Հայաստանում COVID-19-ի տարածման վիճակը ապրիլի 7-ի դրությամբ․ Հրանտ Խաչատրյան
13:18 - 08 ապրիլի, 2020

Հայաստանում COVID-19-ի տարածման վիճակը ապրիլի 7-ի դրությամբ․ Հրանտ Խաչատրյան

Հրանտ Խաչատրյանն իր բլոգում գրում է․

«Կորոնավիրուսի հետ կապված այսօր ունենք մի լավ և մի վատ լուր:

Մինչև սկսելը ֆիքսենք երեք փաստ․

  • Վիրուսի տարածումը կանխելը անհրաժեշտ է առողջապահական համակարգը չփլուզելու համար:

    Կարևոր է նկատել, որ այստեղ վիրուսի վտանգավորության աստիճանը այնքան էլ էական չէ: Եթե ենթադրենք, որ հիվանդանոցներում կա 1000 տեղ, և այս վիրուսով վարակվածների 20%-ին պետք է հոսպիտալացնել, ապա 100 վարակակրից սկսելով «նորմալ» տարածման դեպքում հիվանդանոցները կլցվեն 36 օրում: Իսկ եթե ենթադրենք, որ վիրուսը չորս անգամ ավելի անվտանգ է, ու պետք է հոսպիտալացնել միայն 5%-ին, ապա հիվանդանոցները կլցվեն 46 օրում: Այսինքն, տարբերությունը ընդամենը 10 օր է: Հետևաբար, որքան էլ լինի վիրուսի վտանգավորության աստիճանը, եթե տարածումը չկանխվի, առողջապահական համակարգը կփլուզվի:

  • Վիրուսի տարածումը կանխելու համար կիրառվում են երեք մեթոդներ․

    ա) հսկել կամ միանգամից մեկուսացնել երկիր մտնողներին
    բ) ինտենսիվ պարզել վարակակիրների բոլոր կոնտակտներին ու մեկուսացնել (contact tracing)
    գ) սահմանափակել (գրեթե) բոլոր մարդկանց տեղաշարժը (lockdown)

    Աշխարհի բոլոր երկրները երազում են վարակի տարածումը կառավարել առանց գ) մեթոդը կիրառելու: Եթե ա)-ն սպանում է միայն տուրիզմը, գ)-ն սպանում է տնտեսության մեծ մասը:

  • Վիրուսի տարածումը կառավարելու ամենամեծ դժվարություններից մեկն այն է, որ նշված մեթոդները կիրառել սկսելուց, խստացնելուց կամ թուլացնելուց հետո արդյունքը երևում է մոտ տաս օրից: Դա պայմանավորված է վիրուսի հատկություններով, ինչպես նաև տեստավորման ենթակառուցվածքներով: Այսինքն, երբ կառավարությունը որոշում է, օրինակ, փակել տրանսպորտը կամ բացել ռեստորանները, դրա ազդեցությունը հաջորդ օրը չի երևում: Պետք է լինում գոնե տաս օր սպասել:

Լավ լուրը

Հայաստանում գ) կետի հետ կապված վերջին մեծ խստացումը եղավ մարտի 25-ին, երբ տնից դուրս գալը դարձավ հատուկ ձևաթղթով, իսկ «ոչ անհրաժեշտ» աշխատատեղերը փակվեցին: Երեկ ու այսօր կարծեք թե սրա հետևանքները սկսեցին երևալ վարակակիրների վիճակագրության վրա: Եթե այս պատկերը մի քանի օր էլ շարունակվի, կկարողանանք պնդել, որ Հայաստանում այս պահին գործող ա) բ) գ) մեթոդների համադրումը բավարար է վիրուսի տարածումը կանգնեցնելու համար: Սա կարող ենք համարել կարևոր նվաճում:

Համեմատության համար նշեմ, որ այն եվրոպական երկրները, որոնց տեսնում ենք լուրերով (Իտալիա, Իսպանիա) դեռ շատ հեռու են այս վիճակից: Իտալիայում շուտով կլրանա մի ամիսը, ինչ գ)-ն կիրառվում է, բայց դեռ ակտիվ վարակակիրների թիվը շարունակում է աճել (թեև էականորեն ավելի փոքր արագությամբ): Իրենց դեպքում գ)-ն թուլացնելը շարունակում է մնալ անհնար:

COVID-19 active cases in Armenia and Belarus

Արդյո՞ք սա նշանակում է, որ կարելի է Հայաստանում թեթևացնել գ)-ն: Իմ հասկանալով, մարտի 15-25 իրավիճակը (երբ դեռ միայն դպրոցները, մոլերն ու ռեստորաններն էին փակ), բավարար չէր տարածումը կանգնեցնելու համար: Այսինքն, գ)-ն թուլացնելուց առաջ պետք է ուժեղացնել ա)-ն և բ)-ն: Քանի որ ՀՀ ժամանող թռիչքները կտրուկ պակասել են, արդեն բոլոր եկողներին երկու շաբաթով տանում են հյուրանոց: Այսինքն ա)-ն արդեն բավական ուժեղ է: Իսկ բ)-ն ուժեղացնելու համար, եթե ճիշտ եմ հասկանում.

  • պետք է ավելի խիստ հսկել այն մարդկանց, որոնք շփվել են այն մարդկանց հետ, որոնք շփվել են հաստատված վարակակիրների հետ: Երեկ ասացին, որ Հայաստանում այդպիսի 5000-ից ավել մարդ կա տանը մեկուսացված: Բայց կան բամբասանքներ, որ ոչ բոլորն են միշտ մնում տանը:
  • կարելի է պակասեցնել ընդհանուր վարակակիրների թիվը: բ)-ն իրականացնելը ավելի հեշտ է, երբ երկրում կա 100 ակտիվ վարակակիր, քան երբ կա 1000 վարակակիր: Այսինքն, խիստ սահմանափակումները երկար պահելու արդյունքում բուժված և մեկուսացման կարիք ունեցող մարդկանց թիվը կնվազի, ու այս առումով կթեթևացնի բ)-ն իրականացնող մարմինների ծանրաբեռնվածությունը:
  • շատերը պնդում են, որ մեկ օրում արվող տեստերի քանակը մեծացնելը ևս օգնում է բ)-ին: Վստահ չեմ, որ լավ հասկանում եմ մեխանիզմը, բայց երևի թե իրոք դա էլ է օգտակար:

Վատ լուրը

Աշխարհում կան մի քանի երկրներ, որտեղ վարակի տարածման վիճակագրությունը վերջին երկու ամսում եղել է նույնքան լավ, որքան Հայաստանում է վերջին երկու օրերին, բայց ի տարբերություն մեզ, այդ երկրները նման արդյունքի հասել են առանց գ)-ի: Հաճելի պատահականությամբ, դա այն երկրներն են, որտեղ 2003-ին եղել է SARS-ի համաճարակ, ու հավանաբար մասնագետները սովորել են բ)-ն իրականացնել շատ արդյունավետ:

COVID-19 active cases

Բայց այս շաբաթ այդ երկրներից գալիս են մտահոգիչ լուրեր: Այսօրվանից Սինգապուրում փակում են դպրոցներն ու բիզնեսների մեծ մասը: Ճապոնիայում էլ հայտարարվեց արտակարգ դրություն, քանի որ ըստ վարչապետի, հիվանդանոցները մոտենում են իրենց լիմիտին: Դեռ չեմ հասկանում, թե ինչն է պատճառը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ մեզ հաջողվի գ)-ն վերացնելով ունենալ կայուն վիճակ, պետք է պատրաստ լինել, որ ինչ-որ պահերի պետք կլինի նորից ժամանակավորապես խստացնել սահմանափակումները:

Առայժմ միակ լուսավոր կետն այս պատմության մեջ այն է, որ այս հոդվածում արևելյան Ասիայի երկրների վերջին օրերի խնդիրները բացատրվում են ա) կետում թերացումներով, ոչ թե բ):

Վերջում մի երկու խոսք մեր ԵՏՄ բարեկամ Բելառուսի մասին: Բելառուսում տեղեկատվության հուսալի աղբյուրը իրենց առողջապահության նախարարության Տելեգրամի ալիքն է: Երևում է, որ շատ ինտենսիվ կիրառում են ա) և բ) մեթոդները, իսկ գ)-ն գրեթե չեն կիրառում: Հանուն արդարության պետք է նշել, որ մի փոքր գ)-ից էլ են կիրառում, ինչպես երևում է Yandex-ի տվյալներից, բայց շատ քիչ: Իսկ վարակի տարածման վիճակագրությունը առայժմ շատ տխուր պատկեր է ցույց տալիս: Այսօր Բելառուսում վարակակիրների թիվը անցավ Հայաստանից: Հուսանք, որ Բելառուսի կառավարության վստահության հիմքում այլ տեղեկատվություն կա, որ մեզ հասանելի չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել