Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան
17:40 - 14 մայիսի, 2021

Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Երեկ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղարին, արտգործ եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ հնարավոր զարգացումներից խուսափելու համար։ 

ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության եւ հնարավոր զարգացումների մասին Infocom-ը զրուցել է 1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ 

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը երեկ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ինչը հիմք է հանդիսանում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները արձագանքեն իրենց լիազոր ներկայացուցիչների մակարդակով։

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով, ինչը, քաղաքագետի մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունները իրար պետք է աջակցեն ու առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական աջակցություն տան․ 

«Հայաստանը ճիշտ արեց, որ դիմեց։ Այո՛, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, պետություններից շատերի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է դիմել, որ պատասխան ստանանք, որ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը չշահարկեն։ Այսօր լուրջ սպառնալիքի առջեւ է հենց բուն Հայաստանը, ու կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը կարձագանքի՞, թե՞ ոչ։ Հիմա սպասենք ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ ասաց, որ իրենք հետեւում են իրադարձություններին»,- ասաց Գրիգորյանը։ 

Խոսելով այն կարծիքների մասին, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին դիմեր ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով, Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, ճիշտ է դիմել 2-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածով պետությունները պարտավոր են իրար աջակցել սպառնալիքի դեպքում, խոսքն առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական աջակցության մասին է։ Չորրորդ հոդվածի համաձայն՝ այն երկիրը, որը հարձակվել է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ՀԱՊԿ-ը դիտում է որպես թշնամի ու նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն։ Գրիգորյանի խոսքով՝ պետությունները չէին օգտագործի չորրորդ հոդվածը, այդ պատճառով այս փուլում ճիշտ որոշում է 2-րդ հոդվածով դիմելը։

«Չեմ հավատում, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը «մեր խաթր» կպատերազմեն Ադրբեջանի դեմ, ակնհայտ է, որ չորրորդ հոդվածով դիմելը պետք է ավելի ուշ թողնել, բայց ակնհայտ է նաեւ, որ դա չի իրականանա, քանի որ մեր շահերը այդ երկրների շահերի հետ չեն համընկնում, միգուցե 20 տարի առաջ համընկնում էին, բայց հիմա բոլորս գիտենք, որ Բելառուսը եւ կենտրոնասիական երեք երկրները նույնիսկ ողջունեցին Ադրբեջանի հաջողությունները այս պատերազմում։ Ուրեմն՝ չորրորդ հոդվածով դիմելը նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն, ինչն այս փուլում անիմաստ էր»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես Բելառուսը ագրեսիվ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Բելառուսը հանդես եկավ մեր դեմ ուղղված հայտարարություններով, չբավարարվեց նեյտրալ հայտարարություններով՝ հանդես գալով պրոադրբեջանական եւ մեզ դատապարտող հայտարարությամբ։ Իսկ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ըստ վերլուծաբանի, ավելի զուսպ են, բայց իրենք էլ չեն պաշտպանի մեզ, քանի որ լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։

Մեր զրուցակիցը ՀԱՊԿ-ից առանձնապես ոչինչ չի ակնկալում․ նրա խոսքով՝ շատ տրամաբանակն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, քանի որ 90-ական թվականներին ոչ մի այլ կազմակերպություն չկար, որ կապահովեր մեր անվտանգությունը․

«1990 թվականին մեր շահերը Բելառուսի, Ղազախստանի շահերին բավական մոտ էին, այսպիսի տարաձայնություններ չկային, նույնիսկ մինչեւ 1997-1998 թվականը Ադրբեջանը եւ Վրաստանն էին ՀԱՊԿ անդամ։ Այն ժամանակ շատ տրամաբանակն էր մեր՝ այդ կազմակերպությունում լինելը, բայց հիմա պարզ չէ, որովհետեւ այդ կազմակերպությունը չի պաշտպանում մեր անվտանգությունը, չի էլ պլանավորում պաշտպանել։ Այստեղ մեր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Այո՛, Ռուսաստանն էլ իրեն բարդ է պահում, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքը մի փոքր այլ է, մյուս երկրները մեզ հետ համընկնող շահեր չունեն, դա պարզ երեւում է։ Երբ ասում եմ՝ ոչ մի համընկնող շահ, նկատի ունեմ՝ անվտանգային, ռազմական, ռազմակտեխնիկական առումով»։ 

Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը երեկ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Մակրոնն իր խոսքում նշել էր.

«Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Այս հատվածը, սակայն, ներառված չէր հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թե ինչու մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Ֆրանսիայի նախագահի հայտարարության այդ հատվածը եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, Ստեփան Գրիգորյանը մեկնաբանեց․

«Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կփորձի աջակցել։ Եթե հիմա դիմենք Ֆրանսիային, կասկած չունեմ, որ ինչ-որ ձեւ կգտնի մեզ աջակցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը քայլերով է առաջ գնում․ դիմում է ՀԱՊԿ-ին, հետո կդիմեն Ռուսաստանին։ Երեկ մենք դիմեցինք նաեւ ԵԱՀԿ երկրներին, մեր դեսպանը ԵԱՀԿ շրջանակներում հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ իս՝ կառավարությունը ուզում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով, որ, միգուցե, մեր կառավարությունը համարում է, որ այս փուլում դիմելը վաղ է, եւ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հասնելը՝ պետք է օգտագործել մյուս ինստիտուտներին դիմելու հնարավորությունը։ 

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը բարեկամ երկրներ շատ ունի, որոնք կաջակցեն մեզ, ուստի Ադրբեջանին դժվար կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեքիաթներ պատմել, այդ հեքիաթները կարող են այստեղ՝ մեր տարածաշրաջնում պատմել․

«Այստեղ պարզ է, որ պրոբլեմատիկ կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է վետոյի իրավունքն օգտագործել, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստը չկայանա։ Ես կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներում հարցը չլուծվի, մեր կառավարությունը հանդես կգա ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հայտարարությամբ։ Ուղղակի պետք է բոլոր գործիքներն օգտագործել, ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն էլ պետք է ստիպել Ռուսաստանին, որ Ադրբեջանին կարգի բերի։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, այդ դեպքում պետք է դիմել ՄԱԿ ԱԽ-ին»,- ասաց Գրիգորյանը։ 

Եւ վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում առկա իրավիճակը լուծվի միայն դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով,  եւ ոչ ռազմական ճանապարհով։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել