Մարզերում վերարտադրողական ծառայությունների զարգացման համար իրականացվում է վերապատրաստման ծրագիր |armenpress.am|
14:06 - 13 մայիսի, 2021

Մարզերում վերարտադրողական ծառայությունների զարգացման համար իրականացվում է վերապատրաստման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մարզային կենտրոններում հնարավորություն է տրվելու զարգացնել ներարգանդային սերմնավորման ծառայությունները: Այդ նպատակով ՀՀ առղջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ դա նպաստելու է այդ ծառայությունների ապակենտրոնացմանը:

«Հիմա այդ ծառայությունները կենտրոնացած են Երևանում: Ամբողջ Հայաստանից մարդիկ ստիպված են գալ Երևան և ստանալ այդ երկարատև բուժումը: Այս ծառայությունը զարգացնելու համար պահանջվում են նվազ սարքավորումային և մասնագիական ռեսուրսներ»,- ասաց Նունե Փաշայանը:  

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով, օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ կարևորվում է մասնագիտական հնարավորությունների զարգացումը:

«Մարզերում կատարել ենք կարիքների գնահատում: Սկսել ենք վերապատրաստումների շարքը: Մենք փորձում ենք ոչ միայն մասնագետներ վերապատրաստել, այլև մարզերում կետեր բացել, որ ներարգանդային սերմնավորման մակարդակում կարողանանք մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերել: Պատկերացնո՞ւմ եք, այսօր Ղափանից, Ղարաբաղից ամիսը երկու, երեք անգամ գալիս են Երևան հասարակ միջամտության համար, և այդ պրոցեսը կարող է տևել մեկ կամ երկու տարի»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ մարզերում ներարգանդային սերմնավորման ծառայությունները զարգացնելու համար մեծ ծախսերի կարիք չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել