Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|
13:44 - 19 մայիսի, 2021

Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:

Այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել