armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 170 հազար 99: Մահացության ցուցանիշը 17 հազար 756 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 72 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 194 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 688 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 272 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել:

Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: