Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Այլ հեղինակի օգտագործած բառերի, մտքերի, գաղափարների կամ արտահայտությունների օգտագործումը՝ որպես քո սեփականը․․․ Մոտավորապես այսպես են սահմանում գրագողությունը։

Գրագողություն բառը վերջերս շատ ենք հանդիպում հանրային դիսկուրսում, ուշիուշով հետևում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին և ներկա ռեկտորների շուրջ ծավալվող զարգացումներին։ Այստեղ, թերևս, արժե արձանագրել, որ որպես հասարակություն զուտ հետևում էինք, այլ ոչ թե մասնակցում։ Ինչո՞ւ։ Միգուցե որովհետև դա մեզ համար ինչ-որ վերացական, հեղհեղուկ եզրույթ է, մի երևույթ, որից մեր հոգեբանական պաշտպանական մեխանիզմները մեզ հնարավորինս հեռու են պահում:

Այստեղ երևի արժե հիշել հայտնի սկանդալը, երբ 2011թ․ Գերմանիայի Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց իր ատենախոսության մեջ հայտնաբերված գրագողության դեպքերի պատճառով։ Գիտեմ՝ շատերդ հիմա մտքում ասում եք՝ «դրանք ուրիշ դարդ ու ցավ չունե՞ն»։ Ես որ հաստատ այն ժամանակ այդպես եմ մտածել։ Իսկ հիմա ինձ ամենաշատը հետաքրքրում է, թե ինչու եմ ես այդպես մտածել Հայաստանում, ու ինչու է Գերմանիայում երևույթի նկատմամբ այլ ընկալում եղել։ Եվ այստեղ եկեք շատ զգուշորեն և վերապահումներով մեղադրական աթոռին նստեցնենք «մշակույթին» և տեսնենք, թե արդյոք այն կկարողանա՞ դիմակայել իր մեղավորությունը մատնանշող փաստարկներին։

Հարցն այսպես ձևակերպենք․ արդյո՞ք գրագողության նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է մշակութային տարբերություններով։ Արդյոք մենք այդ հղացքը իրապես ըմբռնո՞ւմ ենք, իրապես անընդունելի՞ ենք համարում։ Արդյո՞ք մենք ուրիշի սեփականությունը հարգող ազգ ենք։ Ի վերջո, միգուցե մենք համապատասխան աշխատանքը ոչ էլ ուրիշի սեփականություն ենք համարում, որ մի հատ էլ ընդունենք կամ չընդունենք, որ «մեղսագործել» ենք։

Արձանագրենք, որ մտավոր սեփականության պաշտպանության հին ավանդույթներ և այդ ավանդույթներով պայմանավորված խիստ օրենսդրություն ունեցող երկրներում գրագողությունը արժանանում է համանման վերաբերմունքի և անողոք պատժի։ Թերևս դա է պատճառը, որ գրագողության դեմ անհանդուրժողականության առաջամարտիկ համարվում է Արևմտյան մշակույթը կամ քաղաքակրթությունը (քաղաքակրթություն բառը վերջերս այդքան սիրված չէ)։

Ասում են՝ հասարակության ունեցած յուրաքանչյուր արժեք արմատավորված է իր մշակութային անցյալում: Այս ինքնահռչակ «արդար» խորհրդածության շրջանակներում երևի ընդունենք, որ մտավոր սեփականության նկատմամբ հարգանքը դժվար կլինի դասել մեր անկյունաքարային արժեքների շարքին։

2015 թվականին համակուրսեցիներիս հետ մի ուսանողական հետազոտություն էինք իրականացրել ակադեմիական անազնվության, մասնավորապես ակադեմիական աշխատանքները գումարով գնելու պրակտիկայի, դրա միտումների և պատճառների վերաբերյալ։ Արդյունքների վերլուծության մեջ կարմիր թելով անցնում էր այդ խնդրում պատմական և սոցիալական գործոնների ներգործության արդյունքում ձևավորված մշակույթի ունեցած մեղքի բաժնի քողարկված գիտակցումը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են դիմում գրագողության այս տեսակին, քան իգական սեռի ներկայացուցիչները։ Արդյոք սա ինձ իրավունք չի՞ տալիս եզրակացնել, որ դա կարող է պայմանավորված լինել հայ ընտանիքներում տղաների դաստիարակության մեթոդներով, երբ տղայի փոխարեն ամեն ինչ անում են, աղջկա փոխարեն էլ՝ համարյա ամեն ինչ։ Արդյոք մենք դատապարտելի՞ ենք համարում ծնողի կողմից երեխայի փոխարեն շարադրություն գրելը կամ տնային այլ աշխատանք անելը։ Կհարցնեք, թե ինչ կապ ունի սա գրագողության հետ։ Չէ՞ որ մենք նման քայլերով փոքր տարիքից երեխայի մեջ սերմանում ենք ակադեմիական անազնվությունը ոչ միայն չհանդուրժելը, այլ շատ ավելի վտանգավոր բան, այն է՝ նույնիսկ չընկալելը, որ նրանք անազնիվ, դատապարտելի արարքի են դիմում։

Ես համոզված եմ, որ Դիանա Գալոյանը և Ռուբեն Հայրապետյանը (ՀՊՏՀ ներկայիս և նախկին ռեկտորները), իսկապես կարծում են, որ իրենք գրագողության չեն դիմել։ Եթե ուշադիր հետևենք ԲՈԿ նախագահի և ներկայիս և նախկին ռեկտորների շուրջ իրադարձությունների՝ ԶԼՄ-ների լուսաբանմանը, կտեսնենք, որ որոշ լրատվամիջոցներ ամեն ինչ արել են խնդիրն արհեստականորեն անձերի դաշտ տեղափոխելու համար, մինչդեռ համոզված եմ, որ Սմբատ Գոգյանի (ԲՈԿ նախկին նախագահ) համար տարբերություն չկար՝ այդ ատենախոսությունը գրել է Դիանա Գալոյա՞նը, թե՞ Պողոս Պողոսյանը։ Նույնիսկ գիտական համայնքի որոշ շրջանակների կողմից հստակ դիմադրություն կա համակարգային փոփոխություններին (մեծահոգաբար ներեք այս ծամված արտհայտությունն օգտագործելու համար), քանի որ նման փոփոխությունները միշտ ենթադրում են հարմարավետության գոտու խաթարում, երկրաշարժ, որի արդյունքում քեզանից կարող է պահանջվել որոշակի զոհերի գնալ ընդհանուր բարիքի համար։

Որպես գրագողության դիմելու գլխավոր պատճառ՝ ուսանողները նշել էին նաև բարձր գնահատական ստանալու ձգտումը։ Նորից այնքան հանդուգն կգտնվեմ, որ սա էլ առնվազն մասամբ կպայմանավորեմ Հայաստանում ձևավորված կրթական մշակույթով։ Եկեք փորձենք օտարի հայացքով նայել նրան, թե կրթական միջավայրում մենք ինչն ենք հրամցնում որպես արժեք։ Մենք արդեն վաղուց և շատ ոլորտներում ձևը նախընտրում ենք բովանդակությունից, և գնահատականներին այդքան կշիռ տալն ընդամենը հավաստում է մեր կատարած ընտրությունը։ Քանի՞ առաջադրանք անելիս է աշակերտը կամ ուսանողը զգում, որ ինչ-որ օգտակար աշխատանք է արել, որ այդ աշխատանքը մի տեղ կիրառվելու է, որ զուտ անելու համար չի անում։ Մենք ավելի շատ արտագրողից պետք է վերածվենք ավելի շատ քննադատորեն մտածողի և անկախ միտք գեներացնողի։ Քավ լիցի, նկատի չունեմ, որ անկախ միտք գեներացնելը պիտի այնպիսի գերնպատակ դարձնենք, որ մոռանանք, որ միտքը միշտ էլ կառուցվում է այլ մտքերի ամուր հենքի վրա (այդ մտքերին պատշաճ հղում տալով)։

Լա՛վ, ի՞նչ անել։

Մտավոր սեփականությանը և գրագողությանը վերաբերող ներկայիս գաղափարները և պրակտիկան սոցիալական կառուցարկներ են։ Հետևաբար, դրանք կարող են փոփոխվել, եթե փոխվի սոցիալական համատեքստը։

Ամենակարևոր խնդիրներից է հնարավորինս հստակ ձևակերպել, թե որ գործողություններն են համարվում գրագողություն։ Հակառակ դեպքում անընդհատ մնալու ենք «երդվում եմ, որ գրագողություն արել ես-երդվում եմ, որ չեմ արել» դիսկուրսի ճիրաններում։ Այդ սահմանումները կարող են տրվել կամ հստակեցվել դպրոցների և համալսարանների ակադեմիական ազնվության հայեցակարգերում, որակավորման հանձնաժողովների պահանջներում, և այլն։ Այստեղ, թերևս, կարևոր է, որ գրագողության վերաբերյալ կանոնները չափազանց չպարզեցնենք։ Հետազոտողները և դասավանդողները պետք է մշակեն շրջանակ, որի սահմաններում կքննարկեն գրագողությունը և կմշակեն մեթոդաբանություն՝ այդ կանոնները, գրագողության նրբությունները և հակասությունները ուսանողների հետ քննարկելու համար։

Դպրոցներում պետք է համապատասխան հիմք դրվի, իսկ ուսանողի՝ համալսարան ոտք դնելուն պես նրան պիտի ուղարկենք ակադեմիական աշխատանքներ գրելու հմտությունների դասընթացի անցկացման լսարան։ Այնտեղ ուսանողի հետ կքննարկենք և կսահմանենք ակադեմիական անազնվությունը, գրագողությունը, պատշաճ հղումներ կատարելու, ուրիշի խոսքը փոխադրելու հմտությունները։ Թե չէ երևի համաձայնեք, որ արդար չէ ուսանողին առանց լողալ սովորեցնելու նետել օվկիանոսը, մի հատ էլ պահանջել, որ ձուկ բռնած դուրս գա այնտեղից։ Համալսարաններում հետազոտական բաղադրիչի ցուցիչի բարձրացումն ինքնին խթան կհանդիսանա գրագողության դեմ միջոցների մշակման համար։

Այստեղ հարց է ծագում՝ արդյոք «վերևից ներքև» մոտեցումը կարո՞ղ է արդյունավետ լինել։ 

Մի քիչ դժվար կլինի հավատալ, որ 18-րդ դարում ծնված ֆրանսիացին մեզանից շատ կարևորություն էր տալիս մտավոր սեփականության պաշտպանությանը։ Սկզբում ստիպեցին, հետո դարձավ իր մշակութային ինքնության մաս։ Եթե պարտադրես հստակ կանոններ, որոնք իրենց էությամբ ավելի դրական են, քան նախկինները, դրանք մեծ հավանականությամբ կարժեզրկեն նախկին կանոնները։ Ներկայումս արևմտյան ավանդույթներով համալսարան ընդունվելիս ուսանողը չունի ընտրություն։ Կամ համաձայնում է համալասարանի՝ գրագողությանն առնչվող կանոններին, կամ նրան ցտեսություն են ասում։ Նույնը կարող է արվել Հայաստանի համալսարաններում՝ հատկապես հաշվի առնելով, որ համապատասխան օրենսդրությունը գնալով ավելի կիրարկելի է դառնում, այսինքն՝ «մշակույթը փոխելու» գործընթացն այլևս մեկնարկել է։

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Զարուհի Սիմոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:

 

Լեզվաբան