորմացիայի փոխանցման այնպիսի ալիքներ կամ հաճախականություններ, որոնց կհանգեն իսկական խելացիներն ու գիտակները։ Այս հոդվածը, որը չգիտեմ, թե ինչ է վերջում դառնալու, ամենևին չի ապացուցելու կամ հերքելու իմ խելացի կամ գիտակ լինելը կամ ոմն մեկի անխելք կամ ոչ խելացի լինելը, այլ հնարավորություն է տալու մասնագիտական սենյակներից դուրս մտածելակերպով առաջնորդվելու շնորհիվ խելագար մտքեր գեներացնել, որոնք գուցեև կարող են պետքական լինել։

Չինաստանում, ըստ որոշ աղբյուրների, ս․թ․ փետրվարի 10-ին ընկերությունների միայն 10%-ն է վերականգնել իրենց աշխատանքները։ Արդեն իսկ փետրվար ամսին պարզ է դարձել, որ ամենատուժող ճյուղներն են լինելու հանրային սնունդը, կացարանները՝ հյուրանոցների և հյուրատների տեսքով, զվարճանքը իր բոլոր դրսևորումներով և զբոսաշրջությունը։ Միայն գարնանային արձակուրդների շրջանում կորուստները հանրային սննդի ոլորտում գնահատվում է մոտ 500 միլիարդ յուան (71 միլիարդ դոլլարին համարժեք գումար)։ Գործազրկության քանակը հասել է 6,2 %-ի 2020 թվականի առաջին երկու ամիսների կտրվածքով։

Ճգնաժամերի առաջացման գիտական և ոչ գիտական տեսությունների, սցենարների և կանխատեսումների ակնարկ

 

Դավադրությունների տեսությունը առաջանում է, երբ ստեղծված ճգնաժամային վիճակներում, մի խումբ մարդիկ, որոնք կարող են նաև լինել ոլորտի գիտակներ կամ մասնագետներ, առաջ են քաշում թեզեր, փորձում ապացույցներով, հիմնականում կտրտված շղթայով, ներկայացնել մի բան, որով մարդկանց ուշադրությունը շեղվում է բուն խնդրի իրական պատճառներից։ Թեպետ դեռևս ապացուցված չէ, որ այդ տեսությունները կամ վարկածները իրականությանը չեն համապատասխանում։ Սակայն մեր օրերում տեղեկատվության ազատության կամ անսահմանափակության դարաշրջանում մարդն այնքան ինֆորմացիա է ստանում, որ մեծ մասը չի կարողանում ֆիզիկապես յուրացնել ու փորձել ֆիլտրել, ընտրել այն, որը համապատասխանում է իրականությանը։ Մյուս կողմից էլ, դավադրությունների տեսության ջատագովների փաստարկված մոտեցումը, այն է, թե ով ասաց, որ պաշտոնական տեղեկատվությունը միշտ ճիշտն է ու ամենաճշմարիտը, և բերում են բազում օրինակներ անցյալից (սակայն իսկապես միշտ չէ, որ պաշտոնական տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը)։

Ինչևէ, թողնելով այս ինքնադիսկուրսը, պարզապես մի քանի օրինակ բերեմ դավադրությունների տեսությունից, որ ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը․

  • Սա սարքել են ամերիկացիները, որ չինացիները պարտվեն, այն էլ չստացվեց։
  • Սրանով պիտի բոլորս վարակվենք, որ հետո չիպավորեն մեզ։
  • Պիտի պոպուլյացիան քանակապես նվազի և սա միայն հերթական վիրուսն է։
  • Սրա հետևանքով, նաև՝ սովից, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում ապրողները ինքնաբերաբար կմահանան։
  • Աշխարհի 300 ամենաորոշողների նախագիծն է, ու բազում այլ վարկածներ։
  • Սա չինացիների ձեռքի գործն է, որ ողջ աշխարհին տիրեն մի քանի տարուց։
  • Դեմ են գլոբալիզացիային, և նման բաներ են կազմակերպում չինացիներն ու ռուսները։
  • 5G տիրույթներում մարդկանց իմունիտետը թուլանում է և մարդիկ հիվանդանում են։
  • Կապիտալիզմի վերջը եկել է․․․

Վստահ եմ, դուք էլ կարող եք ավելացնել։

Իհարկե, մյուս մասն էլ այս ամենից լավ բաներ է տեսնում ու նկատում, ասել է թե՝ ուրախ է, որ նման իրավիճակ ստեղծվեց, ու մարդիկ կարողացան այլ տեսանկյունից, այլ ձևով ամեն ինչը տեսնել ու գնահատել։ Այս մոտեցումը ես պայմանականորեն կանվանեմ պոզիտիվության տեսություն, որը ներառում է «վարդագույն ակնոցով» բոլոր երևույթները և դեպքերը դիտարկելը, ամեն ինչում դրական կողմն առանձնացնելն ու արժևորելը։ Դե իհարկե, խոսքը վերաբերում է դրական ազդեցություններին, որոնք մարդիկ այս ընթացքում տեսել ու շարունակում են տեսնել, և մարդկանց այս խումբն էլ առանձնապես չի հավատում դավադրությունների տեսությանը, այլ հակված է ամեն ինչում տեսնել միայն լավը․

  • ընտանիքի դերի վերարժևորում, վերագտնում, մտերմացում,
  • հին ու մոռացված սեղանի խաղերի վերաիմաստավորում,
  • երեխաների հետ ժամանակ անցկացնելու գիտակցում,
  • սեփական ունեցվածքը, երկիրը, հողը գնահատելու կարողության վերականգնում,
  • օտար, ամայի ճամփեքին բախտ որոնելու փոխարեն սեփական հողը շենացնելն ու զարգացնելը գերակա համարելու ցանկություն
  • առաջնահերթությունների տեղերի վերափոխում,
  • ժամանակն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ մտքերի արժևորում,
  • խցանումների նվազում, գրասենյակների նվազում, տարածքների օպտիմալացում,
  • միջհամայնքային տրանսպորտի և այլ ծախսերի նվազեցում,
  • կրթության որակի համահարթեցում բոլոր մարզերում,
  • կրթություն մատուցողների որակի բարձրացում,
  • օնլայն բիզնեսի ակտիվացում,
  • ․․․

Եվ վստահ եմ, որ կարող ենք այս շարքը անվերջ շարունակել։ Ինչևէ, սրանով կարելի է ավարտել դավադրությունների և պոզիտիվության տեսությունների ակնարկը, հիմա անդրադառնանք գիտական տեսություններին։

Տնտեսական անկումների և վերագործարկումների ժամանակահատվածում մի քանի տարբեր տերմիններ են օգտագործում, վերջերս ավելի տարածված է խոսել ռեցեսիայի կամ արագ անկման մասին, ինչը ենթադրում է տնտեսության բոլոր ոլորտների տոտալ անկում՝ իր հետևանքներով։ Չմանրանալով նրա բաղադրիչների և փուլերի վրա, պարզապես նշենք, որ անկումից հետո տեղի է ունենում շոկային ժամանակահատված, որն էլ մի որոշ ժամանակ անց նոր վերականգնվում է։ Նշենք նաև, որ հնարավոր է նման իրավիճակ չստեղծվի, այսինքն՝ չհասնի այն կետին, որից հետո սկսվում է ռեցեսիան և արագ անցում կատարի մյուս փուլին։

Այս կոնտեքստում հարկավոր է հասկանալ, թե ինչպես պետք է նման իրավիճակից դուրս գալու համար որոշումներ կայացնել, որպեսզի մինիմալ վնասներ կրել։ Սցենարների տեսությունը, որն այս պահին երկու փոփոխականից կազմված խնդիր է 9 հնարավոր ելքերով, ասել է թե՝ առողջապահական համակարգի և տնտեսական միջոցառումների արդյունավետության գործակիցներից, որից կախված որոշում է կայացվելու, թե փոփոխությունների կառավարման որ սցենարն է առավել քիչ ռիսկային․ անցումային՝ եղածի կատարելագործում, զարգացման՝ նոր պրոդուկտ+նոր շուկա, թե տրանսֆորմացիոն (վերափոխման)՝  նոր գործունեության սկիզբ։

Ըստ որոշ աղբյուրների, զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը «կզարթնեն» լավագույն դեպքում մեկ տարի հետո, ոչ պարենային ապրանքների արտադրությունը՝ մինչև այս տարվա վերջ, հանրային սննդի կետերը, որոնք ինտեգրված են զվարճանքի ծառայություններով՝ տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ, առողջապահական ծառայություններից օգտվելը՝ ամռան ամիսներին (նոր որակով և նոր մասշտաբներով, կյանքի ապահովագրության «բում»), գյուղատնտեսական արտադրանքների և չվերամշակված ապրանքներինը՝ ընթացիկ տարում, անմիջապես (ներառելով առողջ սնունդ, տնային պայմաններում պատրաստած, մաքուր և մատչելի սնունդ)։

Ընդհանուր ակնկարկից հետո մանրամասն կնկարագրեմ, թե ինչ «ալիքներ» են մեզ սպասվում և ինչ լուծումներ պետք է ունենանք սոցիալ-տնտեսական ոլորտի համար։