“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Պետական-քաղաքական-հանրային կյանքի արմատական վերանայումների շուրջ 2018թ. մեկնարկած դիսկուրսում ցայսօր առանցքային է Սահմանադրական դատարանի հարցը։ Բարձր դատարանի լեգիտիմության ու լեգալության կատեգորիաների շարքում բանավեճը հանգում է նաև «քաղաքականի» հարցին. ՍԴ դատավորը արդյոք պե՞տք է լինի քաղաքական։

ՍԴ դատավորի պաշտոնում քաղաքական կեցվածք ունեցող մարդու ընտրության հարցին, որ օրակարգայնացավ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմամբ, ածանցվում էր նաև մեկ այլ համատեքստ՝ Բարձր դատարանն արդյոք ապաքաղաքական մարմի՞ն է։ Մինչ այդ, սակայն, հարկ է արձանագրել, որ պետությունն ինքնին քաղաքական ֆենոմեն է՝ ստեղծված Արիստոտելի ձևակերպած քաղաքական կենդանիների՝ մարդկանց քաղաքական միավորման շնորհիվ, տնօրինում է հանրային կյանքի ոլորտներն ու կոնկրետ պատասխանատվություն կրում դրանց (ինքնա)կազմակերպման համար։ Վերջինս իրականացվում է պետական իշխանության երեք ճյուղերի և դրանցից բխող ենթաճյուղերի միջոցով։ Հետևաբար՝ պետականին վերաբերող ցանկացած հարց ինքնին պոտենցիալ քաղաքական է, որովհետև, ինչպես Կարլ Շմիթթն է բանաձևում, պետությունը հենվում է իր քաղաքական բնույթի վրա։ Անգամ բառիմաստային նշանակությամբ կիրառելիս հաճախ են հնչում «տնտեսական քաղաքականություն», «սոցիալական քաղաքականություն» և այլ արտահայտություններ, որտեղ «քաղաքական» եզրն առկա է ինքնին։

Գալով ՍԴ-ի քաղաքական կամ ապաքաղաքական կերպի հարցին՝ նկատենք, որ դրա գոյությունն ինքնին քաղաքական համաձայնության հետևանք է. այն սպասարկում է կոնկրետ ոլորտի «քաղաքականություն» և հանդիսանում է քաղաքական ֆենոմենի ճյուղերից մեկի բարձրագույն ատյանը։ Միաժամանակ՝ «քաղաքականի» այս բնորոշումն աղերս չունի կուսակցականության, նեղ-կլանային (թեկուզև՝ քաղաքական իմաստով) պատկանելության, ինչ-որ խմբերի կամ անհատների շահերի սպասարկման հետ, այլ ընդամենը ենթադրում է կողմնորոշում ունենալ, հայացքներ ու կեցվածք ունենալ և, վերջապես, լինել հանրային։ Ավելին՝ ՍԴ-ի հիմնական գործառույթն իշխանության ճյուղերի միջև իրավարար լինելն է, իշխանության ճյուղերին որոշումներ պարտադրելն է, հետևապես՝ ինչպե՞ս կարող է մի մարմին բնույթով քաղաքական չլինել, նրա ղեկավարներն ու անդամները ապաքաղաքական լինեն, բայց պետության հիմնական քաղաքական մարմիններին որոշումներ պարտադրվեն նրանց կողմից։ ՍԴ-ի վճիռներն իրենց տեսակով անբեկանելի են, չեն կարող բողոքարկվել և պարտադիր են կատարման համար։ Աստ, ինչպե՞ս կարող է քաղաքական ֆենոմեն հանդիսացող պետության, ըստ էության, բարձրագույն իշխանությունը (նկատի ունենալով ժողովրդից ծագող իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում) լինել ապաքաղաքական։

 

Համակարգերի պետության օրինակը

Բարձր դատարանի «քաղաքական» կերպի հարցի քննության համար իդեալական է ԱՄՆ-ի օրինակը, որը թերևս ամբողջ աշխարհում է համարվում համակարգային պետությունների մեջ լավագույններից մեկը։ ԱՄՆ-ում Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունն առաջադրում է նախագահը, իսկ վավերացնում է Սենատը։ Այնտեղ յուրաքանչյուր նախագահ նախընտրում է Գերագույն դատարանի դատավոր նշանակել իր քաղաքական հայացքներին համամիտ (ազատական, պահպանողական և այլն) գործչի։ Եվ ոչ ոքի մտքով չի անցնում այդ թեկնածուին մեղադրել ազատական կամ պահպանողական հայացքներ ունենալու, քաղաքական տեսության որևէ ճյուղի հարելու մեջ։ Ավելին՝ մամուլի և հանրության ուշադրությունը Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի հանդեպ գերազանցապես ուղղված է նրա հանրային ու բարոյական կերպարին՝ ինչպիսի՞ ներդրում է նա ունեցել հանրային կյանքի որակի բարելավման գործում և իր բարոյական նկարագրով արդյոք համապատասխանո՞ւմ է այդ բարձր դիրքին։ Մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվում թեկնածուի ունեցվածքը, սոցիալական կապերը, նախկին գործունեությունը, հայտարարությունները, ընտանիքը, շահերի նախկին ու հնարավոր բախումները։ Այսինքն՝ հանրությունը փորձում է պարզել, թե առաջադրված թեկնածուն իր արժեհամակարգով արդյոք ունա՞կ է պետության ճակատագիրը որոշող վճիռներ կայացնել, թե՞ ոչ։ Ի դեպ, բարձր դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման-հաստատման հարցն էլ է հաճախ վերածվում քաղաքական ձեռնամարտի, ինչպես տեղի ունեցավ Օբամայի կողմից Գերալդի, Թրամփի կողմից՝ Քավանոյի թեկնածությունների առաջադրման ժամանակ։ Ավելին՝ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ բանավեճի առանցքային հարցերից մեկը Գերագույն դատարանի կազմի համալրումն էր, քանի որ դրանով պիտի էականորեն ուրվագծվեր պետության իրավաքաղաքական ապագան։ Վերջապես, երբ ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթն իր նախագահությունից հետո ընտրվեց Գերագույն դատարանի նախագահ, դրանով ամենևին չխորտակեց ԱՄՆ-ի իրավական համակարգը՝ այդպիսով նաև ի ցույց դնելով այդ ատյանի իրական քաղաքական կշիռը։

 

Հայկական փորձը

Սահմանադրական դատարանի՝ քաղաքական կամ ապաքաղաքական մարմին լինելու հարցի համատեքստում շեշտելի է դրա՝ որպես պետական ինստիտուտի կարևորագույն դերակատարությունը պետական-հանրային կյանքում և վերջինիս դրական կամ բացասական հաշվեկշիռը։ Ըստ այդմ՝ ինչպիսի՞ն է եղել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական դատարանի հանրային դերակատարությունը նախորդ ավելի քան 25 տարիների ընթացքում, այն արդյոք ծառայե՞լ է հանրային շահին և, վերջապես, ինչպե՞ս է ստացվել, որ նախորդ տարիներին ՍԴ-ը մշտապես կայացրել է կոնկրետ մի նեղ խմբին հաճո որոշումներ։ Այս հարցերի պատասխանները արդյոք կհամոզե՞ն, որ այս ողջ ընթացքում ՍԴ-ն ցուցաբերել է քաղաքական կողմնակալություն՝ դիրքավորվելով հանրությանը հակառակ բարիկադում։ Արդյոք դա էլ կարո՞ղ է հանգեցնել այն մտքին, որ քաղաքականության ապաքաղաքականացման, անբարոյականացման, արժեզրկման այդ «երանելի ժամանակներում» ՍԴ-ն նույնպես կորցրել է «քաղաքականի» իր կերպը, տեղավորվել նեղ-կլանային, ընտանեկան-սոցիալական հարաբերություններում, հափշտակվել «հացի հարց լուծողի» կամ «ընտանիք պահողի» որկորով։ Տարիների հետևողականությամբ քաղաքական դաշտի ամայացման, քաղաքական գործիչների առքուվաճառքի, քաղաքական հարաբերությունների վարկաբեկման ողջ ընթացքում ՍԴ-ն ոչ միայն տարրալուծվել է գործընթացին, այլև դարձել է դրա հիմքերից մեկը։

Այլապես ինչպե՞ս բացատրել ՍԴ արդեն նախկին անդամ Ֆ. Թոխյանի ձևակերպումը, թե՝ «աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որտեղ իշխանության հարց է լուծվել, ոչ մի տեղ չկա եւ չի էլ լինի։ Հարցը լուծվում է փողոցում, նոր միայն ՍԴ-ում, եթե լուծվում է»։ Ինչպե՞ս կարող է պետության բարձրագույն ատյանի անդամը նման պատկերացում ունենալ իշխանության ձևավորման մասին։ Եթե իշխանության հարցը որոշվում է փողոցում, այդ դեպքում՝ ո՞ւմ է պետք Բարձր դատարանն իր արբիտրային գոյաբանական իմաստով։ Այդ ինչքա՞ն ծանծաղ գիտելիքներ ունեին ամերիկյան քաղաքական գործիչները, պետական ինստիտուտները, Գերագույն դատարանն ու հանրությունը 2000թ., երբ ընտրական վեճը հասցրել էին Բարձր դատարան, որն էլ որոշեց Սպիտակ տունն ի պահ տալ ոչ թե Ալ Գորին, այլ Ջորջ Բուշին։ Բայց չէ՞ որ Սահմանադրությամբ ընտրությունների վիճարկման հարցում անբեկանելի վճռի իրավունքը պատկանում է ՍԴ-ին, իսկ ընտրությունները «չարագուշակ» մի պատահականությամբ և այդ նույն Սահմանադրությամբ, իշխանության հարցի որոշման միակ տարբերակն են, մինչդեռ փողոցը ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ նման մարմին՝ առնվազն Բարձր դատարանի անդամի պատկերացումներում։ Արդ, Թոխյանի ձևակերպումը ամենևին էլ վրիպում կամ մեկ անձի ընկալման արտահայտություն չէր, այլ մարմնավորումն էր Հայաստանում տասնամյակներով հաստատված այն մտայնության, որ իշխանության ճյուղերը, փոխզսպումների ու հավասարակշռման մեխանիզմները, իրավական պետությունը և նմանօրինակ այլ երևույթները սոսկ կեղծ կատեգորիաների շարքից են։ Հետևաբար, Բարձր դատարանի անդամի  կամա-ակամա ձևավորված այդօրինակ ընկալումն էլ գալիս է փաստելու, թե «ապաքաղաքական» հորջորջանքն իր բուն էությամբ որքան ապապետական է, նեղ խմբային ու նեղ անձնական։

Թվում էր՝ 2018 թվականը քանդեց «քաղաքականի» արժեզրկման արատավոր պրակտիկան, սակայն ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու նրա հայտարարությունները, դրանց շուրջ ծավալված դիսկուրսը ցույց տվեցին, որ հայ հանրային-քաղաքական, թերևս նաև պետական միտքը շարունակում է չմարսել «քաղաքականի» ֆենոմենը։ Նախկինում հստակ հաշվարկով մեկնարկած, տարիների հետևողականությամբ հյուսված սարդոստայնը՝ հանրության մեջ քաղաքականության հանդեպ անտարբերություն սերմանելու, ապաև այն ատելության վերածելու և ի վերջո՝ պետությունից օտարելու մատրիցայով, ոչ միայն չի կոտրվել, այլև պահպանում է տիրակայողի իր կարգավիճակը։ Որո՞նք են այս ամենի պատճառները, ինչպե՞ս լուծել «քաղաքականից» չվախենալու և կեղծ ապաքաղաքականացման տեղապտույտից խուսափելու խնդիրը։

Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով մարտահրավեր եմ նետում Աղասի Մարգարյանին։