«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատելի աճել են գենդերային հավասարությանն ուղղված քննարկումներն ու դիտարկումները, քանի որ այն դարձել է ցանկացած հասարակությունում, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական օրինաչափ արժեքները զարգացնելու հիմքերից մեկը: Գենդերային ոլորտի՝ 2010 թ. ընդունված կարևորագույն փաստաթղթերից «Գենդերային քաղաքականության հայեցակարգը» ևս մատնանշում է այն գաղափարի կարևորությունը, որ ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ձևավորման նախադրյալը գենդերային հավասարությունն է՝ որպես ժողովրդավարական գերակա արժեք, մարդու հիմնարար իրավունքներից մեկը և սոցիալական արդարության հասնելու նախապայման: Սակայն ինչպես բոլոր հայրիշխանական, կարծրատիպային և կոլեկտիվ մշակույթներում, այնպես էլ Հայաստանում գենդերային քննարկումները լայն լսարան չեն գտնում: Կարծրատիպերն առաջնային խոչընդոտներ են, և վերջիններիս հաղթահարմանն ուղղված միջոցները միայն կարող են նպաստել  հասարակությունում  նմանօրինակ քննարկումների ծավալմանը: Այս գործընթացում շատ կարևոր է նաև գենդերային իրազեկվածության աստիճանի բարձրացումը, քանի որ հաճախ նման քննարկումները որակավորվում են որպես «Արևմուտքից ներմուծված», «մեր ավանդույթները խարխլող» և այլ արժեքներ:

Հետաքրքիր է՝ ինչպես են ձևավորվում այս կարծրատիպերը, «կարելիները», «չի կարելիներն» ու ինչպես են կարողանում կառավարել/ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:

Երեխաների մեծ մասն աշխարհում ծնվում է մոտավորապես նույն օժտվածությամբ, և բոլոր երեխաներին անհրաժեշտ է հիմնական խնամքի նույն մակարդակը՝ սնունդ, պաշտպանություն, հարմարավետություն, ֆիզիկական շփում, ուշադրություն և այլն: Այս հիմնական կարիքներն ամրագրված են նաև «Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայում» (1989թ), սակայն միջմշակութային տարբերություններից ելնելով` երեխաները մեծանում են ընտանեկան տարբեր պայմաններում: Երեխաների մանկությունը որոշվում է նյութական և էկոլոգիական միջավայրով, մշակութային համայնքում գործող արժեքներով, համոզմունքներով: Նրանց կյանքը կառուցվում է այն վարքի ու համոզմունքերի հիման վրա, որոնք կարևոր են համարվում սոցիալական խմբում լիարժեք անդամակցություն ստանալու համար: Երեխայի գենդերային ու սոցիալական դերերի առաջնային պատկերացումները ձևավորվում են ընտանիքում: Ըստ ընդունված կարգի՝ թվում է, թե մեր իրականությունում երեխաների դաստիարակությամբ երկու ծնողներն էլ զբաղվում են հավասարապես, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հայրերը դաստիարակության մեջ ներգրավվում են, երբ կարիք է լինում երեխաներին սաստելու, նկատողություն անելու, կամ կա որևէ խնդիր, որն առնչվում է իր հեղինակությանը[1]:  Բացի նշված առանձնահատկությունից՝ հայկական իրականության մեջ, եթե ընտանիքում կան աղջիկ և տղա, ապա հստակ որոշված են նրանց դաստիարակության կանոներն ու տարբերությունները` պայմանավորված սեռով:  Դեռ փոքր տարիքից սկսած` աղջիկ երեխաների մեջ դրվում են «կնոջը բնորոշ» և «կնոջ համար կարևոր» հատկանիշներ (զբաղվել տնային տնտեսության գործերով, երեխաների, մեծահասակների խնամքով և այլն), իսկ տղաների մոտ` «տղամարդուն բնորոշ» (հայրենիքի/ընտանիքի պաշտպան, քաջություն, սյուն, ժառանգորդ, խելացի և այլն)[2]: Ընդ որում, երեխայի դաստիարակության՝ սեռով պայամանավորված տարբերությունը ծնողները բացատրում են ավանդույթի ուժով և վերահաստատում իրենց ապրելակերպով:

Ընտանիքից հետո անձի սոցիալիզացիայի առաջնային օղակներից են համարվում տարրական դպրոցը և այնտեղ ստացած գիտելիքները, որոնք հետագայում կարող են կայունանալ, ամրապնդվել և վերարտադրվել: Ընտանիքում արդեն երեխայի մեջ դրված գենդերային դերերի պատկերացումներն առավել ամրապնդվում են դպրոցում: Տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերը գերակշռում են իգական դերերի նկատմամբ, որոնք, բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են մասնագիտական, սոցիալական դերեր, հատկանիշներ[3]: Աշակերտը, ամեն օր դասագրքերում տեսնելով նկարներ, որտեղ  հստակ բաժանված են սեռային դերերն ու նրանց գործունեությունը, ընկալում է այդ տեղեկությունը, վերարտադրում և դարձնում իր սեփականությունը:

Ավելի բարձր դասարաններում՝ մասնագիտական ընտրության ժամանակ, կրկին առաջնորդվում ենք գենդերային դերերի նկատմամբ մեր ունեցած կարծրատիպային պատկերացումներով: Աղջիկները, ցանկալի է, ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը հետագայում չի խանգարի իրականացնել իրենց առաջին և կարևոր սեռային դերակատարմանը: Աղջիկներն իրենց ցանկություններում ու մասնագիտական ընտրություններում պետք է արտացոլեն, բացի մասնագիտական կայացումից, նաև ապագա ընտանիքի և ընտանեկան դերերի վերաբերյալ ակնկալիքները:

Այսպիսով, կյանքի սկզբնական փուլից մեր մեջ դրվում են կարծրատիպային պատկերացումներ ու մոտեցումներ՝ մեր իսկ սոցիալական դերակատարման մասին: Հատկապես կանանց մոտ պահպանողական պատկերացումները նպաստում են ունենալ առավել համեստ հավակնություններ, որոնք չեն ենթադրում հասարակական բարձր դիրք կամ մասնագիտական ձեռքբերումներ և այսպես նպաստում են ընտանիքներում առկա գենդերային անհավասար կարգավիճակների ամրապնդմանը: Գենդերային դերերի նկատմամբ կարծրատիպային պատկերացումները, որոնք գոյություն ունեն կրթական համակարգում, իրենց հերթին չեն կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, ավելին՝ նպաստում են մասկուլին հասարակության վերարտադրմանն ու ամրապնդմանը, ինչն էլ բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում:

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Էվիյա Հովհաննիսյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:

 

[1] «Առօրյայի անտեսանելի կողմը, գենդերային կարծրատիպերը կենցաղում», World Vision, 2018

[2] Նույն տեղում:  

[3] Ռուզաննա Ծատուրյան, «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում»:


Մշակութաբան