Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ
17:36 - 13 մայիսի, 2021

Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Երեկ մամուլում մեկը մյուսի հետեւից հրապարակումներ եղան, ըստ որոնց հակառակորդը որոշակի գործողություններ է սկսել Սյունիքի Իշխանասարի, Սեւ լճի ուղղությամբ, եւ որ հայկական կողմից նույնիսկ վիրավորներ կան։ Որոշ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հերքելով Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին լուրերը եւ հայտնելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները, ըստ ՊՆ-ի, դադարեցրել են այդ աշխատանքները։  

Իսկ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Սեւ լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչև 3,5 կիլոմետր: Մայիսի 13-ի առավոտյան Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են բանակցություններ՝  իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի եւ դրա հնարավոր ելքերի մասին Infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։

Պետրոսյանցի խոսքով՝ Սյունիքում ռազմական գործողությւոններ չեն եղել, եւ խնդիրն առավել շատ քաղաքական դաշտում է։ Խոսելով տարածվող այն կարծիքների մասին, թե հայկական կողմը կարող էր գերի վերցնել ՀՀ պետական սահմանն անցած ադրբեջանցիներին, մեր զրուցակիցը մանրամասնեց․

«ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված պետական սահմաններից այս կողմ ցանկացած փոփոխության դեպքում հակառակորդ կողմը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում կատարած կողմ, եւ մենք իրավունք ունենք ձերբակալելու կամ գերի վերցնելու։ Գերի վերցնել կարող ենք այն դեպքում, երբ մարտական գործողություններ են ընթանում։ Եթե մարտական գործողություններ չեն ընթանում, այլ պետության քաղաքացիները, որոնք հատել են սահմանը, պետք է ձերբակալվեն, եւ քանի որ հատել են պետական սահմանը ու զինվորական հագուստով են, զինված են, նշանակում է, որ կարող է դիվերսիոն խումբ լինել։ Կան տարբեր օրենքներ, որոնց հիման վրա կարող ես այդ գործողությունները կատարել եւ ձեռբակալել։ Բայց թե ինչու երեկ հայկական կողմը նման քայլեր չի իրականացրել՝ չեմ կաող ասել»։ 

Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերի կրկնությունը բացառված չէ, քանի դեռ հստակ որոշված, գծված եւ կառուցված չեն սահմանները։ Պետրոսյանցի խոսքով՝ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում սահմանները դեռ հստակեցված չեն, ինչի արդյունքում կողմերը կանգնում են նման միջադեպերի առջեւ․ երբ կլինի հստակ կառուցված սահման, արդեն ամեն ինչ կփոխվի։ 

Մեր զրուցակիցը մինչեւ աշուն չի կանխատեսում լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ, ըստ նրա, մեր եղանակային պայմանները որոշակի սահմանափակում են ե՛ւ տեխնիկայի օգտագործումը, ե՛ւ ծագում են մարտական գործողություններին մասնակցող անձնակազմի մարտական ապահովման խնդիրներ․ «Եթե նայենք նաեւ պատմությունը, կտեսենք, որ 1988 թվականից մինչեւ հիմա մարտական գործողությունները հիմնականում եղել են աշնանը եւ գարնանը»,- նկատեց փորձագետը։

Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե ադրբեջանական կողմը շրջանցել է հայկական դիրքերը եւ հայտվել Սեւ լճի տարածքում, Պետրոսյանցն ասաց՝ առհասարակ պաշտպանվող կողմը այնպիսի միջոցառումներ է կազմակերպում եւ ծառայությունը այնպես է կարգավորում, որ հակառակորդը հնարավորություն չունենա հատել սահմանը, իսկ հակառակորդի խնդիրը այն է, որ անցնի սահմանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերը կանխելու համար պետք է ամբողջապես պատրաստ լինել, պետք է նախապես իմանալ հակառակորդի պլանների մասին եւ լավ պատրաստվել, այդ թվում՝ տեխնիկապես։ 

«Ինձ թվում է, որ որպես այդ ՀԱՊԿ անդամ՝ մենք կարող ենք դիմել այս կազմակերպությանը, քանի որ խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Հարցը քաղաքական է, բայց դիմելուց հետո մենք կիմանանք, թե մեր դաշնակիցները, որքանով են մեր դաշնակիցները»,- ասաց Պետրոսյանցը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու անհրաժեշտության մասին։

Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե այն երեք կիլոմետրը, որն անցել է ադրբեջանական կողմը, ռազմական կարեւոր նշանակություն չունի, Պետրոսյանցն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որեւէ հատված, որը ռազմական կարեւոր նշանակություն չունենա, որովհետեւ մարտական գործողությունների խորությունը, նրա պնդմամբ, ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են․ եթե նախկինում՝ 20-րդ դարում, այդ խորությունը կարող էր հասնել 200 կիլոմետրի, ապա այսօր կարող է հասնել 1000 կիլոմետրի․

«Խոսքը ոչ թե սահմանային ճակատի մասին է, այլ խորքային։ Հայաստանն ունի՞ այդքան տարածք, պատասխանը ոչ է։ Հետեւաբար ՀՀ-ում չկա մի հատված, որը ռազմական կարեւոր նշանկաություն չունենա»։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել