Տուրիզմ․ մարդու համար և մարդու մասին [Challenge 3.3 | Տաթև Ասրյան]
21:24 - 10 մայիսի, 2020

Տուրիզմ․ մարդու համար և մարդու մասին [Challenge 3.3 | Տաթև Ասրյան]

Ասրյան Տաթև

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Տաթև Ասրյանը, ընդունելով Սիրանուշ Փիլոյանի՝ «Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։

Դեռևս մի քանի ամիս առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ մեծ քայլերով զարգացող, միլիոնավոր աշխատատեղեր ապահովող, համաշխարհային ՀՆԱ-ում 2019 թվականին շուրջ երեք տրիլիոն դոլար ներդրում ունեցած աշխարհի խոշորագույն ոլորտներից մեկը կարող էր մի քանի շաբաթվա ընթացքում ծնկի գալ աչքի համար անտեսանելի մակաբույծի պատճառով։ Անկումը հսկայական է՝ որոշ տարածաշրջաններում ձգտելով նույնիսկ զրոյական վիճակի։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում աշխարհը ճիգեր է գործադրում այս հսկայական ինդուստրիան հոգեվարքից հանելու՝ միացնելով «արհեստական շնչառության սարքը»: Օրեցօր ի հայտ են գալիս նորանոր լուծումներ՝ մեկը մյուսից ստեղծագործ, մեկը մյուսից հետաքրքրական՝ բացահայտ ի ցույց դնելով մարդկանց բուռն ցանկությունն ու երազանքը ճամփորդելու: Լայն տարածում են գտել #traveltomorrow, #travelfromhome, #dontcancelpostpone հեշթեգերը` փորձելով պահպանել մարդկանց ոգևորությունն ու փրկել ոլորտը։

Ես դա կանվանեի կախվածություն։ Այո, այն կախվածություն է առաջացնում․ դրա «համը» տեսած մարդուն դժվար է հետ պահել նոր վայրեր բացահայտելու, նոր փորձառություններ ունենալու գայթակղությունից: Եվ, թերևս բոլոր խաղադրույքները այս շատ մարդկային բուռն կրքի վրա են դրված, որ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ են մղվելու։

Այդ կախվածությունը տուրիզմն է՝ տուրիզմամոլությունը, զբոսաշրջամոլությունը։

Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար և մարդու մասին է։

Իսկ ի՞նչ է զբոսաշրջությունը, ի՞նչն է այն այդքան գրավիչ դարձնում։ Զբոսաշրջության սահմանումը բարդ հարցերից մեկն է, եթե ոչ ամենաբարդը, զբոսաշրջության մասին խոսակցություն ծավալելու համար: Գրականության մեջ կարելի է գտնել հարյուրավոր սահմանումներ, սակայն անհնար է գտնել գեթ մեկ սահմանում, որը լիարժեքորեն և ամբողջապես բնութագրում է զբոսաշրջությունը՝ որպես երևույթ: Սահմանելը բարդանում է, քանզի հստակ չէ, թե ինչ է իրականում «արտադրում» տուրիզմը, որն է նրա հիմնական արտադրանքը (պրոդուկտը):

Այս շարքի շրջանակներում գործընկերներս իրենց հոդվածներում բացահայտ կամ սքողված կերպով փորձել են սահմանել զբոսաշրջությունը՝ ելնելով իրենց փորձառությունից և գիտելիքներից: Հնչած տեսակետները պաթոսի, խորհրդավորության, պարծանքի, հպարտության, զվարճանքի, հետաքրքրասիրության, հիասթափության մասին վկայում են, որ զբոսաշրջությունը զգացողությունների/զգացումների ինդուստրիա է:

Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2 | Սիրանուշ Փիլոյան]

Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]

Ի՞նչ է արտադրում զբոսաշրջությունը, եթե ոչ զգացում/զգացողություն: Ինչքան նոր բարքերը, նոր տեխնոլոգիաները մարդուն մեկուսացնում և նրանից խլում են իր «ավանդական» մարդկային զգացումները, այնքան այդ բացը լրացնելու մղումը մեծանում է, և այդ կարիքին հագուրդ տվող երևույթներից է ճամփորդությունը։ Ժամանակին ինձ համար մեծագույն բացահայտում էր այն, որ տնտեսության մեջ տուրիզմը դասակարգվում է արտահանման ցանկում։ Իսկ ի՞նչ է արտահանում տուրիզմը․ պատասխանն ինձ համար միանշանակ է՝ հիշողություն, տպավորություն, զգացողություն։

Երբ մեզ հարցնում են մեր ճամփորդությունների մասին, անմիջապես սկսում ենք թվարկել այն տպավորությունները և զգացողությունները, որոնք ամենաշատն են մեխվել մեր հիշողության մեջ: Եվ պարտադիր չէ, որ տպավորությունները լինեն միանշանակորեն դրական հիշվելու համար. դրանք իրավունք ունեն լինելու նաև վատը, շատ վատը, որոնք ամբողջացնում են տվյալ վայրի մասին մեր ընկալումները։ Մարդը զգայական էակ է, և անկախ մեր կամքից՝ տպավորություններն «արտադրվում են» ամեն ժամ, ամեն վայրկյան, լինեն դրանք դրական, թե բացասական։ Ոլորտի գուրուները վստահաբար կասեն, որ տուրիզմի արժեշղթայում «պաշտոնապես» ներգրավված անձանց հիմնական խնդիրը զբոսաշրջիկի փորձը, տպավորությունները, զգացողությունները առավելագույնս դրական դարձնելն է: Դրան են միտված հաճախորդների սպասարկման լավագույն փորձերի, ծառայությունների որակի մասին բազում ու անվերջանալի քննարկումները՝ ձգտելով նորանոր յուրահատուկ ու երբեմն նույնիսկ աբսուրդ մոտեցումներ կիրառելով կատարելագործել  ինքզինքը, սեփական ծառայությունները՝ բիզնես պայքարի մեջ հաղթող դուրս գալու համար:

Լավագույնի, ստեղծարարության ձգտումը, իհարկե, հրաշալի է, սակայն չպետք է մոռանալ, որ տպավորությունների/զգացողությունների ձևավորումը կախված է ոչ միայն սպասարկողից, այլև սպասարկվողից, նրա կրթվածության աստիճանից, հոգեկան վիճակից, անձնային որակներից, կյանքի փորձառությունից, ճամփորդությունից առաջ նրա տրամադրվածությունից և ակնկալիքներից: Զբոսաշրջությունը թերևս այն բացառիկ ոլորտներից է, որի վերջնարդյունքի, այն է՝ տպավորության/զգացողության ստեղծման բարդ գործընթացում այդքան անմիջական մասնակցություն է ունենում հենց ինքը հաճախորդը/զբոսաշրջիկը: Միանշանակ համաձայն եմ գործընկերներիս այն դիտարկման հետ, որ մենք խնդիր ունենք մեր հյուրերին լիովին, 360 աստիճանով ճանաչելու և նրանց նախասիրություններն ու ակնկալիքները ռեալ գնահատելու և դրանց համապատասխան ծառայություն առաջարկելու համար։ Այս առումով շատ կարևորում եմ զբոսաշրջիկի հետ նախնական աշխատանքը մինչև նրա ժամանումը, նրա մոտ ռեալ ակնկալիքներ ձևավորելը, նրան այցելությանը տրամադրելը։

Սակայն իրականում դա այնքան էլ դյուրին աշխատանք չէ, և երբեմն լավագույն ձգտումները կարող են ոչ այնքան ցանկալի արդյունքներ տալ, քանզի մարդկային սուբյեկտիվությունը մեծագույն գործոն է հաջողության կամ ձախողման համար։ Տվյալ օրվա համար նախատեսված «պրոդուկտը» կարող է պարզապես չստացվել զուտ այն պատճառով, որ զբոսաշրջիկը գիշերը լավ չի քնել, հոգնած է ու տրամադրություն չունի: Նույն փաթեթից օգտվող, նույն ծառայությունները ստացող զբոսաշրջիկները միանգամայն հակադիր զգացողություններ կարող են ունենալ, որովհետև տարբեր մարդիկ են, և դա կառավարելը այնքան էլ հեշտ չէ։   

Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար է և մարդու մասին։ Մարդիկ ճամփորդում են այլ մարդկանց հանդիպելու, նրանց պատմություններն իմանալու համար։ Մարդկանց հուզում են հին և նոր մարդկանց մասին պատմությունները, նրանց ապրումները, պայքարները, տառապանքներն ու ուրախությունները։ Շրջայցի ավարտից հետո հարցրեք ձեր հյուրերին, թե ինչն են ամենաշատը մտապահել, ինչն է նրանց ամենաշատը տպավորել, և նրանք անպայմանորեն կհիշեն ինչ-որ գյուղում հանդիպած պապիկի խորունկ աչքերը և նրա հետ ունեցած ջերմ զրույցը։

Ցավոք, այսօրվա հայաստանյան զբոսաշրջային դասական առաջարկների հիմնական շեշտը հուշարձանների, մասնավորապես եկեղեցիների և վանքերի այցելությունն է։ Երբեմն նույնիսկ այնպիսի երթուղիներ են առաջարկվում, որ խեղճ զբոսաշրջիկը հասցնում է մի հուշարձանի մոտ միայն մի քանի լուսանկար անել՝ օրվա համար նախատեսված ողջ ցանկով անցնելու համար, ուր մնաց թե տեղացիների հետ շփվելը, նրանց կենսակերպին ծանոթանալը։ Այդ ամենի հետևանքով նրանց հայաստանյան հիշողությունները ասոցացվում են իրենց ավտոբուսի հետ, որն էլ պարզապես հայկական չէ։ Մենք պիտի հիմնովին վերանայենք երթուղիների կառուցման մեր մոտեցումը՝ այն հարստացնելով մարդկանցով և դարձնելով ավելի մարդկային, ավելացնելով զբոսաշրջիկների և տեղացիների միջև շփման կետերը։

Մենք ճամփորդության տեմպը դանդաղեցնելու կարիք ունենք՝ այն ավելի իմաստալից ու հիշարժան դարձնելու համար։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դուք՝ որպես սովորական քաղաքացի, կարող եք, ձեր կամքից անկախ, ձեր երկրի զբոսաշրջային «պրոդուկտի» մասնիկը դառնալ։ Երբ քայլում եք փողոցում, սրճարանում նստած ձեր մի բաժակ սուրճն եք վայելում կամ աշխատանքից հետո մի կերպ ավտոբուս խցկված, հոգնած տուն եք վերադառնում, դուք զբոսաշրջիկի աչքերում Հայաստանն եք, և նրա հայաստանյան տպավորություններն ու ընկալումները պայմանավորված են նաև ձեզանով։ Կշփվեք իրար հետ, թե պարզապես անտարբեր կանցնեք իրար կողքով, միևնույն է, դուք Հայաստանն եք, նրա գլխում ստեղծվող Հայաստան ֆիլմի գլխավոր կամ երկրորդական դերասանը։ Այնպես որ հաճախ ժպտացեք․ կարող է պատահել՝ ձեզ հետևում են։

Ինձ միշտ հիացրել և միաժամանակ վախեցրել են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես զբոսաշրջության ոլորտում, որոնք շատ հաճախ փոխարինելու են գալիս մարդկային պարզ շփումներին։ Այսօրվա համավարակային իրադրությամբ պայմանավորված՝ տեխնոլոգիաները մեծագույն արագությամբ գալիս են լրացնելու զբոսաշրջային վակուումը՝ առաջարկելով վիրտուալ, առցանց շրջայցեր աշխարհի՝ մտքովդ անցած կամ նույնիսկ չանցած ցանկացած վայրում, AR և VR տեխնոլոգիաների կիրառմամբ ճամփորդական նոր փորձառությունների առաջարկություններ, մարդկային շփումները սահմանափակող և վերացնող տարբեր հավելվածներ, որոնք երաշխավորում են անվտանգությունն ու առողջությունը՝ միաժամանակ նոր զգացողություններ պարգևելով։

Բայց ես լիահույս եմ, որ այս ամենը ավարտվելու է ավելի շուտ, քան մենք կսովորենք առանց մարդկանց ապրել, և մոտ ապագայում հասարակ մարդկային շփումը չի վերածվի  էլիտար ճոխության։

Իսկ մինչ այդ մեզ մնում է պարբերաբար ինքներս մեզ համար կրկնել ու հիշեցնել, որ #ամենինչլավէլինելու։ Ասում են՝ եթե մի բան շատ ես ասում, իրականություն է դառնում։

Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Վահագն Վարդումյանին։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել