“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։



Մի անգամ բնապահպանական թեմայով ոստիկանական բաժանմունքում էի: Ոստիկանը անձնագրային տվյալներս էր լրացնում: Հարցնում է․

-Ամուսնացա՞ծ եք։

-Ո՛չ։

Տեսնում եմ, որ հաջորդ հարցը երեխա ունենալու մասին է, ու ինքնաբերաբար ուզում է նշել, որ երեխա չունեմ։ Ասում եմ․

-Բայց այսքան տարեկան տղա ունեմ։

-Այսինքն՝ ամուսնացա՞ծ եք։

-Ոչ։

-Ամուսնալուծվա՞ծ։

-Ոչ։

-Բա ո՞նց կլինի։

-Ամուսնալուծված լինելու համար պետք է ամուսնացած լինեի, բայց ես ամուսնացած չեմ եղել։

Ոստիկանն ապշահար նայում է դեմքիս ու չի հասկանում, թե ինչ պետք է գրի։

Սա միակ դեպքը չի եղել իմ կյանքում։ Միայնակ մայրերն այնքան անտեսված են, որ հաճախ անգամ պաշտոնական փաստաթղթերում ընտանեկան կարգավիճակի նման տարբերակ չի դիտարկվում։

Միայնակ մայրերից շատերն ամաչում են խոսել իրենց կարգավիճակի մասին, քանի որ հանրության կողմից ամոթանքի և այլ ճնշումների են ենթարկվում։ Եթե ամուսնալուծված կինն է դեռևս շատերի կողմից «անբարոյական» պիտակը ստանում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչերի միջով է անցնում միայնակ մայրը։  Ինքս էլ, երբ գրում եմ այսպիսի թեմաների մասին, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք վիրավորում են ինձ կամ որոնց թվում է, թե փող եմ խնդրում իրենցից կամ պետությունից. շատերը չեն փորձում ավելի խորը նայել իրավիճակին։

Երբ 11 տարի առաջ ծնվեց տղաս, ես իմացա, որ մեր երկրում միայնակ մայրերին ոչ մի աջակցություն չի ցուցաբերվում։ Ժամանակին երեխային ամսական նպաստ էին տալիս, իսկ հետո դա էլ վերացրեցին։ Պատճառաբանությունն այն էր, որ շատ կանայք, լինելով ամուսնացած, գրանցվում էին որպես միայնակ մայր, որպեսզի նպաստ ստանան։ Սակայն իրավիճակը վերահսկելու, կեղծողներին բացահայտելու փոխարեն, որոշեցին բոլորին զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Միայնակ մայրերը կարող են նպաստ ստանալ միայն այն դեպքում, եթե համարվեն անապահով, այսինքն՝ սա միայնակ մորը ցուցաբերվող աջակցություն չէ, այլ աղքատության նպաստ է: Դու պետք է պարբերաբար ապացուցես, որ  անապահով ես, չես կարող բարելավել կենցաղային պայմաններդ կամ  աշխատանք ունենալ, անընդհատ վերահսկողության տակ պիտի գտնվես ու մի փոքր ավելի լավ ապրելու դեպքում կզրկվես նպաստից: Միաժամանակ, այդ նպաստը բավարար չէ ապրելու համար, եթե լրացուցիչ եկամուտի աղբյուր չունես։ Ի վերջո, շատերը դուրս են մնում այս ծրագրից, շատերն անգամ չեն էլ դիմում (ինչպես, օրինակ, ես)։ Ես չեմ ուզում անընդհատ ապրել վատ սոցիալական պայմաններում, որպեսզի իմ պետությունը հարկ համարի աջակցել ինձ ու երեխայիս։

Մի պահ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որը լրիվ միայնակ է, օգնող չունի և երեխա է ունեցել։ Նա չի կարող աշխատել, որովհետև ծննդաբերությունից հետո դեռ որոշ ժամանակ պետք է վերականգնվի, երեխայի կողքին լինի, խնամի։ Բայց եթե նույնիսկ փորձի աշխատել, դարձյալ խնդրի է բախվելու, քանի որ մեր գործատուների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի չի ընդունում մանկահասակ երեխա ունեցող կնոջը։ Երբ իմանում էին, որ երեխա ունեմ, ասում էին, որ չեն կարող ինձ ընդունել աշխատանքի։ Ասում էի, որ ես երեխայիս պահող ունեմ (իմ բախտը բերել է, որ ընտանիքիս հետ եմ ապրում), ասում էին՝ կապ չունի, երեխաները հաճախ են հիվանդանում։ Ու ոչ մի այլ փաստարկ չէին ընդունում։ Իսկ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որն անգամ օգնող էլ չունի, աշխատանք չի կարողանում գտնել, բայց կարիք ունի և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական աջակցության։

Ես երբևէ որևէ աջակցություն չեմ ստացել պետությունից որպես միայնակ մայր, պետությունը երբեք չի հետաքրքրվել, թե ոնց եմ պահում երեխայիս, ինչի կարիք ունենք... բայց փոխարենը, երբ գա տղայիս բանակ տանելու ժամանակը, միանգամից կհիշեն մեր մասին։

Միայնակ մայրերի խնդիրը միայն անձնական հարց չէ: Սա նաև կարևոր սկզբունքային հարց է, համակարգային հարց է, արդարության հարց է։ Միայնակ մայրերն ի սկզբանե ավելի խոցելի են, քան ամուսնական զույգերը, սակայն բոլոր սոցիալական քաղաքականություններում Հայաստանում ավելի շատ առավելություններ տալիս են ամուսնական զույգերին։ Անգամ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով միայնակ մայրերին աջակցություն տալիս էին այն դեպքում, եթե կինն աշխատել է ու կորցրել աշխատանքը, մինչդեռ ամուսնական զույգերի պարագայում միայն մեկ ծնողի՝ աշխատանքը կորցնելու դեպքում տրամադրվում էր աջակցությունը: Այսինքն, դու միայն արտոնված ես չաշխատելու, եթե քո կողքին տղամարդ կա։ Միայն այդ դեպքում ես արժանանում աջակցության։

Շատերը կասեն, եթե չէիր կարողանալու երեխայիդ պահել, ինչո՞ւ ես հղիացել։ Բայց ինչքան տարբեր իրավիճակներ կան, որ կինը կարող է միայնակ հայտնվել նման փաստի առաջ։ Կարող է՝ զուգընկերը մահացել է, կարող է՝ սրիկա է եղել, թողել է, կարող է՝ բռնաբարվել է ու հղիացել, կարող է՝ ուղղակի ուզեցել է մենակ երեխա ունենալ։ Պետության գործառույթն է՝ հոգ տանել իր քաղաքացիների մասին, մանավանդ՝ առավել խոցելիների։ Դրա համար ենք հարկային վճարումներ անում, բոլորիս վճարած հարկերով նպաստներ տալիս միայնակ ծերերին, բազմազավակներին, հաշմանդամություն ունեցողներին: Սոցիալական աջակցություն են ստանում նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները: Բոլոր միայնակ մայրերի իրավիճակը շատ նման է. երեխան մեծանում է մեկ ծնողի ջանքերով, և ընտանիքը հանրության հավելյալ աջակցության ու հոգատարության կարիքն ունի:

Իսկ ի՞նչ է անում պետությունը․ նա կարծես բարոյական ցենզուրա է անում կանանց, ամեն գնով փորձում է ապահովել տղամարդու ներկայությունը՝ թեկուզ միայն թղթի վրա: ՔԿԱԳ-ում երեխային գրանցելու ժամանակ պահանջվում է երեխայի հոր մասին բաժնում լրացնել թեկուզ կամայական անուն, ու էական չէ, որ այդ բաժնում նշված անունով տղամարդը կարող է երբեք չհայտնվել երեխայի կյանքում, ոչ մի մասնակցություն չունենալ նրա դաստիարակության կամ տարրական ծախսերը հոգալու գործում կամ կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, երեխան կարող է արհեստական բեղմնավորմամբ ծնված լինել։ Բայց դու պարտավոր ես նշել որևէ անուն։

Հենց անուն նշելու պատճառով ես մինչև հիմա չեմ կարողանում ստանալ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը, քանի որ ինձ ասացին, որ դիմումիս կցված ծննդականի պատճենի մեջ նշված է երեխայի հոր անուն ազգանունը, չնայած ես նշել եմ, որ միայնակ մայր եմ։ Այսինքն՝ պետական համակարգը տեղյակ չէ իր իսկ սահմանած կարգերից ու չգիտի, որ երեխայի հոր անունը ստիպված են գրել բոլորը: Երկու ամսից ավել է՝ նրանք չեն կարողանում գտնել երեխայիս տվյալները, այն դեպքում, երբ նա դպրոցական է, անձնագիր է ունեցել ու երկրից դուրս եկել։

Միայնակ մայրերը շատ դեպքերում բառի բուն իմաստով մենակ են մնում իրենց խնդիրների ու երեխայի հետ։ Շատերը ընտանիք չունեն, որն իրենց կաջակցի, շատերի ընտանիքները հրաժարվում են նրանց օգնել կամ անգամ ապաստան տալ։ Շատ դեպքերում կանայք դիմում են արհեստական վիժեցման, որ խուսափեն այդ խնդիրներից։ Երբեմն հրաժարվում են ծնված երեխայից, հանձնում են նրան մանկատուն կամ անգամ թողնում փողոցում։ Լինում են նաև մանկասպանության դեպքեր, երբ այսքան խնդիրներին բախված կինը, հոգեկան հավասարակշռությունը կորցրած, կարող է դիմել այդ ծայրահեղ քայլին։ Մենք, իհարկե, բոլորս կմեղադրենք նման կանանց, բայց երբ այդ կանայք մեր օգնության կարիքն ունեն, մենք իրենց չենք էլ նկատում, անբարոյական ենք անվանում, անտեսում. հիշում ենք միայն քարկոծելուց, մեղադրելուց։ Բայց չենք փորձում հասկանալ, թե ինչու է կինը դիմել այդ քայլին ու ինչքանով ենք մենք՝ որպես հանրություն, նպաստել դրան կամ փորձել կանխել այդ քայլը, կամ ինչ հոգեկան ապրումներ ունի այդ կինը հիմա կամ ունեցել է։

Շատ են նաև այնպիսի կանայք, որոնք ամուսնացած կնոջ կարգավիճակ ունեն, բայց ամուսինները թողել գնացել են արտասահման ու այդ  կանայք լուր էլ չունեն նրանցից։ Այսինքն, նրանք փաստացի միայնակ են, բայց փաստաթղթերով այլ կարգավիճակ ունեն։ Ու այդ կանայք շատ հարցերում կաշկանդված են: Օրինակ, նրանք չեն կարող իրենց երեխաներին մինչև չափահաս դառնալը  երկրից դուրս տանել առանց հոր թույլտվության, իսկ հայրը կարող է ընդհանրապես չհայտնվել։ Գրանցված միայնակ մայրերն ավելի ազատ են այս հարցում։

Մեկ այլ խնդիր է երեխայի հետ ճամփորդելը։ Արտասահմանում երեխայի հետ գիտաժողովների, վերապատրաստման կամ այլ ծրագրերի մասնակցելը  գրեթե անհնար է, քանի որ անգամ միջազգային կառույցներում հիմնականում չեն նախատեսում երեխայի հետ մասնակցությունը։ Եթե դու ուզում ես քո երեխայի հետ մասնակցել նման միջոցառումների, պիտի ինքդ հոգաս նրա բոլոր ծախսերը։

Իհարկե, կան նաև միայնակ երեխա մեծացնող տղամարդիկ, բայց նրանք շատ ավելի քիչ են, քան կանայք, քանի որ անգամ ամուսնալուծվելուց հետո երեխաների խնամքը հիմնականում կնոջն էլ թողնվում, իսկ տղամարդը կարող է ընդհանրապես չխառնվել կամ էլ ալիմենտով բավարարվել, որը երբեմն շատ փոքր գումար է։ Միայնակ հայրերին հանրությունը հերոսացնում է, ի տարբերություն կանանց, որոնց մեղադրում է ու անբարոյական պիտակում։ Միայնակ հայրերին աշխատանքի ընդունելուց չեն հարցնում երեխայի առկայության մասին ու դա չի խանգարում նրանց։ Միայնակ հայրերին ընտանիքն ու հարազատները երեխայի հետ միասին դուրս չեն հանում տանից, այլ ամեն կերպ աջակցում են։ Իհարկե, իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, բայց հիմնականում այս պատկերն է։

Միայնակ մայրերի թեման շատ կարևոր է։ Առաջին անգամ փորձեցի նաև հոդվածի ձևով շարադրել մտքերս՝ որպես ներածություն այս հարցի շուրջ լռությունը խախտելու և քննարկումներ սկսելու համար: Հուսով եմ, որ ավելի շատ կանայք կսկսեն կիսվել իրենց փորձառությամբ ու մտքերով: Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Աննա Կամային: