Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|
12:02 - 13 մայիսի, 2021

Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը:

«Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ: 

Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը: Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Դումանյանի խոսքով՝ հիմա գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է մինչև 2025-ը գիտաշխատողի միջին աշխատավարձը դարձնել 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր 141 հազար 400 դրամ է, իսկ մինչև 2025-ը կկազմի 477 հազար 200 դրամ:

«Այս թվերը շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում: Սրա համար նախատեսվում է 2022-ին ավելացնել ֆինանսավորումը 3.6 միլիարդ դրամով, 2023 թվականին՝ 2.2 մլրդ, 2024-ին՝ 2.4 մլրդ-ով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամով: Կարծում եմ՝ սա որակական լուրջ փոփոխություն է գիտության ոլորտում: Նման թռիչքաձև փոփոխություն չեմ հիշում, որ երբևէ նախկինում եղած լինի»,- նշեց Դումանյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից կրկնապատկվում է բազային աշխատավարձերի չափաքանակը, որն այսօրվա 4 միլիարդի փոխարեն կազմելու է մոտավորապես 7.7 միլիարդ: Իսկ 2025-ին դառնալու է 14.4 միլիարդ դրամ:

«Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը այսօր միջինում կազմում է 138 հազար դրամ: Հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ մոտավորապես 553 հազար դրամ»,- նշեց Ավինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ ըստ էության, առաջիկա 3 տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է:

«Զուգահեռ՝ ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որ մենք համոզված լինենք, որ ոչ թե ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ ըստ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է: Հաջորդ խնդիրը. գիտաշխատողներն իրենք որոշակի ֆինանսական հնարավորություններ ստանում են ոչ միայն բազային աշխատավարձով, այլև թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են: Եթե սա հաշվի ենք առնում, Հայաստանում գիտաշխատողի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- նշեց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ սա կարևոր քայլ է դեպի գիտալիքահեն տնտեսության հիմնում:

«Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նրան, որ կրթական համակարգը ծառայի տնտեսությանը: Այս տարի հասցրել ենք 18 ասպիրանտական տեղի պատվեր ստանալ մասնավոր հատվածից: Այսինքն՝ բիզնեսը տվել է իր թեմատիկ առաջադրանքներն ու փողը, որ կրթական համակարգը պատրաստի այն կադրերին, որոնք իրեն պետք են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել